Սիսիանը՝ զբոսաշրջային կենտրոն դառնալու ճանապարհին

04.10.2018 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սիսիան #Հասմիկ Ազոյան #Իմ Հայաստան
Սիսիանի տարածաշրջանն ունի նպաստավոր պայմաններ արտաքին եւ ներքին տուրիզմի զարգացման համար։ «Իմ Հայաստան» մշակութային ժառանգության եւ զբոսաշրջային ծրագրի շրջանակում փորձ է արվում մեծացնել դեպի Սիսիան զբոսաշրջիկների հոսքը՝ օգտագործելով թե´ աշխարհագրական, թե´ մարդկային ռեսուրսները։ Banks.am-ը ներկայացնում է իրականացված աշխատանքը, տարածաշրջանում տուրիզմի զարգացման հեռանկարն ու խոչընդոտները։



ՈւԱԶ-ով դեպի Ուխտասար

Սիսիանում գործող «Բասեն» հյուրանոցային համալիրի տնօրեն Հասմիկ Ազոյանը, որ նաեւ տուրեր է կազմակերպում, տարածաշրջանում տուրիզմի զարգացման համար շատ է կարեւորում Ուխտասար հնավայրի ժայռապատկերների դերը։ «Իմ Հայաստան» ծրագրի հետ համագործակցության ընթացքում մշակվել է Ուխտասարի նոր տուրիստական փորձառությունը՝ շրջայց ՈւԱԶ եւ «Վիլիս» մակնիշի մեքենաներով։

Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ամենատարեց զբոսավարը՝ 59-ամյա Սասուն Բաղդասարյանը, պատմում է, որ զբոսաշրջիկներն առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում սովետական ամենագնացների նկատմամբ, հաճախ նաեւ՝ մեքենան անձամբ վարելու ցանկություն հայտնում։

«Մի անգամ իտալուհի զբոսաշրջիկի թույլ տվեցի վարել «Վիլիս» մակնիշի մեքենան։ Առաջին 4 կիլոմետրի ընթացքում 2 անգամ գրեթե շրջվում էինք, բայց ճանապարհի մնացած մասում արդեն սովորեց, եւ բարեհաջող տեղ հասանք»,- ժպիտով հիշում է նա։

Սասուն Բաղդասարյանը

Փորձառությունը տեւում է 5 ժամ, որից մոտ 3 ժամը ծախսվում է Ուխտասարի լիճ հասնելու եւ վերադառնալու ճանապարհի վրա։ Փորձառությունը ներառում է նաեւ քայլարշավներ՝ ըստ զբոսաշրջիկի ցանկության, եւ lunch box-երով նախաճաշ Ուխտասարի լճի մերձակայքում։ 1-4-հոգանոց խմբերի համար փորձառության ընդհանուր արժեքը 60 հազ. դրամ է։

Զբոսաշրջիկների հոսքի դինամիկան

Հասմիկ Ազոյանի խոսքով՝ զբոսաշրջիկների այցելություններն Ուխտասար հատկապես աշխուժացան 2012-ին մեկնարկած հայ-գերմանական հնագիտական արշավախմբի ուսումնասիրություններից հետո։ Հալլեի համալսարանի մի շարք պրոֆեսորներ եւ ուսանողներ Հայաստանի մասնագետների հետ համատեղ 3 տարի շարունակ փորձեցին գրանցել Սյունիքի բարձրավանդակում գոյություն ունեցող ժայռապատկերները։

Մինչ այդ հիմնականում ուսումնասիրվել էր լճի շրջակայքը, որտեղ մոտ 1000 որձաքար էր հայտնաբերվել՝ մ․թ․ա 5-4-րդ հազարամյակին թվագրվող ժայռապատկերներով։ Արշավախմբի աշխատանքների արդյունքում արդեն ավելի ցածրադիր տարածքներում հայտնաբերվեց մոտ 7500 որձաքար՝ 11 հազ․ ժայռապատկերով, ինչը Հասմիկ Ազոյանի կարծիքով, հսկա ժառանգություն է։

Նրա խոսքով, այս տարի Ուխտասար են ուղեկցել մոտ 1000 այցելուի, ինչը 15%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:  


Հնավայրի ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։ Արշավախումբը նպատակ ունի Ուխտասարի ժայռապատկերները հռչակել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն։

Հայկական խեցեգործությունը՝ հետաքրքրության նոր առարկա

«Սիսիան կերամիքս» արհեստանոցը հիմնվել է վարպետ Վահագն Համբարձումյանի եւ նրա կնոջ՝ Զառա Գասպարյանի կողմից։ Այստեղ ուսումնասիրվում եւ բացահայտվում են հայկական խեցեգործության հնագույն ավանդները։

Որպես «Իմ Հայաստան» ծրագրի շահառուներ՝ 2018թ. ամռանը ամուսինները մասնակցեցին Սմիթսոնյան Ֆոլկլայֆ փառատոնին, որտեղ ներկայացրին հայկական մշակույթը։ Վահագն Համբարձումյանի խոսքով՝ հայկական խեցեգործության նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ շատ մասնագետներ Սիսիան այցելելու եւ տեղում հայկական տեխնոլոգիային ծանոթանալու ցանկություն հայտնեցին։

«Երբ զբոսաշրջիկը հասկանում է, թե ինչ կերպ է պատրաստված իրը, անպայման ցանկանում է այն ունենալ։ Մեր արհեստանոցում կավը 5 անգամ է թրծվում՝ յուրաքանչյուր փուլից առաջ տարբեր նյութերով մշակվելուց հետո՝ կաթ, խեժ, մեղրամոմ եւ այլն»,- պատմում է վարպետ Վահագնը ու հավելում, որ հայկական խեցեգործության գլխավոր առանձնահատկություններից է նաեւ հին հայկական զարդանախշերի օգտագործումը։

Վահագն Համբարձումյանը

Կավն արհեստանոց են բերում տարածաշրջանի սարերից, որից հետո այն անցնում է մանրամասն մշակում։ Զբոսաշրջիկը, մուտք գործելով արվեստանոց, կարող է ծանոթանալ կավե իրերի պատրաստման ամբողջ գործընթացին եւ ունենալ խեցեգործության վարպետության դաս։ Քանի որ թրծումը խլում է 48 ժամ, այցելուի ցանկության դեպքում իր ձեռքով պատրաստված իրը կարող է 2 օր անց առաքվել Երեւան։

Կավագործության փորձառությունը տեւում է 2 ժամ։ Խումբը կարող է բաղկացած լինել առավելագույնը 10 անձից, իսկ վարպետության դասի արժեքը կազմում է 6500 դրամ։

«Սիսիան կերամիքսում» գործում է նաեւ բատիկ տեխնոլոգիայով նկարչության վարպետության դաս, որի արժեքը մեկ անձի համար 8000 դրամ է։



Ներկայում արհեստանոցում ընթանում են շինարարական աշխատանքներ, եւ շուտով այն կհամալրվի խոհանոցով, որտեղ կպատրաստվեն հայկական ուտեստներ ավանդական ձեւերով, իսկ հետագայում կկառուցվի նաեւ հյուրատուն։

Հիմնական խոչընդոտներ

Թեեւ տարածաշրջանն ունի նաեւ ձմեռային տուրիզմի զարգացման հեռանկար, այդուհանդերձ, զբոսաշրջիկների հոսքը դեպի Սիսիան ավելի քան 5 անգամ կրճատվում է ձմռան ամիսներին: Պատճառը ճանապարհների վատթար վիճակն է, որի մասին բնակիչները հաճախ են բարձրաձայնում, սակայն պատշաճ արձագանք միշտ չէ, որ ստանում են։

«Ձմռան ամիսներին իդեալական պայմաններ ունենք դահուկային տուրիզմի զարգացման համար։ Մենք ունեցել ենք խմբեր Ավստրիայից, Գերմանիայից, նաեւ Հորդանանից, որոնք հատուկ եկել են այստեղ կուսական ձյան վրայով սահելու համար։ Նրանք դա կոչում են wild skiing՝ վայրի դահուկասահք։ Սյունիքի բարձրավանդակի 2-րդ բարձր գագաթ Մեծ Իշխանասարը, որն ունի 3550 մետր բարձրություն, բավականին հարմար է վայրի դահուկորդության համար»,- պատմում է Հասմիկ Ազոյանը։

Հասմիկ Ազոյանը

Տուրիզմի զարգացման խոչընդոտներից է նաեւ գիշերակացի վայրերի սակավությունը։ Հասմիկ Ազոյանի խոսքով՝ կարեւոր է, որ բնակիչները հասկանան՝ միայն մեկ հյուրանոցի լավ աշխատանքը տարածաշրջանին երբեք օգուտ չի բերի։

«Եթե զբոսաշրջիկը պետք է ընտրի՝ որտեղ հանգստանալ՝ Սիսիանում, թե Գորիսում, ապա կգնա Գորիս, որովհետեւ այն առաջարկում է հյուրատների անհամեմատ ավելի մեծ ընտրություն, մինչդեռ Սիսիանում կա ընդամենը 3-4 գիշերակացի վայրը»,-նկատում է նա՝ ընդգծելով, որ մրցակցությունը պարտադիր պայման է նաեւ իրենց բիզնեսի զարգացման համար։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Մեդիամաքսի
Դիտում՝ 10836
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW