Աննա Օսիպյան. Վերահսկողության ծառայությունը բանկի կառուցվածքում՝ աջակցություն, հենարան, վստահություն

25.06.2025 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բանկերը հանրությանը հիմնականում ներկայանում են ղեկավար անձանցով՝ խորհրդի նախագահներ, գործադիր տնօրեններ, իսկ թիմի մի կարեւոր մաս հաճախ մնում է «ստվերում»: Banks.am-ն այսուհետ ներկայացնելու է բանկերի առանցքային, բայց ետնաբեմում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի շնորհիվ բանկերը տպավորիչ ցուցանիշներ են գրանցում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Վերահսկողության (compliance) ծառայության ղեկավար Աննա Օսիպյանը հատուկ նախագծի այս հոդվածում կիսվել է ծառայության հիմնական գործառույթների մասին իր տեսլականով, ինչպես նաեւ պատմել է բանկի այլ ստորաբաժանումների հետ արդյունավետ հաղորդակցության լավագույն փորձի մասին։

Վերահսկողության ծառայությունը՝ բանկի բոլոր ստորաբաժանումների հենարան եւ գործընկեր

Վերահսկողության ծառայությունը ապահովում է բանկի գործունեության համապատասխանությունը օրենսդրական, նորմատիվ եւ ներքին իրավական պահանջներին։ Այլ կերպ ասած՝ բանկի ներքին փաստաթղթերն ու իրավական ակտերը պետք է համապատասխանեն օրենքներով եւ այլ նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին։ Մեր առաքելությունն է ապահովել այս ամենը, կանխել խախտումները եւ նվազեցնել համապատասխանության ռիսկերը։

Աննա Օսիպյանը

Վերահսկողության ծառայությունը բազմաֆունկցիոնալ կառույց է ոչ միայն բանկային համակարգում, այլեւ՝ այլ ոլորտներում։ Սակայն բանկերում այն առավել համալիր է, քանի որ անհրաժեշտ է համապատասխանել ինչպես ներքին պահանջներին՝ այս դեպքում ՀՀ Կենտրոնական բանկի, այնպես էլ՝ միջազգային ստանդարտներին։ Այս համատեքստում ՎՏԲ-Հայաստան Բանկի առանձնահատկությունն այն է, որ մենք հավատարիմ ենք նաեւ ՎՏԲ խմբի պահանջներին եւ ստանդարտներին, որոնք կարգավորում են բանկի գործունեության բոլոր ուղղությունները՝ ապահովելով միասնական մոտեցում կայուն զարգացմանը։ Վերահսկողության ծառայությունը անկախ ստորաբաժանում է, սակայն մենք սերտ համագործակցում ենք բանկի բոլոր ստորաբաժանումների հետ։ Այս համագործակցության շրջանակում մենք տրամադրում ենք խորհրդատվություն, աջակցում ենք գործընկերներին բիզնես ռազմավարության իրականացման ընթացքում ծագող խնդիրների լուծման հարցում։ Այս համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա, ինչը թույլ է տալիս մեզ համատեղ ջանքերով արդյունավետ իրականացնել մեր գործառույթները եւ հասնել բարձր արդյունքների։

Մոտիվացիան՝ աշխատանքի ռիթմ եւ դինամիկա

Վերահսկողության ծառայության ոլորտը արագ զարգացող, դինամիկ բնույթ ունի, ինչն արդեն հանդիսանում է ինձ համար ուժեղ մոտիվացիա։ Այս աշխատանքը խթանում է շարունակական մասնագիտական զարգացումը, քանի որ պահանջում է անընդհատ ուսուցում եւ այդ գիտելիքների կիրառություն բանկային պրակտիկայում։ Ինձ ոգեշնչում է այս արագ ռիթմը․ հանգիստ, չափավոր աշխատանքը պարզապես ինձ համար չէ (ժպտում է

Ի դեպ, մասնագիտական գործունեությունս սկսել եմ փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում (AML)։ Իսկ 2014թ․-ից սկսած, հաշվի առնելով օրենսդրական պահանջները եւ խմբի ներսում գործող ստանդարտները, անհրաժեշտ դարձավ Վերահսկողության ծառայության ներդրումը, ինչը նոր փուլ հանդիսացավ իմ մասնագիտական աճի մեջ։ 

Վերահսկողության ոլորտում աշխատող մասնագետի մասնագիտական գործունեության կարեւոր առանձնահատկություններից մեկն ամբողջական մոտեցման անհրաժեշտությունն է. բացի բանկային գործընթացների իմացությունից՝ կարեւոր է նաեւ կողմնորոշվել կորպորատիվ էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի կարգավորման եւ ներքին վերահսկողության հարցերում։

Լինել համբերատար, ազնիվ եւ հաստատակամ 

Մեր ոլորտում աշխատող մասնագետը պետք է լինի համբերատար, ազնիվ եւ հաստատակամ։ Ինչպես արդեն նշեցի, ծառայությունը համագործակցում է բանկի բոլոր ստորաբաժանումների հետ։ Սա պահանջում է համբերություն, հաղորդակցվելու կարողություն, ինչպես նաեւ հետեւողականություն՝ նպատակներին հասնելու գործում։ Երբ որեւէ բաժին ներկայացնում է նոր նախագիծ կամ պրոդուկտ, մենք հաճախ հանդես ենք գալիս մեր դիտարկումներով։ Այդպիսի պահերին հատկապես կարեւոր են հետեւողականությունը եւ պահանջների էությունը հստակ ներկայացնելու կարողությունը, որպեսզի գործընկերները հասկանան դրանց կարեւորությունը բանկի համար եւ կարողանան համատեղ գտնել այնպիսի լուծում, որը միաժամանակ կբավարարի ինչպես բիզնեսի, այնպես էլ վերահսկողության պահանջները:

Աննա Օսիպյանը

Մենք ձգտում ենք լինել ոչ միայն վերահսկող մարմին, այլեւ վստահելի գործընկեր եւ խորհրդատու բոլոր բիզնես-պրոցեսների ընթացքում։ Մեր նպատակը՝ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ աշխատակիցներն իրենց զգում են վստահ եւ անկաշկանդ։ Եթե որեւէ բաժնում առաջանում է խնդիր, կարեւոր է, որ աշխատակիցն անձամբ դիմի մեզ՝ խորհրդատվության կամ աջակցության համար։ Բաց հաղորդակցությունն ու վստահությունը արդյունավետ համագործակցության եւ բանկի ռիսկերի նվազեցման հիմնասյուներն են։

Հաճախ ենք լսում շնորհակալության խոսքեր մեր գործընկերներից ընթացիկ նախագծերի ավարտին, քանի որ, ըստ էության, մենք օգնում ենք խուսափել ռիսկերից եւ մեր համատեղ աշխատանքը դարձնում ենք ավելի վստահելի եւ ապահով։

Թվայնացումը պահանջում է մարդկանց պատասխանատվություն

Վերահսկողության ծառայության աշխատանքում առանցքային նշանակություն ունի տվյալների հիման վրա վերլուծությունը, վիճակագրությունն ու բիզնես-գործընթացների խորքային ընկալումը։ Չնայած դրան՝ մեր գործունեության բազմաթիվ ուղղություններ շարունակաբար պահանջում են փորձագիտական գնահատում եւ չեն ենթարկվում ամբողջական ավտոմատացման։ Ուստի, թվայնացման ազդեցությունը մեր աշխատանքում առավելապես դրսեւորվում է վերլուծական գործառույթների աջակցման եւ հզորացման ձեւով։ Մենք ակտիվորեն կիրառում ենք թվային գործիքներ, մասնավորապես՝ օրենսդրական փոփոխությունների մոնիթորինգի, զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումների վերլուծության, ինչպես նաեւ հաճախորդների դիմումներն ու բողոքները մշակելու նպատակով։

Աննա Օսիպյանը

Խորապես համոզված եմ, որ թվայնացումը մեր օրերում անհրաժեշտ պայման է բանկային համակարգի կայուն զարգացման համար։ Մեր ոլորտում, սակայն, դա բավարար չէ։ Վերահսկողության ծառայության աշխատանքում թվային լուծումներն ընդամենն օժանդակ գործիքներ են, իսկ իրական արժեքն ստեղծում է մարդկային գործոնը։

Միայն մարդն է կարողանում կայացնել կշռադատված որոշումներ եւ նկատել այն ռիսկերը, որոնք ալգորիթմները կարող են շրջանցել կամ չճանաչել։ Ահա թե ինչու թվայնացումն առանց մարդկային մասնակցության ի զորու չէ լիարժեք գործելու։

Կարդացեք նաեւ՝

Տաթեւիկ Մարգարյան. Ֆինանսական տրամաբանությունը թվերի հետ երկխոսության մշակույթն է

Արտեմ Ղուկասյան. HR ոլորտը բաց է ոչ միայն հումանիտարների համար

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 10873
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW