Երեւանի ինֆո կենտրոնները՝ շտապ օգնություն զբոսաշրջիկներին

07.09.2018 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ինֆո կենտրոն #Գեւորգ Օրբելյան
Երեւանի փողոցներում հաճախ կարելի է նկատել մոլորված հայացքներով զբոսաշրջիկների, որոնք դիմում են պատահական անցորդներին՝ այս կամ այն հասցեն ճշտելու համար։ Կախված նրանից, թե ուղղորդող բնակիչը որքանով է տիրապետում օտար լեզվին եւ ծանոթ քաղաքին, երբեմն տարակուսելի է՝ ի վերջո ուր կհասնի զբոսաշրջիկը։ Նման մտահոգությունները նվազեցնելու նպատակով էլ մայրաքաղաքում ավելի քան 2 ամիս է՝ գործում է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման երկու կետ։ Banks.am-ը փորձել է պարզել՝ որքանով են դրանք օգտակար եւ ինչ պահանջարկ ունեն։

Նախապատմություն

Այս տարի Երեւանը նշում է հիմնադրման 2800-ամյակը եւ ակնկալում զբոսաշրջիկների մեծ հոսք։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի ղեկավար Գեւորգ Օրբելյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ դեռեւս մարտին իրենք ներկայացան առաջարկությամբ՝ մայրաքաղաքում ստեղծել տեղեկատվական կետեր, որոնք կլինեն հասանելի թե´ քաղաքացիների, թե´ զբոսաշրջիկների համար։

Սեղմ ժամկետներում քաղաքապետարանի համապատասխան վարչությունների հետ սկսվել են տեղեկատվական կետի ստեղծման աշխատանքները, եւ հունիսի 16-ին քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Հանրապետության հրապարակին կից տարածքում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման առաջին կետը։ Շատ չանցած՝ հուլիսի 6-ին, բացվել է նաեւ երկրորդը՝ արդեն Ֆրանսիայի հրապարակին կից տարածքում։


Ծառայություններ

Ծրագրի նպատակն է օժանդակել Երեւանի բնակիչներին եւ քաղաքի հյուրերին՝ տրամադրելով տեղեկատվություն Երեւանում կողմնորոշվելու, քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքներին, քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայություններին ծանոթանալու համար։

Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման կետում այցելուներին անվճար տրամադրվում են Երեւանի բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երեւան ամառ 2018» եռամյա միջոցառումների ծրագրի համայնքային թանգարանների, «Երեւան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ ուղեցույցներ կառուցապատման թույլտվությունների եւ քաղաքաշինական փաստաթղթերի մասին։


Գրանցած արդյունքներ

Զբոսաշրջիկների հոսքը հատկապես շատ է առավոտյան ժամերին։ Ինֆո կենտրոններից մեկն առաջին հերթափոխի ժամանակ սպասարկել է մինչեւ 90 այցելուի։

«Ի ուրախություն մեզ, զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման կետերն երկու ամսվա ընթացքում ունեցել են մոտ 4000 այցելու։ Մենք ինքներս էլ զարմացած ենք այս արդյունքով եւ մարդկանց դրական գնահատականով։ Տեղեկատվական կետերի աշխատանքը հնարավորություն է տալիս ուսումնասիրել զբոսաշրջային շուկան, հասկանալ զբոսաշրջության տեսանկյունից պահանջարկ ունեցող վայրերը»,- ասում է Գեւորգ Օրբելյանը։

Նա ընդգծում է, որ հաշվետվությունների համաձայն՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջությունից զատ, մեծ պահանջարկ ունի արկածայինը։

Զբոսաշրջիկները գաստրոտուրիզմով եւս հետաքրքրված են, հաճախ ցանկանում են ծանոթանալ երեւանյան երեկոյան կյանքին։


Գեւորգ Օրբելյանի խոսքով՝ վիճակագրական տվյալների ամփոփումը ցույց է տալիս, որ Հայաստան այցելում են մեծապես Ռուսաստանից, Իրանից, եվրոպական երկրներից, եւ ի զարմանս իրենց՝ հանդիպում են նաեւ զբոսաշրջիկներ Չիլիից, Արգենտինայից, Հարավային Աֆրիկայի երկրներից։


Հաճախ տրվող հարցեր

Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման կետերի առավելություններից մեկը բազմալեզու անձնակազմն է։ Ինֆո կենտրոնի աշխատակիցները տիրապետում են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, նաեւ պարսկերեն լեզուների։

Երբ զբոսաշրջիկը մոտենում է սպասարկման պատուհանին եւ հարցում՝ ինչպես կարող է գտնել այս կամ այն վայրը, ինֆո կենտրոնի աշխատակցուհիները քարտեզի վրա նշումներ են կատարում, նաեւ հայերենով գրում տեղանունները, որպեսզի օտար լեզվի վատ տիրապետող վարորդները եւս հեշտությամբ տեղ հասցնեն հյուրերին։

Քաղաքացիներն ավելի հաճախ մոտենում են մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների մասին տեղեկանալու համար, իսկ զբոսաշրջիկները՝ Երեւանի ու ՀՀ քարտեզներ վերցնելու, տեսարժան վայրերի եւ «Երեւան Սիթի Տուր» երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսի մասին տեղեկատվություն ստանալու համար։

Ինֆո կենտրոնը նաեւ սիմ-քարտեր է տրամադրում եւ հեռախոսների մարտկոցներ լիցքավորում։ Այս ծառայությունները եւս ամենապահանջվածներից են։

Զավեշտալի ու տարօրինակ դիմումներ

Հանրապետության հրապարակին կից տարածքում գտնվող ինֆո կենտրոնի աշխատակցուհիներ Մարիամ Իսրայելյանին եւ Անի Սեւինյանին զբոսաշրջիկների հետ աշխատելը շատ է դուր գալիս՝ ձանձրանալ չեն թողնում։

«Զավեշտալի միջադեպեր հաճախ են տեղի ունենում։ Դրանք հիմնականում կապված են զբոսաշրջիկների կողմից տեղանունների սխալ արտասանության հետ։ Մի անգամ երկու գերմանացի զբոսաշրջիկ մոտեցան, ասացին՝ ուզում են գնալ «Ջումաձի»։ Սկզբում մտածեցինք, որ Ջերմուկը նկատի ունեն, հետո հարցրինք՝ ինչ վայր է դա։ Պատասխանեցին, որ դա մեր հոգեւոր կենտրոնն է, այնտեղ կա եկեղեցի, եւ նոր միայն գլխի ընկանք, որ «Ջումաձի» ասելով նկատի ունեին Էջմիածինը»,- պատմում է Մարիամ Իսրայելյանը։


Միջազգային որոշ ուղեցույցներում Հայաստանի տրանսպորտային համակարգի մասին տեղեկատվության մեջ նշվում է, որ տեղացիները տրանսպորտային միջոցներին «մարշրուտկա» են անվանում՝ ռուսերեն «маршрут» բառից։ Զբոսաշրջիկներից շատերի մոտ այս անունը կրկին վերափոխվում է եւ դառնում «մատրուշկա»։

Անի Սեւինյանն էլ նշում է, որ քաղաքացիներից շատերը դեռեւս հստակ չեն պատկերացնում՝ ինչի համար են ինֆո կենտրոնները։ Հաճախ խնդրում են բջջային քարտ լիցքավորել կամ գումար մանրել։


Երեւանից դեպի մարզեր

Գեւորգ Օրբելյանի խոսքով՝ ինֆո կենտրոնները նաեւ կապող օղակ են դարձել Երեւանի եւ մարզերի միջեւ։

«Հենց այսօր էլ իսպանացի զբոսաշրջիկներ մոտեցա եւ հարցրին՝ ինչպես կարող են հասարակական տրանսպորտով գնալ Էջմիածին, շեշտեցին՝ հայերի հետ։ Երեւանից ցանկանում են գնալ նաեւ Սեւան, Դիլիջան, Գառնի կամ այլ վայրեր հենց հասարակական տրանսպորտով։ Անձնակազմն անցել է հատուկ վերապարտասում եւ կարողանում է տրամադրել տրանսպորտային ամենահարմար հանգույցները մայրաքաղաքից դեպի մարզեր գնալու համար»,- մանրամասնում է Գեւորգ Օրբելյանը։

Ծրագրի ներկան եւ ապագան

Միջազգային որոշ ամսագրերում որպես Երեւան քաղաքում գործող ինֆո կենտրոն նշված է քաղաքապետարանի շենքը։ Շատ զբոսաշրջիկներ այժմ էլ տեղեկատվություն ստանալու համար այնտեղ են գնում եւ նրանց դիմավորում ու աջակցում են տուրիզմի բաժնի աշխատակիցները։ Այժմ տարվում են իրազեկման աշխատանքներ նոր ինֆո կենտրոնները ճանաչելի դարձնելու համար, տեղեկատվություն է ուղարկվում տարբեր միջազգային ճանաչում ունեցող ուղեցույցների եւ ամսագրերի։  

Ծրագիրն այս տարվա համար միայն երկու գործող կետերն էր նախատեսել, սակայն Գեւորգ Օրբելյանի կարծիքով, Երեւանի այլ վարչական շրջաններում եւս նման կենտրոնների կարիք կա, օրինակ՝ Երեւանի երկաթուղային կայարանի հարեւանությամբ։

Թե ինչ զարգացում կունենա ծրագիրը՝ մեծապես կախված է քաղաքային նոր իշխանությունից, սակայն քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հետաքրքիր առաջարկներ ունի, որոնց թվում է Երեւանում անվճար զբոսանք-տուրերի կազմակերպումը։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Մեդիամաքսի
Դիտում՝ 4406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW