Թաքնված պետական պարտքի խնդիրը պետք է լուծվի
16.04.2024 | 10:14
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ REUTERS




COVID-19-ի համաճարակ, զարգացած տնտեսություններում տոկոսադրույքների բարձրացումներ... վերջին մի քանի տարիների իրադարձությունների պատճառով զարգացող բազում տնտեսություններ խնդիրներ ունեն պարտքերը մարելու հետ: Բայց խնդիրը գուցե նույնիսկ ավելի մեծ է, քան աշխարհը գիտակցում է, քանի որ շատ պետական պարտքեր թաքնված են, չբացահայտված կամ անթափանց: Այս պատճառով քաղաքականություն մշակողներն ու ներդրողները չեն կարողանում տեղեկացված որոշումներ կայացնել:
Ցածր եկամուտ ունեցող որոշ երկրներ սկսել են բացահայտել իրենց պարտքերը. պարտքի հաշվետվությունների նոր քարտեզը ցույց է տալիս բացահայտման աճ՝ 2021-ի 60%-ից մինչեւ այսօրվա 80%-ը: Բայց որոշ երկրներ հետընթաց են ապրել, եւ դեռեւս զգալի բացեր եւ թույլ կողմեր կան: Օրինակ՝ տեղեկատվությունը կարող է բավականին արագ կամ մանրամասն չհրապարակվել, երկրները կարող են բացահայտել միայն կենտրոնական կառավարության պարտքերը՝ անտեսելով այլ պետական եւ պետության կողմից երաշխավորված պարտավորությունները:
Վերցնենք ներքին պարտքը. ցածր եկամուտ ունեցող բազմաթիվ երկրներ, որոնք մուտք չունեն ֆինանսական շուկաներ, իրենց ֆինանսավորման կարիքները բավարարելու համար դիմել են պարտատոմսերի թողարկմանը՝ հաճախ առանց այդ գործիքների մասին հայտնելու: Նմանապես, արժույթի փոխանակման անթափանց ուղիներն օգտագործվում են մեծ պարտք ունեցող վարկառուներին աջակցելու համար: Ցածր եկամտով երկրներում պետպարտքի թափանցիկության վերաբերյալ Համաշխարհային բանկի 2021-ի համապարփակ զեկույցը կանխատեսել էր այս երկու միտումները:
Պարտքի թափանցիկության խթանումը պահանջում է գործողություն երեք հիմնական ոլորտներում: Նախ, պետք է բարելավել պետպարտքը գրանցող եւ կառավարող ծրագրային ապահովումը: Ինչպես անհատներն են օգտագործում առցանց բանկային ծառայությունները՝ անձնական ֆինանսները կառավարելու համար, այնպես էլ կառավարությունները ապավինում են մասնագիտացված համակարգչային ծրագրերին՝ իրենց պարտքային պորտֆելները կառավարելու համար:
Բայց եթե առաջադեմ տնտեսությունները ստեղծում են սեփական համակարգերը (հիմնականում որպես ինտեգրված տեղեկատվա-տեխնոլոգիական լուծման մի մաս), որը կառավարում է բյուջետային, հաշվապահական եւ գանձապետական գործընթացները, ցածր եկամտով երկրների մեծ մասն ապավինում է միջազգային հանրության կողմից սուբսիդավորվող «պատրաստի» ծրագրերին: Դրանք հաճախ անբավարար են երկրների՝ ավելի ու ավելի բարդ պարտքային պորտֆելների հետ գործ ունենալու համար, էլ չխոսենք պարտքի համապարփակ, ժամանակին հաշվետվության մասին:
Սա հատկապես ակնհայտ դարձավ, երբ ներդրվեց G20-ի «Պարտքի կարգավորման ընդհանուր շրջանակից դուրս պարտքի սպասարկման կասեցում» նախաձեռնությունը : Այն կիրառած չորս երկրների՝ Չադի, Եթովպիայի, Գանայի եւ Զամբիայի պարտքային գրառումները երբեմն թերի էին եւ հաճախ ոչ ճշգրիտ: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ եղավ Excel աղյուսակները մեկ առ մեկ համապատասխանեցնել. ամիսներ տեւող գործընթաց, որը զգալիորեն հետաձգեց կարգավորման բանակցությունները:
Մենք խորհուրդ ենք տալիս ստեղծել աշխատանքային խումբ՝ պարտքերի կառավարման ավելի լավ համակարգեր նախագծելու համար: Բոլոր հիմնական ծառայություններ մատուցողներին ներգրավելով՝ աշխատանքային խմբի անդամները պետք է ստանդարտացնեն պարտքի սահմանման եւ հաշվարկման մեթոդները եւ ստեղծեն օգտատիրոջ համար հարմար ՏՏ լուծումներ: Այդ կերպ երկրի իշխանությունները կարող են կենտրոնանալ պարտքի վերլուծության եւ կառավարման վրա, այլ ոչ թե զբաղվեն խճճված տվյալների մուտքագրումով եւ կարգավորումով:
Նոր ծրագրաշարը կարող է թույլ տալ նաեւ վարկատուներին վարկերի տրամադրման եւ վճարումների վերաբերյալ գրանցում կատարել, ինչպես առաջարկում է UNCTAD-ի 2023-ի Առեւտրի եւ զարգացման զեկույցը: Այդ կերպ հնարավոր կլինի իրական ժամանակում ստեղծել ՀԲ Միջազգային պարտքի վիճակագրություն եւ այլ վիճակագրական հաշվետվություններ՝ հիմնված վավերացված տվյալների վրա:
Պարտքի թափանցիկության համար անհրաժեշտ երկրորդ կարեւոր գործիքը պետական վարկառուների համար խրախուսական միջոցների ստեղծումն է, որպեսզի նրանք բացահայտեն իրենց պարտքերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Սրա համար անհրաժեշտ են պարտքի թափանցիկության նախաձեռնությունները խթանող ազգային իրավական դաշտի բարեփոխումներ եւ բազմակողմ կազմակերպությունների ջանքեր:
ՀԲ Կայուն զարգացման ֆինանսական քաղաքականությունն արդեն ներառում է պարտքերի բացահայտման խթաններ ցածր եւ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների համար, որոնք աջակցություն են ստանում Միջազգային զարգացման ասոցիացիայից: Այդպիսով բարելավվել է ավելի քան 40 ցածր եկամուտ ունեցող երկրների պարտքի հաշվետվությունն ու մարումը:
Պարտքի վերակառուցումը նույնպես հնարավորություններ է ընձեռում նման խթանների համար։ Պարտքի կառավարման անհրաժեշտ եւ հաճախ դժվարին գործընթացը կարող է օգտագործվել չմարված պարտքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար, ինչպես Զամբիայի դեպքում: Այն նաեւ հնարավորություն է տալիս երկրներին ամեն ինչ ջնջել եւ զրոյից սկսել իրենց պարտքի գրառումները: Պարտքի դուրսգրման չափանիշները կարող են ներառել նվազագույն թափանցիկության պահանջներ՝ խրախուսելու տվյալների տրամադրումը մինչեւ պարտքի մարման համար ամբողջական օգնություն ստանալը:
Երրորդ ոլորտը, որտեղ առաջընթաց է անհրաժեշտ, պարտատերերի կողմից բարելավված հաշվետվություններն են: Պաշտոնական երկկողմանի վարկավորման թափանցիկությունը հեշտացնելու համար վարկատու երկրները պետք է հետեւեն G20-ի Կայուն ֆինանսավորման գործառնական ուղեցույցների առաջարկություններին, ինչպիսիք են տվյալների հավաքագրման բարելավումը եւ նոր եւ առկա վարկերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների հրապարակումը:
Երկկողմանի պարտատերերը պետք է հրապարակայնորեն բացահայտեն ինչպես չմարված պարտքերը, այնպես էլ արտաքին ազդեցության հիմնական պայմանները՝ ներառյալ ուղղակի վարկերը, երաշխիքները եւ Արտահանման վարկային գործակալության ապահովագրությունը: ԱՄՆ գանձապետարանի վարկ առ վարկ պահոցը լավ մոդել է պարտատերերի համար, որոնք ուզում են ավելի թափանցիկ դարձնել իրենց պորտֆելները: Այս նպատակով պարտատերերը պետք է խուսափեն նոր վարկային համաձայնագրերում գաղտնիության դրույթներ ներառելուց, ինչպես 2022-ին պնդում էր ՀԲ-ն:
Ցածր եկամտով երկրների առջեւ ծառացած պարտքի մարտահրավերներից պարտքի թափանցիկությունն այն խնդիրն է, որտեղ հնարավոր է կոնկրետ եւ իմաստալի առաջընթաց գրանցել: Հաջողության համար անհրաժեշտ է գործնական ու տեխնիկական լուծումների համադրություն եւ շահագրգիռ բոլոր կողմերի լիարժեք համագործակցություն:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
|
![]() |
Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Վերջին լուրեր
22.04.2025 | 16:59 Նորություններ
22.04.2025 | 10:58 Նորություններ
Երեւանում տեղի է ունեցել FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը
22.04.2025 | 10:01 Նորություններ
Կոնվերս Բանկը CCF-ում է՝ նոր հնարավորություններով ու անակնկալներով
21.04.2025 | 17:51 Նորություններ
Նաիրի Ինշուրանսը եւ Ուզբեկինվեստը՝ ռազմավարական գործընկերներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: