«Ամուլսարը» տեղ է զբաղեցնելու Հայաստանի խոշորագույն հարկատուների եռյակում

09.02.2012 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Դեկտեմբերին տեղեկացանք, որ Lydian International ընկերությունը, որին պատկանում է “Գեոթիմ” ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95%-ը, արժանացել է Mining Journal ամսագրի “Նշանակալի ձեռքբերում” մրցանակին` Հայաստանի հարավում տեղակայված Ամուլսար ոսկու հանքավայրում կատարված աշխատանքների համար:

Մենք զրուցել ենք “Գեոթիմ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի եւ Կովկասում Lydian International-ի գլխավոր մենեջեր Ներսես Կարամանուկյանի հետ` խնդրելով նրանց մանրամասնել նախագծի էությունը:


- Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է հիմնադրվել Գեոթիմ ՓԲԸ-ն:


Հայկ Ալոյան - Գեոթիմ ՓԲԸ –ն հիմնադրվել 2005թ հոկտեմբերին` Թիմ Քոֆլինի եւ իմ կողմից:   

- Ձեր կայքում ասված է, որ Գեոթիմը “լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարը”: Պատմեք մի փոքր այն մասին, թե ինչպե՞ս է հայտնաբերվել Ամուլսարի ոսկու հանքավայրը եւ ի՞նչ է այն իրենից ներկայացնում:


Հայկ Ալոյան - Ամուլսարը միակ հանքավայրն է, որը Հայաստանի տարածքում հայտնաբերվել է ԽՍՀՄ փլուզումից հետո:

Այն հայտնաբերվել է բրիտանացի երկրաբան Թիմ Քոֆլինի կողմից եւ հանդիսանում է միակ բարձր սուլֆիդային հանքավայրը  Հայաստանում: Հայնքավայրը գտնվում է Հայաստանն Իրանին կապող մայրուղուց ոչ շատ հեռու, ու երեւի սա է պատճառը, որ այն չէր հայտնաբերվել ավելի վաղ` տարեկան հարյուրավոր երկրաբաններ են ճամփորդել այդ մայրուղով, չմտածելով անգամ, որ դրա անմիջական հարեւանությամբ կարող է հանքավայր լինել:

Սա առաջին ու միակ դեպքն է, երբ հայ երիտասարդ երկրաբանները` ծանոթանալով միջազգային երկրաբանահետախուզական աշխատանքի ոճին, ուսումնասիրել ու հետախուզել են հանքավայրը եւ ապագայում կշահագործեն այն:

- Գեոթիմի բաժնետոմսերի 95%-ը պատկանում են Lydian International ընկերությանը: Պատմեք այդ ընկերության մասին: Բացի Հայաստանից ո՞ր երկրներում է այն գործունեություն ծավալում:


Ներսես Կարամանուկյան - Lydian International-ը հիմնադրվել է 2005 թվականին մի խումբ հետախուզող երկրաբանների կողմից` ընկերության հիմնադիր նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Թիմ Քոֆլինի նախաձեռնությամբ:

Ունենալով երկրաբանական հետախուզման ավելի քան 20-ամյա փորձ եւ աշխատելով հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն ընկերություններում, Թիմը որոշեց հիմնել մի ընկերություն, որը կուսումնասիրի զարգացող երկրների նոր եւ դեռեւս չուսումնասիրված հեռանկարային հնարավոր հանքավայրերը: Սկզբնական շրջանում այն զբաղվել է աշխարհահռչակ ընկերությունների համար հանքային հետախուզական ծրագրերի իրագործմամբ եւ նոր շուկաների ուսումնասիրմամբ: Այդպիսի ընկերություններից մեկի պատվերով էլ նա 2005 թ. եկել էր Հայաստան` նախնական հետազոտություններ կատարելու համար:

Այսօր ընկերությունը լայնածավալ  հետախուզական աշխատանքներ է ծավալել Հայաստանում եւ Վրաստանում, ապագայում հնարավոր է մուտքը նաեւ ԱՊՀ այլ երկրներ:

\"\"
Ներսես Կարամանուկյան (Լուսանկարը` անձնական արխիվից)

- Lydian-ի բաժնետերերի թվում են նաեւ խոշոր միջազգային ֆինանսական ինստիտուտներ` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան: Որքա՞ն է կազմում նրանց մասնաբաժինը: Որո՞նք են այս բաժնետերերի հիմնական ակնկալիքները Հայաստանում իրականացվող նախագծից:


Ներսես Կարամանուկյան
- Համաշխարհային Բանկի Խմբի անդամ՝ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (ՄՖԿ) Լիդիանի խոշորագույն բաժնետերն է 16,5% բաժնեմասով, եւ իր առաջին ներդրումը ընկերությունում կատարել է դեռեւս 2007 թվականին:

2008 թ. հունվարից Լիդիանը ցուցակված է Տորոնտոյի բորսային հարթակում, որը մասնագիտացված է հանքարդյունաբերության ճյուղի ձեռնարկությունների ցուցակման ոլորտում:

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) բաժնետեր է դարձել 2009 թ. եւ աստիճանաբար մեծացնելով իր բաժնեմասը` այսօր ունի 7,5%, եւ երրորդն է բաժնետերերի ցուցակում:

ՄՖԿ-ն եւ ՎԶԵԲ-ը ներդրումներ են կատարում բացառապես պատասխանատու, թափանցիկ եւ զարգացման կայուն հեռանկարներ ունեցող ընկերություններում: Նրանք ակնկալում են, որ Լիդիանը իր ծրագրի իրագործման ընթացքում կապավինի բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվության բարձրագույն ստանդարտներին եւ թափանցիկ կլինի բոլորի համար` Հայաստանում կյանքի կոչելով մի ծրագիր, որը օրինակելի կլինի ու խթան կդառնա այլ օտարերկրյա ներդրողներին Հայաստան ներգրավելու համար:  
 
Լիդիանը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը գտնվում են բաց վաճառքում: Ցանկության դեպքում Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է գնել մեր բաժնետոմսերը ու դառնալ ընկերության համասեփականատեր:

- Որքա՞ն ներդրում է արել ընկերությունը Հայաստանում եւ որքա՞ն դեռ պետք է իրականացվի:

Հայկ Ալոյան
- Ընկերությունը 2006 թվականից առ այսօր երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար Հայաստանում ներդրել է ավելի քան $30 մլն:

Այս տարի նախատեսում ենք ներդնել $ 52 մլն` հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներ, Ճանապարհների կառուցում, ենթակառուցվածքի զարգացում եւ այլն:

- Այսօր Հայաստանում թափ է առնում լայնածավալ բնապահպանական շարժում: Թռչկանի ու Թեղուտի մասին խոսում են անգամ նրանք, ովքեր չեն պատկերացնում դրանց տեղը քարտեզի վրա: Այս պայմաններում հանքարդյունաբերությամբ զբաղվելը որոշակի խիզախություն է պահանջում, քանի որ կա մի ալիք, որն առհասարակ դեմ է հանքարդյունաբերության զարգացմանը Հայաստանում:

Ներսես Կարամանուկյան - Ինչպես արդեն նշեցի, ՄՖԿ-ն եւ ՎԶԵԲ-ը ֆինանսական ոլորտում բնապահպանական եւ սոցիալական ստանդարտների ներդրման առաջամարտիկներն են: Աշխարհի եւ Հայաստանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստացել այս ֆինանսական կառույցներից, կարող են փաստել, որ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում, այլեւ նույնիսկ մանրածախ առեւտրի կազմակերպումով զբաղվող բիզնեսներին ֆինանսավորելիս այս կազմակերպությունները պարտադրում են բնապահպանական խիստ չափանիշների ներդրում եւ պահպանում:

Կարող եք պատկերացնել` թե ինչպիսի բարձր բնապահպանական նշաձող է դրված մեր ընկերության առջեւ: Դրանով է պայմանավորված, որ այսօր մեր ընկերության հայաստանյան 30 հիմնական աշխատակիցներից  9-ը զբաղված են բնապահպանական եւ սոցիալական ոլորտի աշխատանքներով:

Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման համար ոլորտի հեղինակավոր, 150-ամյա փորձ ունեցող ընկերության հետ կնքել ենք համագործակցության պայմանագիր, եւ արդեն երկու տարի կատարվում են ուսումնասիրություններ եւ մշակվում է միջազգային բարձրագույն ստանդարտներին համապատասխանող նախագիծ:

Հայկ Ալոյան
- Հանքարդյունաբերության արտադրանքը կազմում է Հայաստանի արտահանման 60 տոկոսը: «Ամուլսարը» տեղ է զբաղեցնելու Հայաստանի խոշորագույն հարկատուների եռյակում: «Ամուլսարի» նախագծի ճիշտ եւ պատասխանատու իրականացումը թույլ կտա նոր ստանդարտներ սահմանել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, դրամական հոսքեր ապահովել հանրապետության համար եւ բարենպաստ միջավայր ստեղծել արտասահմանյան ներդրումների համար:

\"\"
Հայկ Ալոյան (Լուսանկարը` անձնական արխիվից)

Ինչ վերաբերում է բնապահպանական շարժմանը, ապա խնդիրն այն է, որ շատերը խառնում են 21-րդ դարի հանքարդյունահանումը խորհրդային տարիների հանքարդյունահանման հետ: Այսօրվա տեխնոլոգիաները եւ բնապահպանական միջոցառումները թույլ են տալիս հանքի շահագործումը իրականացնել բնության վրա նվազագույն ազդեցությամբ:

- Խնդրում եմ, ներկայացրեք այդ տեխնոլոգիաների առանձնահատկությունը` հասարակ քաղաքացու համար պարզ լեզվով:

Ներսես Կարամանուկյան - Լիդիանի աշխատակիցների եւ մասնագիտացված 4 խորհրդատվական ընկերությունների ջանքերով կազմվել է հանքի շահագործման այնպիսի ծրագիր, որը նվազագույնի է հասցրել բնությանը եւ շրջակա միջավայրին հասցվող հնարավոր բացասական ազդեցությունը: 

Ստեղծվում է փակ ցիկլ, որի ներսում ամեն ինչ կառավարվում է` օդին հասցվող վնասը (փոշին), աղմուկը, պայթուցիկների օգտագործումից առաջացած ցնցումները, տեսանելիությունը բնակավայրերից եւ բանուկ ճանապարհներից: Ամենակարեւորը՝ ծրագիրը բացառում է մակերեւութային եւ ստորգետնյա ջրերի վրա ազդեցությունը:

Ամուլսարի հանքավայրը վերամշակվելու է կույտային տարալվացման մեթոդով, որը չի նախատեսում վերամշակման պոչեր եւ պոչամբարներ:

Մեր կատարած բոլոր ուսումնասիրությունների հաշվետվությունները հասանելի են մեր կայքում` www.geoteam.am:   

- Ինչպիսի՞ն են ընկերության փոխհարաբերությունները տեղի բնակչության հետ: Այսօր ակտիվ քննարկվող թեմաներից է նաեւ Քաջարան գյուղը, որի բնակիչները` գյուղապետի գլխավորությամբ, դեմ են հանքի արդյունահանմանը իրենց գյուղի հողերի հաշվին:

Հայկ Ալոյան - Ամուլսարի շրջակայքում ազդակիր համայնքներն են Գորհայքը (5.5կմ), Սարավանը (5,0կմ), Գնդեւազը (9կմ):  Մեր հետախուզման առաջին իսկ օրերից, չունենալով որեւէ շահույթ, ընկերությունը իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր: Նշեմ դրանցից մի քանիսը: Օրինակ՝ նշված համայնքներում կան երիտասարդներ, ովքեր ուզում են սովորել ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետում եւ Ճարտարագիտական համալսարանի լեռնային ֆակուլտետում: Այս երիտասարդներն իրենց ապագան կապում են հանքի հետ եւ մենք ֆինանսավորում ենք նրանց ուսումը բուհերում:

Համայնքների բուժկետերին տրամադրել ենք սարքավորումներ, վերանորոգում ենք գյուղերում ներքին ոռոգման ցանցերը, վերանորոգել ենք Գնդեւազի մանկապարտեզը, գազիֆիկացման համաֆինանսավորում ենք իրականացրել Սարավանում, աջակցում ենք նոր ձեռնարկությունների բացմանը: Օրինակ, Գնդեւազում կա կարի արտադրամաս, եւ մենք հանդիսանում ենք դրա խոշոր պատվիրատուն` մեզ համար պատրաստում են պարկեր:

Այս երեք համայնքներից ունենք ընդհանուր առմամբ 150 աշխատողներ, որոնց նվազագույն աշխատավարձն է 130 000 դրամ: Կարող եմ ասել, որ մեր աշխատանքով փոխում ենք մարդկանց մտածելակերպը եւ վերաբերմունքը կյանքի նկատմամբ, կոտրելով կարծրատիպն այն մասին, որ մարզերում հնարավոր չէ ունենալ նորմալ վարձատրվող աշխատանք:

- Ցանկացած հանք ունի իր «կյանքի» տեւողությունը: Ի՞նչ է լինելու Ամուլսարում նրանից հետո, երբ դուք կավարտեք ոսկու արդյունահանումը: Խոսքը երկու խնդրի մասին է` բնապահպանական եւ սոցիալական:

Հայկ Ալոյան - «Ամուլսարի» հանքը շահագործվելու է 15 տարի: Լիդիանի գործունեությունը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման վրա, նույնիսկ հանքի եւ արտադրության, համաշխարհային լավագույն փորձի կիրառմամբ, կոնսերվացումից հետո: Ընկերությունը նման պարտավորություն է վերցրել իր վրա եւ այժմ հարակից համայնքների հետ քննարկում է համագործակցության հեռանկարները:

Մենք օժանդակություն ենք առաջարկել Ջերմուկ քաղաքին` զբոսաշրջության զարգացման մի շարք ծրագրերի իրականացման գործում: Այդ ծրագրերը զուգահեռաբար կիրագործվեն հանքի շահագործման ընթացքում, ինչը թույլ կտա ավարտել դրանք մինչեւ հանքի փակումը եւ փակումից հետո ապահովել տուրիստական բիզնեսի ավելի բարձր մակարդակ: Սա կարելի է համարել ներդրում Ջերմուկի եւ հարակից համայնքների տնտեսության զարգացման մեջ:

Դիտում՝ 16406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW