Դավիթ Երեմյան. Աշխատանքն է չկոտրվելու եւ թեւաթափ չլինելու միակ ձեւն ու միջոցը

30.12.2023 | 09:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Չնայած մարտահրավերներին ու ճգնաժամերին, հայաստանյան ընկերությունները չեն դադարում աշխատել եւ մասշտաբային նախագծեր իրականացնել՝ հանուն երկրի եւ տնտեսության հզորացման։

Գյուղատնտեսության ներդրումային խոշորագույն ծրագրից մինչեւ 2024-ի հավակնոտ նպատակներ. «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ամփոփում է անցնող 2023 թվականը։

2023-ը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ճիշտ ուղու վրա ենք

Այս տարին, ինչպես վերջին մի քանի տարիները, մեզ համար անդառնալի կորուստների, ամենաբարդ մարտահրավերների ու ճգնաժամերի տարի էր։ Գիտեք, յուրաքանչյուր կորստից հետո, թվում է, որ կյանքն այլեւս նույնը չի լինի։ Յուրաքանչյուր անգամ ավելի ու ավելի բարդ է դառնում ոտքի կանգնելը։ Բայց մենք դեռ 2020-ից հետո ենք գիտակցել, որ աշխատանքն է չկոտրվելու եւ թեւաթափ չլինելու միակ ձեւն ու միջոցը։

Ճգնաժամերը, իհարկե, դժվարացնում են մեր կանխատեսումներն ու պլանավորման գործընթացը, բայց քանի որ ունենք երազանք, նպատակ, մենք ոտքի ենք կանգնում եւ շարժվում առաջ՝ մեր նպատակի հետեւից։ Ամեն անգամ մենք կրկին համոզվում ենք, որ  դեռեւս 2006 թվականից սկսած, մենք ճիշտ նպատակներ ենք սահմանել, առաջնորդվել ենք ճիշտ ուղղությամբ, ճիշտ արժեքներով ու սկզբունքներով։ Մենք մեզ համար մի կարեւոր ու հստակ դիրքորոշում ենք ամրագրել՝ աշխատել ու աշխատել. բազմապատիկ անգամ շատ, շատ ավելի նվիրված ու ավելի եռանդով։ Ո՛չ ինձ համար՝ որպես գործարարի, ո՛չ «Երեմյան Փրոջեքթսի» թիմի համար բիզնես հաջողությունները երբեք ինքնանպատակ չեն եղել. մեր նպատակն է եղել մեր երկրին պիտանի լինելը, մեր հայրենակիցների համար մնայուն արժեքներ ստեղծելը, կարեւոր փոփոխություններ բերելը։

Վերջին շրջանի դեպքերից հետո ուժ գտնելը բարդ էր բոլորիս համար, ինձ համար՝ առավել եւս։ Բայց հենց մեր թիմի թեւ ու թիկունք լինելու, նույն սիրով ու նվիրվածությամբ աշխատելու պատրաստակամության շնորհիվ մենք շարունակեցինք գործել։

2023-ը բուռն աշխատանքային տարի եղավ «Երեմյան Փրոջեքթսի» համար։ Մենք ավելի կենտրոնացած էինք մեր ֆերմերային տնտեսության վրա՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում ամբողջ տարին շինարարական ակտիվ աշխատանքներ էին ընթանում։ Հոկտեմբերին պաշտոնապես գործարկեցինք ներդրումային խոշոր նախագծով կառուցված մեր անասնապահական համալիրը, որն իր տեսակով առաջինն ու եզակին է Հայաստանում։ Բացի իր մասշտաբները՝ ֆերման առանձնահատուկ է նրանով, որ այն մեր երկրի համար շատ կարեւոր օղակի՝ պարենային անվտանգության ապահովմանն է ուղղված։ Այս ծավալի ներդրումներն աննախադեպ էին ոչ միայն մեր ընկերության, այլեւ Հայաստանի անասնապահության ոլորտի համար։ Եվ ես այս նախագիծն ինձ համար անձնապես պատվի հարց եմ համարել։


14 ամիս շարունակ մեր թիմն անդադար աշխատել է, եւ հենց այդ նվիրված ու պատասխանատու աշխատանքն է տվել այն հսկայածավալ արդյունքները, որոնցով այսօր հպարտանում ենք. 32 հեկտարի վրա շուրջ 70 հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել՝ տավարաբուծական եւ խոզաբուծական ֆերմաներ, գերժամանակակից ավտոմատ կթարան, կերաղաց եւ կերախառնուրդի պահեստ, սպանդանոց, համալիրը սպասարկող այլ ենթակառուցվածքներ։ Այս պահին ակտիվ աշխատում ենք Երեւանի «Արցախ» գործարանի վերակառուցման եւ վերազինման ուղղությամբ, որտեղ շինարարությունն արդեն ավարտվել է, եւ կատարվում են տեխնիկայի ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ։ 2024-ի հունվարին, երբ արդեն գործարանը եւս պատրաստ կլինի, մենք կարող ենք խոսել այս ներդրումային ծրագրի հերթական փուլի հաջող գործարկման եւ նախագծի ամբողջությամբ կատարման մասին։

Այս ծրագիրը մեծ պարտավորություն էր հենց նախագծի կողմերի առջեւ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը եւ HSBC բանկը մեզ վստահեցին եւ մինչեւ վերջ մեր կողքին եղան։ Ու կրկին շնորհիվ թիմի եւ մեր տեսլականն ու նպատակները կիսող գործընկերների՝ մենք պատվով իրականացրինք մեր առջեւ դրված խնդիրը, եւ այս մեգանախագիծն իրականություն դարձավ։

Նոր մակարդակի գյուղատնտեսություն եւ ֆերմերային տնտեսվարում զարգացնելը գերակա սկզբունքներից է

Մենք մեր գյուղատնտեսական գործունեության առաջին իսկ օրվանից հանրային իրազեկման արշավներ ենք իրականացնում, նպատակ ունենք ցույց տալու, թե որն է լավագույնն ու որակյալը։ Մեր հասարակությունում սպառողները երկար ժամանակ չունեին բարձրակարգ ու բնական կաթ եւ կաթնամթերք ընտրելու հնարավորություն։ Եվ մենք մեր գործունեությամբ, մեր արտադրանքով փորձեցինք ձեւավորել կաթի սպառման նոր մշակույթ։ Սկսել ենք դպրոցներից, քանի որ հիմա երեխաներն ու երիտասարդներն են առավել հաճախ օգտագործում առողջության համար ոչ օգտակար ըմպելիքներ։ Սպառողական վարք ու մշակույթ փոխելու մեր նպատակը կիսում է նաեւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ-ն), ու մենք այս կարեւոր նախաձեռնության շուրջ գործընկերներ դարձանք. միասին մեկնարկել ենք «Կաթ դպրոցներին» ծրագիրը։


Փորձնական փուլում ներգրավել ենք Վայոց ձորի մարզի երկու դպրոց, որոնց 5-8-րդ դասարանների շուրջ 350 աշակերտ տարվա ընթացքում առավոտյան ստացել է մեկ բաժակ կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։ Ուղիղ 1 տարի հետո՝ ծրագրի ավարտին, ՊՀԾ-ն գնահատել է երեխաների վարքագծային փոփոխությունները, եւ ասեմ, որ արդյունքները բավականին տպավորիչ են. երեխաներն իրենք են փաստել, որ օրը մեկ բաժակ թարմ ու անարատ կաթով սկսելն օգնում է կենտրոնացմանը, երեխաներն ավելի առույգ են, ակտիվ։ Կաթի համաշխարհային օրվան ընդառաջ եւս մեկ գեղեցիկ ու կարեւոր միջոցառում կազմակերպեցինք։ Seasons այգում հազարավոր հյուրեր մեկ ժամվա ընթացքում 4800 բաժակ կաթ խմեցին։ «Շա՜տ կաթը շա՜տ սեր է» կարգախոսով միջոցառումը շա՜տ սիրվեց մեր քաղաքի բնակիչների, հյուրերի, զբոսաշրջիկների կողմից։

Կաթի սպառման նոր մշակույթ ձեւավորելու մեր ռազմավարությունը շարունակում ենք

Գիտակցելով հանրությանն իրազեկելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը՝ մենք այս տարի «Երեմյան Փրոդաքթսը» վերաբրենդավորեցինք, որի նպատակն էր մեր սպառողներին ցույց տալ, թե ինչպես է ստացվել կաթնամթերքը, ինչ ճանապարհ է անցել մինչեւ սեղանին հասնելը։ Սպառողը պետք է իմանա, թե ինչու ընտրել հենց այդ արտադրանքը, ինչին ուշադրություն դարձնել առաջին հերթին։ Այսօր մենք արտադրում ենք ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխանող «Ա» կարգի կաթ:


Որակյալ կաթ արտադրելու, մատակարարելու եւ սպառելու մեր ռազմավարությունը շարունակական է լինելու։

Մենք շատ լավ գիտենք, որ այս տարիների ընթացքում մեր գործունեությունը, ձեւավորած մշակույթն ու ներդրած մոդելները մեր երկրի իմիջի համար նշանակալի դեր ունեն։ Հայաստանում սպասարկումն ու հյուրընկալությունն այսօր այն մակարդակի վրա են, որ դարձել են զբոսաշրջիկների համար կարեւոր ցուցիչ։

Խոհարարության եւ հյուրընկալության ոլորտում այս տարվա մեր նպատակն էր ամրապնդել մեր կազմակերպության դիրքերն ու ձեռքբերումները։ Այստեղ էլ ակտիվ աշխատանքի տարի ենք ունեցել. մեր 17 ռեստորաններում սպասարկել ենք շուրջ 1.500.000 հյուր, 702.000-ից ավելի զբոսաշրջիկ։ Շուրջ մեկ տասնյակ մեծ միջոցառումների շրջանակում 29 000-ից ավելի մարդ ենք սպասարկել։ Մենք ջանք չենք խնայել, որ մեր բոլոր հյուրերը, տեղացիներն ու զբոսաշրջիկները լինեն տպավորված։

Այս տարի խոշոր հարկատուների ցանկում արդեն 138-րդն ենք եղել, եւ դա մեզ համար կարեւոր ցուցիչ է։

Հաջորդ տարին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության համար՝ իր բոլոր նախագծերով, լինելու է աշխատանքային լրջագույն գործընթացների տարի։ Ռեստորանային ոլորտում ավելի շատ կենտրոնանալու ենք վերադասավորումների, ներքին կառավարման սկզբունքների, կառավարման ավտոմատացված համակարգի եւ մոդելների ներդրման վրա, ինչը հնարավորություն կտա ակտիվ զարգացնել ոլորտը։ Կարեւոր հիմք ունենք, բայց դեռ կան անելիքներ բոլոր փոխկապակցված օղակների համակարգված եւ անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Գործընթացը մեկնարկել ենք եւ նախատեսում ենք հաջողությամբ ավարտել 2024-ին։ Հավակնոտ նպատակներ կան, ինչպես եւ եղել են մշտապես։ Շարունակելու ենք աշխատել նույն ոգով, նոր նպատակներով ու երազանքներով։

Գիտե՞ք, այս բոլոր հաջողությունները, ձեռքբերումներն ու նվաճումները, որոնց մասին խոսում ենք, չտեսնված ու ֆանտաստիկ արդյունքները, որոնցով հպարտանում ենք, բոլորը մեր թիմի, մեր տեսակի մարդկանց շնորհիվ է։ Մեր տեսակը մարտահրավերները բաց ճակատով ընդունողն ու հաղթահարողն է, մեր տեսակը դժվարությունների ժամանակ համախմբվողն ու պայքարողն է, մեր տեսակը հայրենանվեր, պատասխանատու, մեր արժեքները կիսող ու դրանով առաջնորդվող տեսակն է։

Թիմն այս տարի արել է անհնարինը

Թիմ, որն ամեն անգամ զարմացնում, ուժ տալիս եւ ոգեշնչում է ավելի ու ավելի։ Հենց այդ մարդիկ են այն ազդակը, որ ոչ մի դժվարության առջեւ կանգ առնել չի կարելի, որովհետեւ միասին մեզ համար հաղթահարելի է ամեն բան։

Սեպտեմբերին, Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո հենց այդ թիմն արագ կողմնորոշվեց, համախմբվեց ու սկսեց առաջին օգնության ծրագրեր իրականացնել։ Նախեւառաջ, մենք այստեղ սիրով ու ջերմությամբ դիմավորեցինք Արցախում աշխատող մեր թիմակիցներին, նրանց ապահովեցինք կացարաններով, այնուհետեւ սկսեցինք զբաղվել մեր ընկերությունում աշխատանքով ապահովելու գործով։ Յուրաքանչյուրի հետ առանձին հարցազրույցներ ենք իրականացրել, փորձել հասկանալ, թե որ բաժիններում եւ ուղղություններով կարող են ներգրավվել ընկերությունում։ Կարճ ժամանակում մեր հայրենակիցները վերապատրաստվեցին եւ անցան աշխատանքի։


«Երեմյան Ակադեմիայում» հարյուրավոր արցախցիներ խոհարարության եւ հրուշակագործության անվճար դասընթացների են մասնակցել, նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ զբաղվածության խնդիր լուծելու համար։ Այս պահին «Երեմյան Փրոջեքթսում» Արցախից բռնի տեղահանված  ավելի քան 180 աշխատակից ունենք։

Նախորդ տարի խոսում էինք գրեթե 2000 թիմակցի մասին, այսօր արդեն հպարտորեն կարող ենք ասել, որ նրանք 2217 են։ Միայն Լոռու մարզում 90 աշխատատեղ ենք ստեղծել, եւ նախագծի ավարտին թվերն ավելանալու են։  200-ից ավել աշխատակից տարբեր բաժիններից ունեցել են առաջխաղացումներ, կարիերային աճ։

Աշխատանքը սկսվում է երազանքից, մնայունը ստեղծելու արդար նպատակից

Նույնիսկ ամենադժվարին ժամանակներում, անկախ ամեն ինչից, մենք 17 տարի շարունակ չենք շեղվել մեր որդեգրած քաղաքականությունից՝ ստեղծել արժեքներ, զարգացնել երկիր, տնտեսություն, ոլորտներ, օգտակար լինել հանրությանը, ներկայանալի դարձնել հայկական բիզնես մոդելներն ու ռազմավարությունները։ Եվ շարունակելու ենք այդպես գործել։
Դիտում՝ 5914
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW