Բանկերը հանրությանը հիմնականում ներկայանում են իրենց ղեկավար անձանցով՝ խորհրդի նախագահներ, գործադիր տնօրեններ, իսկ թիմի մի կարեւոր մաս հաճախ մնում է «ստվերում»: Banks.am-ը ներկայացնում է բանկերի առանցքային, բայց ետնաբեմում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի շնորհիվ բանկերը տպավորիչ ցուցանիշներ են գրանցում:ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Արտեմ Ղուկասյանը հատուկ նախագծի այս հոդվածում պատմել է բանկային համակարգում HR-ի աշխատանքի ռազմավարական նշանակության, նոր աշխատակիցներ ընտրելու եւ այլ հետաքրքիր առանձնահատկությունների մասին:«Կողմ եմ՝ HR-ի աշխատանքում տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելուն»Մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ, բայց աշխատանքային գործունեությունս սկսել եմ բանկային համակարգի անձնակազմի կառավարման ոլորտում: Դա պատահական եղավ. նոր էի ավարտել համալսարանը եւ արձագանքում էի տարբեր թափուր աշխատատեղերի։ Արդյունքում ինձ հրավիրեցին աշխատելու Հայաստանի բանկերից մեկի մարդկային ռեսուրսների բաժնում։ Նույն հաջողությամբ կարող էին հրավիրել ֆինանսական բաժին, եւ այդ դեպքում գուցե դառնայի ֆինանսիստ (ծիծաղում է,-խմբ․)։ Արտեմ Ղուկասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ըստ իս, մեր ոլորտի նկատմամբ թյուր կարծիք կա, թե HR-ը պարտադիր պետք է լինի հոգեբան, սոցիոլոգ կամ հումանիտար ուղղվածության այլ մասնագետ: Կարծում եմ՝ դա այդպես չէ: Ժամանակակից HR-ի մեջ համադրվում են հումանիտար մոտեցումները եւ ճշգրիտ վերլուծական մեթոդները։ Մեր փորձը հաստատում է դա․ հաջողակ HR մասնագետը, առաջին հերթին, ռազմավար է եւ վերլուծաբան, ով կարող է աշխատել տվյալների հետ եւ ընդունել հիմնավորված որոշումներ։ Այսօր գրեթե ամեն ինչ հնարավոր է չափել, եւ այդ պատճառով իմ աշխատանքում փորձում եմ առաջնորդվել հենց այս սկզբունքով։ Բանկային ոլորտում HR մենեջմենթն առանձնահատուկ ռազմավարական դեր ունի։ Մասնագետները ապահովում են ընկերության նպատակներին հասնելը մարդկային ռեսուրսների համալիր կառավարման միջոցով, որը ներառում է ոչ միայն մասնագիտական ընտրությունը եւ աշխատակիցների ադապտացիան, այլեւ խթանման արդյունավետ համակարգերի մշակումը, աշխատանքի արդյունավետության օբյեկտիվ գնահատումը եւ աշխատակիցների զարգացման ծրագրերի իրականացման գործընթացը։«Կարեւոր է հասկանալ՝ ով է քո առջեւ»Նոր աշխատակիցների ընտրության փուլում շատ կարեւոր է կարողանալ բացահայտել թեկնածուի իրական ներուժը: Հաճախ լինում են թեկնածուներ՝ շատ վառ արտահայտված «presentation skill»-երով, այն դեպքում, երբ մյուսները, հնարավոր է՝ լինելով ավելի կոմպետենտ, մնում են ստվերում բնական համեստության կամ ինտրովերտության պատճառով: Այս գործընթացը կարելի է համեմատել լրագրության հետ, երբ լրագրողն իր վարպետությամբ, ճիշտ հարցերով պետք է կարողանա բացահայտել զրուցակցին: Արտեմ Ղուկասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Շատ կարեւոր է հասկանալ՝ ով է քո առջեւ, ինչ ներուժ ունի: Ինձ թվում է՝ սա փորձի հետ եկող հմտություն է։ Բացի հմտություններից եւ գիտելիքներից կարեւոր է հասկանալ, թե ինչպես թեկնածուն կազդի տվյալ թիմի մթնոլորտի վրա: Իմ խորին համոզմամբ, լավ ներքին մթնոլորտով թիմը միշտ ավելի լավ արդյունքների կհասնի, քանի վատ մթնոլորտով, բայց հմտություններով գերազանցող թիմը:«Բանկերն այսօր դառնում են ֆինտեխ ընկերություններ»Ինձ թվում է, մեր երիտասարդության մոտ դեռ կա այն կարծրատիպը, թե բանկն, ամեն դեպքում, հին եւ կոնսերվատիվ աշխատավայր է: Իրականում՝ դա ամենեւին այդպես չէ: Բանկերն այսօր փաստացի դառնում են ֆինտեխ ընկերություններ։ Եթե դու թվայնացման հետեւից չես հասցնում, ապա՝ հետ ես ընկնում:ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատողներին այս ուղղությամբ զարգացնելու համար, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն մասնակից լինել բանկային գործընթացներին, այլ նաեւ հասկանալ, թե ինչպես դրանք կարելի է օպտիմալացնել։ Բայց, կարծում եմ, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելը մասնագիտական պարտավորությունների մի մասն է: Արտեմ Ղուկասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Անկախ նրանից, թե որ ստորաբաժանումում ես աշխատում՝ HR-ում, մարքեթինգում, թե մասնաճյուղի աշխատակից ես, տեսություն եւ օրենսդրություն իմանալը բանկային աշխատակցի պրոֆեսիոնալիզմի անբաժան մաս է: Ցանկացած աշխատակից պետք է պատկերացնի, թե բանկն ինչպես է գործում, որ բաժինն ինչի համար է պատասխանատու, գործընթացներն ինչպես են ընթանում եւ ինքն այդ համակարգի ու պրոցեսների մեջ որտեղ է գտնվում: Նման համակարգված մոտեցումը թույլ է տալիս աշխատակիցներին գիտակցել իրենց դերը ընդհանուր բիզնես-պրոցեսներում եւ բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը բոլոր մակարդակների վրա։Աշխատանք-անձնական կյանք բալանսըԻնչ վերաբերում է աշխատանք-անձնական կյանք բալանսի պահպանմանը, ապա դա պարզապես ցանկություն չէ, այլ՝ անհրաժեշտություն: Ամենակարեւորը, որ ժամանակ լինի ոչ միայն մասնագիտական գործունեության, այլ նաեւ հանգստի, ընտանիքի, հոբբիների եւ առողջության մասին հոգալու համար։ Սա առավելապես ակտուալ է Generation Z սերնդի ներկայացուցիչների համար, որոնք ներկայումս շատ թափուր աշխատատեղերի հիմնական թեկնածուներն են։ Նրանց համար «Work-Life Balance» հասկացության մեջ հիմնական շեշտը դրվում է «life»-ի վրա։ Եթե ավելի մեծ սերնդի համար հիմնական արժեքը կայունությունն է եւ մշտական եկամուտը, նույնիսկ եթե այն մի փոքր ցածր է շուկայականից, ապա «Z սերնդի» համար ամենակարեւորը ոչ թե կայունությունն ու աշխատավարձն են, այլ աշխատանքի հետաքրքրությունն ու աշխատանքային գործընթացի որակը։ Այս սերնդի համար նաեւ շատ կարեւոր է անձնական տարածքը. նրանք գնահատում են, երբ 18:00-ից հետո իրենց աշխատանքային հարցերով չեն անհանգստացնում։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք պահպանել բանկում այս մոտեցումը․ չենք պահանջում նրանցից աշխատել աշխատաժամերից ավել եւ զանգում ենք աշխատանքային օրվա ավարտից հետո միայն իսկապես կարեւոր հարցերի դեպքում:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 10304