Բանկերը հանրությանը հիմնականում ներկայանում են ղեկավար անձանցով՝ խորհրդի նախագահներ, գործադիր տնօրեններ, հաճախորդներին սպասարկող մասնագետներով, իսկ թիմի մի կարեւոր մաս հաճախ մնում է «ստվերում»: Banks.am-ն այսուհետ ներկայացնելու է բանկերի առանցքային, բայց ետնաբեմում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի շնորհիվ բանկերը տպավորիչ ցուցանիշներ են գրանցում:ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Ֆինանսական վարչության պետ Տաթեւիկ Մարգարյանը հատուկ նախագծի այս հոդվածում պատմել է ֆինանսական վարչության դերի, թվերի հետ աշխատանքի եւ աշխատանք/անձնական կյանք բալանսը պահել կարողանալու մասին: «Ֆինանսական հոսքերը Բանկի արյունատար համակարգն են» Բանկային համակարգում մասնագիտական գործունեությունս սկսել եմ ուսանողական տարիներից: Ֆինանսական կազմակերպություններով եւ դրանց առօրյայով միշտ եմ հետաքրքրվել, սիրում էի դիտել ֆիլմեր կազմակերպությունների կառավարման, ստեղծման մասին եւ թե ինչպես են մասնագետներն աճ ունենում այդ կազմակերպություններում: Հետո ավելի լուրջ սկսեցի ուսումնասիրել ֆինանսները: Այդպես էլ խորացավ հետաքրքրությունս կազմակերպություններում թվերի հետ աշխատանքի եւ վերջնական արդյունքի վրա դրանց ազդեցության նկատմամբ: Հենց այսպես էլ ընտրեցի մասնագիտությունս: Տաթեւիկ Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ֆինանսական հոսքերը բանկի արյունատար համակարգն են, իսկ ֆինանսական վարչությունն՝ այն բժիշկը, որը վերահսկում է դրանց շրջանառությունը, գնահատում ընդհանուր վիճակը եւ, անհրաժեշտության դեպքում, առաջարկում «առողջացման» համապատասխան լուծումներ։Բանկի Ֆինանսական վարչության աշխատանքն ունի իր երեւացող եւ չերեւացող կողմերը: Երեւացողը՝ ֆինանսական ցուցանիշների հետ աշխատանքն է, ռազմավարության մշակումը, բյուջեի կազմումը, ծախսերի վերահսկողությունը եւ գնումների պլանավորումը: Սակայն, ոչ պակաս կարեւոր են չերեւացող կողմերը՝ թիմի ներսում փոխհարաբերությունները, արդյունավետ հաղորդակցության ստեղծումը եւ թիմակիցների հետ աշխատանքը, առանց որի ֆինանսական առաջադրանքների հաջող իրականացումն անհնար է: «Թվերն աշխատանքը դարձնում են տեսանելի»Բանկի ֆինանսական դեպարտամենտը բիզնեսի եւ ներքին ստորաբաժանումների միջեւ արբիտրի դեր է կատարում: Նրա հիմնական խնդիրներից մեկը՝ իրականացված նախագծերը, վերլուծությունների արդյունքները բիզնես-ցուցանիշներում տեսանելի դարձնելն է: Այսինքն, եթե կարճ ձեւակերպենք՝ մեր ներկայացրած թվերը բանկի աշխատանքը դարձնում են տեսանելի: Այս տվյալների հիման վրա են բանկում որոշումներ կայացվում, իսկ դրանց ճիշտ ներկայացումն ու ճշգրտության վերահսկումը մեր հիմնական գործառույթն է:Ֆինանսական վարչության վերլուծական, վերահսկողական գործառույթները, ճիշտ համադրությունները, թվերի լեզուն ճիշտ հասկանալը եւ վերծանելը ակնհայտ երեւում են բանկի ցուցանիշներում:Ֆինանսական վարչության աշխատանքն անմիջական ազդեցություն է ունենում բանկի ներդրումային նախագծերի ռազմավարության, ընթացիկ բյուջեի եւ դրա ծախսային պլանի մշակման, գնումների պլանի եւ դրա պրոցեսի վրա, պրոդուկտների ձեւավորման եւ բանկի եկամտաբերության նորմերի պահպանման վրա: Այսինքն՝ այս ամենի շղթայական ցիկլի կարեւոր բաղկացուցիչ է ֆինանսական վարչության կարծիքը:«Թվերը ձանձրալի չեն լինի, եթե սովորես խոսել դրանց հետ» Բանկում ամեն ստորաբաժանում խոսում է իր լեզվով․ HR-ն օգտագործում է իր լեզուն, IT-ին՝ իր, իսկ Ֆինանսական վարչությունը, բնականաբար, խոսում է թվերի լեզվով։ Սակայն, միշտ խնդիր է առաջանում այդ լեզուն թարգմանել ավելի հասկանալի, ընկալելի տարբերակի: Հենց այստեղ էլ մեզ օգնության են հասնում տեխնոլոգիական նորարարությունները: Եթե ոչ հեռու անցյալում ֆինանսների ոլորտում կարեւոր էին հաշվապահական ճշգրտությունը, կանոնակարգերի եւ ստանդարտների համապատասխանությունը, ապա հիմա շեշտադրվում է տվյալների մշակման արագությունը եւ դրանք ավելի մատչելի ներկայացնելու արվեստը: Հենց այս նպատակով էլ ներդնում ենք նոր տեխնոլոգիական լուծումներ, ստեղծում ենք տվյալների բազաներ, անում վիզուալիզացիաներ՝ հեռանալով նեղ մասնագիտական աղյուսակներից, որ ոչ ֆինանսական վերլուծաբանը կարողանա ճիշտ մեկնաբանել ներկայացված տեղեկատվությունը: Տաթեւիկ Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Թվերի հետ աշխատանքն ինձ չի ձանձրացնում, այստեղ եւս օգնության են գալիս վիզուալիզացիաները, երբ թվերին նայում ենք գրաֆիկների, «ծառերի», նույնիսկ «տորթերի» տեսքով (ծիծաղում է, խմբ.):Թվերը ձանձրալի չեն լինի, եթե սովորես խոսել դրանց հետ: Բանկային համակարգում եկամուտը գոյանում է տարբեր բաղկացուցիչներից: «Թվերի հետ խաղը» նշանակում է հասկանալ, թե որ բաղադրիչն ինչ պոտենցիալ ունի, թե որ գործոնի փոփոխությունը կազդի եկամուտի վերջնական ցուցանիշի վրա եւ կբերի նպատակի իրականացմանը: «Կարեւոր է մատնանշել նույնիսկ փոքր ձեռքբերումները»Քո երազած թիմն ունենալու համար նախ պետք է ինքդ համապատասխանես քո երազած ղեկավարի կերպարին: Հետեւաբար՝ դա զուգահեռ աշխատանք է ե՛ւ ինքդ քեզ հետ, ե՛ւ թիմի: Թիմի հետ պետք է անդադար աշխատել, ոգեւորել, շատ կարեւոր է մատնանշել նույնիսկ փոքր ձեռքբերումները, պահպանել առողջ մթնոլորտն ու մրցակցությունը: Կարեւոր է աշխատակիցներին հնարավորություն տալ՝ տեսնելու իրենց սովորածի եւ թիմային ձեռքբերումների գործնական արդյունքը: Աշխատակիցներին՝ բացի իրենց հիմնական գործառույթներից, պետք է ներկայացնել նաեւ ամբողջ բիզնես-գործընթացը, որի մի մասը իրենք են կազմում: Աշխատակիցը, զգալով իրեն ոչ թե կետային գործառույթ կատարող, այլ ամբողջ բիզնես համակարգի մասնիկ, հասկանում է իր ներդրումը եւ իր աշխատանքի արդյունքները: «Արդյունավետությունը գալիս է ոչ թե շատ, այլ՝ ճիշտ կազմակերպված աշխատելուց»Տարիների փորձից հասկացել եմ, որ արդյունավետությունը չի գալիս շատ աշխատելուց, այլ՝ ճիշտ կազմակերպված աշխատելուց: Դրա վրա հիմնականում ազդում է ժամանակի ճիշտ կառավարումը եւ անձնական ու մասնագիտական կյանքի միջեւ հստակ սահմաններ դնելը: Տաթեւիկ Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Աշխատանքային օրվա ավարտից հետո կարեւոր է վերականգնվելու, դրական էմոցիաներ եւ ոգեշնչում ստանալու ժամանակ ունենալ՝ հաջորդ օրը նոր ուժերով աշխատանքի վերադառնալու համար: Այս մոտեցումն ինձ օգնում է ոչ միայն ինքնարտահայտվել, այլեւ հասնել իմ անձնական նպատակներին։ Այս բալանսն է, որ ինձ ուժ է տալիս, որպեսզի ամեն օր վերադառնամ աշխատանքի, օրս սկսեմ աշխատասենյակի ծաղիկները ջրելով, այնուհետեւ ֆինանսական հոսքերի վերաբերյալ հրատապ հարցերի լուծմանն անցնելով, որոնց սպասեցնել չենք կարող:Կարդացեք նաեւ.Արտեմ Ղուկասյան. HR ոլորտը բաց է ոչ միայն հումանիտարների համարԱրփի ՋիլավյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 12241