Յունիբանկի աջակցությամբ Երեւանում անցկացվել է FINTECH360 միջազգային համաժողովը: Այս տարի Հայաստան էր ժամանել ավելի քան 300 մասնակից, այդ թվում՝ բանկերի, վճարային եւ դրամական փոխանցումների համակարգերի ներկայացուցիչներ, խոշոր ՏՏ ընկերությունների եւ ստարտափների ղեկավարներ։Նախորդ տարիների համեմատ՝ մասնակիցների թիվն աճել է գրեթե 1,5 անգամ:Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։«FINTECH360-ը հիանալի հնարավորություն է առաջատար փորձագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման խնդիրները, ինչպես նաեւ ֆինանսական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը»,- նշել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:«Թվային դարաշրջանը բերում է ոչ միայն հնարավորություններ, այլեւ՝ պատասխանատվություն։ Մենք կանգնած ենք մի երկխոսության միջեւ՝ տեխնոլոգիաների ու անվտանգության, արագության ու վստահելիության, ստեղծարարության ու կարգավորման։ Եվ որքան էլ այդ երկխոսությունը բարդ լինի, այն պետք է կայանա խորությամբ, պատասխանատվությամբ եւ ապագայի տեսլականով։ FINTECH360 միջազգային կոնֆերանսը եւ նմանօրինակ ֆորմատով անցկացվող այլ հանդիպումներ վստահաբար կարող են դառնալ այդ երկխոսության կայացման հարթակ՝ միավորելով ոլորտի առաջատարներին ու մասնագետներին»,- նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանն ասել է, որ հատկապես հաճելի՝ վերջին 3 տարին համաժողովն անցկացվում է Երեւանում: Մինչ այդ FINTECH360-ը հյուրընկալել են Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Էստոնիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ: Նշվում է, որ այս տարվա համաժողովն առանձնանում է ներգրավվածության ռեկորդային ցուցանիշով։ Ավելի քան 40 խոսնակ երկու օր շարունակ քննարկել են ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները։ Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին AI-հավելվածները ֆինանսական ծառայություններում, բլոկչեյն, կրիպտոարժույթ, DeFi եւ թվային ակտիվներ, միջազգային դրամական փոխանցումների եւ վճարային համակարգերի զարգացում, ինչպես է աճող հիպերանձնավորումը ձեւափոխում հաճախորդների փորձը, FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում եւ կապիտալի շուկայում, ապահովագրական շուկայի թվայնացում:FINTECH360-ին մասնակցել են փորձագետներ 20 երկրից՝ Հայաստան, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Վրաստան, Ղազախստան, Կիպրոս, Ղրղըզստան, Լատվիա, Մոլդովա, Մոնղոլիա, ԱՄԷ, Ռուսաստան, Սինգապուր, Տաջիկստան, Ուզբեկստան, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա եւ Ճապոնիա։Հագեցված պանելային քննարկումներից հետո FINTECH360-ի մասնակիցներին ներկայացվել է Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Հյուրերը նաեւ ծանոթացել են հայկական գորգագործության պատմությանն ու գորգերի արարման ընթացքին, մասնակցեցին հայկական տարազներով ֆոտոսեսիային: Tweet Դիտում՝ 1449