“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի /ՁԻՀ/ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հարցազրույցը “Մեդիամաքս” գործակալությանը## եւ Banks.am պորտալին- Օրերս ստորագրվել է համաձայնագիր Հայկական պետական ճարտագիտական համալսարանում SUN Microsystems-ի ուսումնական լաբորատորիայի ստեղծման վերաբերյալ: SUN-ը հայտնի է որպես կորպորացիա, որն ակտիվորեն իր արտադրությունն է ծավալում տարբեր երկրներում: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ այդ երկրներից մեկը: - SUN Microsystems-ն իր գործունեությունը ծավալում է ծրագրավորման, համակարգչային բաղադրամասերի եւ, վերջին 2 տարիներին, սուպերհամակարգիչների արտադրության ուղղությամբ: Կորպորացիան պլանավորում է Հայաստանում նախնական ուսումնասիրություն կատարել, որից հետո որոշում կայացնել արտադրական կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Հայաստանի երեք բուհերում` Երեւանի պետական, ճարտարագիտական եւ Սլավոնական համալսարաններում արդեն ստեղծվել կամ ստեղծվում են SUN-ի ուսումնական լաբորատորիաներ: Այժմ քննարկվում է Հայաստանի ամերիկյան համալսարանում եւ Գյումրիում SUN-ի լաբորատորիաների ստեղծման հարցը: Բացի այդ, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամում կհիմնվի SUN-ի ծրագրավորման ու ատեստավորման լաբորատորիա: Անհրաժեշտ սարքավորումներն արդեն հասել են Հայաստան, եւ առաջիկա ամիսներին լաբորատորիան կսկսի գործել: Այս ամենի նպատակն է բարձրակարգ կադրեր պատրաստել եւ աջակցել տեղական ընկերություններին: - Ինչպիսի՞ IT արտադրանք է այսօր տալիս Հայաստանը: - Նշեմ մի քանի տեղական ընկերություններ, որոնք տալիս են համաշխարհային նշանակության IT արտադրանք. մեծ կարեւորություն ունեն AIT Systems ընկերության ծրագրային փաթեթներն էլեկտրոնային կառավարման ոլորտում, Sourcio ընկերության արտադրանքն էլեկտրոնային առողջապահության, ինչպես նաև web-միջավայրի մոնիտորինգի ոլորտում, ֆինանսական ոլորտում հայտնի է NATC ընկերությունը` որպես EDRAM էլեկտրոնային վճարման համագարգի հեղինակ: Ընդհանրապես, վերջին 3 տարիների ընթացքում հայկական մի շարք IT ընկերություններ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել սեփական արտադրանքի ձեւավորմանը: Նախկինում հիմնական խնդիրն այդ արտադրանքի շուկա հանելն էր, սակայն մեր հիմնադրամի` Կանադայում եւ Ավստրիայում ներկայացուցչությունների ստեղծումը հայկական IT ապրանքատեսակները արտահանելու լուրջ խթան հանդիսացավ: Հայաստանում գործող արտասահմանյան IT ընկերութունները կատարում են դրսի պատվերները, սակայն եթե նրանց գործունեությանը ավելի ուշադիր դիտենք, ապա կտեսնենք, որ նրանք զբաղված են արտադրատեսակների ձեւավորմամբ: Հարկ է նշել, որ ամերիկյան National Instruments-ի մի շարք կարեւոր արտադրատեսակներ ստեղծվում են հենց Հայաստանում: Կարծում եմ, որ այս ոլորտում Հայաստանում գործող այլ արտասահմանյան ընկերությունները, օրինակ, Virage-ը կամ Synopsys-ը նույնպես ունեն Հայաստանում ստեղծվող արժեք: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանումը, եթե չհաշվենք արտասահմանյան ընկերությունները, գերազանցում է $10 մլն: Հայաստանի IT ոլորտի ընդհանուր շրջանառությունն այսօր, մեր հաշվարկներով, արդեն գերազանցում է $200 մլն-ը: Խնդիրն այն է, որ շատ դժվար է տեսնել սահմանը, թե ինչն է ստեղծվել այստեղ, եւ ինչը` դրսում: - Հայաստանում կա՞ արդյոք ավարտուն տեղական ծրագրային արտադրանք: - Նման արտադրանք Հայաստանում կա: Դրանք մասնավորապես Sourcio, NATC-ի, AIT Systems և այլ ընկերությունների արտադրանքն է : NATC-ի արտադրանքը օգտագործվում է Կանադայում, AIT-ի արտադրանքը` Հնդկաստանում եւ ԱՄՆ-ում, Sourcio-ինը` ԱՄՆ-ում և Ավստրիայում: Բացի այդ, կան նաեւ ֆինանսական ոլորտի արտադրատեսակներ, որոնք կրկին ամբողջապես պատրաստվում են Հայաստանում եւ օգտագործվում են տեղում: Խոսքը ոչ միայն բանկային ծրագրերի մասին է, այլեւ հաշվապահական: Այստեղ խնդիրը ոչ թե IT արտադրանքի բացակայությունն է, այլ հայկական IT ընկերություններին` արտադրանք ստեղծելու աջակցության բացակայությունը: Բացի այդ, արդեն պատրաստի IT արտադրանքը Հայաստանում շատ դժվար է վաճառել: - Ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը Հայաստանի IT ոլորտը խթանելու ուղղությամբ: Հայտնի է, որ ՁԻՀ-ն մրցույթ է անցկացնում IT ոլոտում լավագույն բիզնես նախագծերն ի հայտ բերելու ուղղությամբ: Պատմեք, խնդրում եմ, այդ նախագծի մասին: - Հայաստանի IT ոլորտի հաջողությունները հիմնականում մասնավոր հատվածի շնորհիվ են: Կառավարության մասնակցությունը կա, բայց դեռ բավարար չի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի կառավարության միակ եւ հաջողված ծրագիրը հենց “Ձեռնարկությունների ինկուբատորն” է, որն, ի դեպ, մեծ ազդեցություն ունեցավ IT ոլորտի զարգացման վրա: Վերջին տարիների ընթացքում նկատվում է կառավարության ձգտումը հասկանալու, թե ինչով պետությունը կարող է աջակցել ոլորտին: Վերջին կարեւոր քայլերից մեկը կառավարության նոր հայեցակարգն է, ինչպես նաեւ այն փաստը, որ առաջին անգամ Հայաստանի բյուջեում առանձին տողով նշվեց IT ոլորտը: Անհրաժեշտ է մեծացնել պետության ու IT ոլորտի համագործակցությունը: Մասնավոր հատվածը պետական աջակցության մեծ կարիքն ունի: Մեր գործարար ծրագրերով մենք փորձում ենք խթանել համագործակցությունը հետազոտական աշխատանք կատարող թիմերի եւ մասնավոր կազմակերպությունների միջև: Առաջինները կարող են առաջարկել տեխնոլոգիական լուծումներ կամ գաղափարներ, մենք փորձում ենք նպաստել, որպեսզի մասնավոր հատվածը փորձի դրանք օգտագործել, ինչը միանշանակ կնպաստի թե իրենց բիզնեսի զարգացմանը, թե արդյունավետության բարձրացմանը: Ցավոք, ոչ IT ոլորտի մասնավոր հատվածի եւ գիտահետազոտական թիմերի միջեւ երկխոսություն դեռ չկա, ու մեր հիմնական նպատակն է խրախուսել նման համագործակցությունը: - Հայտնի է, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ներթափանցումը տնտեսության տարբեր ճյուղեր բավականին թույլ է: Որտե՞ղ արդեն կարելի է արձանագրել հաջողություն, եւ ո՞ր ոլորտներում դեռ ոչինչ արված չէ այս ուղղությամբ: - Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումն ընդհանուր առմամբ շատ ցածր մակարդակի վրա է: Մեր երկրի բնակչությունը գրեթե չի օգտագործում համակարգիչ ու ինտերնետ իր առօրյա խնդիրները լուծելու համար: 10 տոկոսն ուղղակի խայտառակ թիվ է: Հայաստանի կառավարությունում համակարգչի օգտագործման մակարդակը նույնպես բավական ցածր է: Տեղեկատվական տեխնոլոգիաներ ասելով` ես նկատի ումեն ոչ թե համակարգչում ֆայլերի հավաքագրումը, այլ այն լուծումների օգտագործումը, որոնք նպաստում են կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը: - Հայաստանում, չնայած ոլորտի հաջողություններին, դեռ տեղեկատվական հասարակություն չի ձեւավորվել: Համակարգչի օգտագործմամբ մեր երկիրն աշխարհում զբաղեցնում է 106-րդ տեղը: Ինչպե՞ս, Ձեր կարծիքով, լուծել այս խնդիրը: - Անհրաժեշտ է ակտիվ օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության ոլորտում` սկսած դպրոցական եւ ավարտած բուհական մակարդակով: Մյուս կարեւոր խնդիրը “Համակարգիչ բոլորի համար” ծրագրի իրականացումն է, երբ պետության միջամտությամբ ստեղծվում են պայմաններ, որպեսզի ցանկացած քաղաքացի հնարավորություն ունենա համակարգիչ գնելու եւ օգտագործելու: Մյուս կարեւոր հանգամանքներից է կառավարման ոլորտում ՏՏ ներդնումը, երբ ստեղծվում են միայն էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայություններ կամ զուտ էլեկտրոնային հարթակներ, որոնք խթանում են տեղեկատվական հասարակության ձեւավորումը: - Հայտնի է, որ ՁԻՀ-ը նաեւ IT ոլորտի մենեջերներ է պատրաստում: Ինչպիսի՞ կրթական ծրագրեր եք այսօր իրականացնում: - Մասնավոր հատվածի ընկերությունների հետ մենք պարբերաբար անց ենք կացնում կարճաժամկետ մասնագիտական դասընթացներ, օրինակ` ծրագրավորման լեզուների ուսուցում, ինչպես նաեւ կառավարմանն ուղղված Project Management դասընթացներ: Ամեն ամիս անց ենք կացնում 1-2 դասընթաց: Բացի այդ մենք համագործակցում ենք բուհերի հետ, փորձելով աջակցել IT ոլորտի մասնագիտությունների ձեւավորմանը: - Ունե՞ք արդյոք Գյումրիի տեխնապարկի հետ կապված նախագծեր: - Այդ տեխնոպարկը գտնվում է ձեւավորման փուլում: Ներկայումս մրցույթ է հայտարարված, որի ընթացքում կհրավիրվեն արտասահմանյան փորձագետ եւ տեղացի մասնագետների թիմ, որոնք պետք է մինչեւ տարվա վերջ ներկայացնեն տեխնոպարկի բիզնես ծրագիրը եւ կոնկրետ գործողությունների պլանը: Մինչ այդ մենք փործում ենք Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակներում անցկացնել մի շարք “թռիչքային” ծրագրեր` նվիրված եռաչափ մոդելավորմանը, եւ բացել այնտեղ SUN-ի լաբորատորիա: Գյումրիի տեխնոպարկը IT-ից բացի ունենալու է նաեւ մի քանի այլ ուղղություններ, սակայն կարծում եմ, որ տեխնոպարկի լուրջ հաջողությունները կլինեն հենց IT ոլորտում: - Ինչպե՞ս եք գնահատում IT-ի կիրառումը Հայաստանի ֆինանսական ոլորտում: - Ֆինանսական համակարգում IT օգտագործումը մնացած ոլորտների հետ համեմատ բավականաչափ բարձր մակարդակի վրա է, սակայն ես նկատել եմ, որ այսօր շատ բանկեր ունեն իրենց սեփական IT թիմերը, մինչդեռ ամբողջ աշխարհում նմանատիպ ծառայությունները սովորաբար պատվիրում են մասնագիտացված ընկերություններին: Այն փաստը, որ դիտելով հայկական բանկերի թափուր աշխատատեղերը, ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում IT ոլորտի մասնագետների պահանջարկ, վկայում է նաեւ այն մասին, որ IT ոլորտում քիչ են այն ընկերությունները, որոնք կարող են բանկերին տրամադրել անհրաժեշտ բոլոր ծառայությունները, իսկ բանկերն իրենց հերթին գիտակցում են, որ առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման չեն կարող մրցունակ լինել: Այստեղ կարեւոր է Կենտրոնական բանկի դերը, որը պահանջում է բանկերից համապատասխանել որոշակի ստանդարտների: Կարծում եմ, ներկայիս իրավիճակը կամաց-կամաց կփոխվի: Կստեղծվեն ընկերություններ, որոնք այդ գործը բանկերի համար կանեն ավելի էժան ու ավելի որակյալ, ու բանկերն արդեն ստիպված չեն լինի իրենց ներսում IT անձնակազմ պատրաստել: -Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հեռահաղորդակցական ընկերությունների և IT ոլորտի փոխգործակցությունը: Չե՞ք կարծում, որ այս երկու հատվածները գրեթե չեն փոխգործակցում: - Շատ երկրներում հեռահաղորդակցական ընկերությունները շատ լուրջ խթան են հանդիսանում IT ոլորտի զարգացման համար: Դրանց եկամուտները միջինում անհամեմատ ավելի մեծ են, քան IT ոլորտի շատ ընկերություններինը: Մինչդեռ հեռահաղորդակցական ընկերությունների վրա դրված է IT ոլորտը զարգացնելու խնդիրը: Նրանք պատրաստում են IT մասնագետներ, մասնակցում են ազգային ծրագրերի եւ IT ոլորտի խթանման բազմաթիվ ակցիաների: Շատ երկրներում IT եւ հեռահաղորդակցության ոլորտներից հավաքագրված հարկերից որոշակի տոկոս ուղղվում է IT ոլորտի զարգացմանը: Այդպիսով ստեղծվում է հեռահաղորդակցություն-պետություն-IT շղթան: Ընկերությունները վճարում են հարկեր, պետությունը դրանք ուղղում է IT ոլորտ, վերջինս ընկերություններին տալիս է նոր տեխնոլոգիաներ եւ աճելու նոր հնարավորություններ: Մեզանում այս պրակտիկան չի կիրառվում, չնայած Հայաստանի հեռահաղորդակցական ընկերությունները նույնպես կարող են IT ոլորտի զարգացման լուրջ խթան դառնալ:Նման ծրագրերի նախաձեռնողը, սակայն, պետք է լինի ոչ թե հեռահաղորդակցական ընկերությունը, այլ պետությունը: - Կարո՞ղ է արդյոք Beeline-ի կողմից գործարկված Hi Line լայնաշերտ ինտերնետը դիտարկվել որպես IT ոլորտի զարգացման խթան: - Hi Line-ի գործարկումն, իհարկե, կարեւոր իրադարձություն է, որն Ինտերնետը դարձնում է հասանելի հասարակության ավելի լայն շերտերին, բայց այստեղ կարեւոր է, որ Beeline-ը չշահարկի իր մոնոպոլ դիրքը: Բնակչության համար դա խթան է, իսկ ՏՏ ընկերությունների համար` ոչ: Բացի այդ, համարվելով Հայաստանում ամենահասանելի լայնաշերտ ինտերնետ, այն դեռեւս թանկ է մնում: Հասկանալի է, որ այստեղ առկա է սահմանափակ ռեսուրսի խնդիր. կա ընդամենը երկու ընկերություն` Fibernet-ն ու ArmenTel-ը, որոնք, կոպիտ ասած, ներկրում են ինտերնետը Հայաստան: Այնուհանդերձ, նրանց անհրաժեշտ է բանակցել եւ իջեցնել ինտերնետ ծառայության գինը: Tweet Դիտում՝ 10030