Մասնագիտությամբ տնտեսագետ Հակոբ Վարդանյանը ծնողների եւ քրոջ հետ ապրում է սահմանամերձ Բերքաբեր գյուղում: 3 տարի առաջ, երբ Հակոբի մայրը «Սահման» հասարակական կազմակերպության աջակցությամբ ստեղծեց առաջին ջերմոցը, Հակոբը դեռ ուսանող էր: Այդ տարիների ընթացքում հասցրեց ավարտել համալսարանը եւ հասկացավ, որ ջերմոցային տնտեսությունը կարելի է վերածել շահավետ բիզնեսի: Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող, ինչպես նաեւ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում Հակոբ Վարդանյանը եւս մեկ ջերմոց է ձեռք բերել, որն ամբողջությամբ հատկացրել է լոլիկի մշակմանը: Banks.am-ի հետ զրույցում «Սահման»-ի համահիմնադիր Անահիտ Նազարյանն ասել է, որ ծրագրի կողմից Հակոբին հատկացվել են միայն ջերմոցի կառուցման նյութերը եւ գույքը, ինչպես նաեւ առաջին տարվա համար անհրաժեշտ սերմերը (շուրջ 700 հազ. դրամի աջակցություն): Մնացած աշխատանքը կատարվել է Հակոբի եւ նրա ընտանիքի ջանքերով: «Ծրագրի պայմաններից մեկն այն է, որ շահառուն իր կողմից որոշակի ներդրում պետք է ունենա բիզնեսի կայացման գործում: Նա պետք է ցույց տա, որ շահագրգռված է եւ ինքն էլ իր կողմից է պատրաստ որոշակի ներդրում անել,- ասում է Անահիտ Նազարյանը:- Հակոբի կողմից ներդրումը եղել է իր աշխատանքը ջերմոցի կառուցման գործում»:Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում գույքը տրամադրվում է նվազագույնը մեկ տարի ժամկետով, որի ընթացքում եթե այն իրեն չի արդարացնում, կամ չի ծառայում նպատակին, ծրագիրն իրավունք է վերապահում այն հետ վերցնել: 30.06.2017 | 09:18 Նոր բիզնես նախագիծ՝ սահմանապահ Բերքաբերում Թեեւ Բերքաբերում տարեսկզբից արդեն գործում են սածիլների աճեցման ջերմոցներ, որոնց նպատակն է սածիլներ մատակարարել մարզի ջերմոցներին, Հակոբ Վարդանյանը որոշել է այդ հարցն էլ սեփական ուժերով լուծել՝ ինքնուրույն սածիլներ աճեցնել եւ տեղափոխել ջերմոց: Եռանդուն աշխատանքի պտուղներն արդեն երեւում են. չնայած բերքահավաքն ամբողջությամբ դեռ չի ավարտվել, Հակոբն արդեն համոզված է, որ լոլիկի այս տարվա բերքը մոտ 25-30 տոկոսով գերազանցելու է նախորդ տարվա ցուցանիշը: Նա նշում է, որ շրջանում արդեն ծանոթ են իր աճեցրած լոլիկի որակին, հետեւաբար՝ բերքի իրացումն իր համար խնդիր չէ: Վաճառքը կազմակերպում է հիմնականում Իջեւանի տարածաշրջանի խանութներում եւ ռեստորաններում: Բերքաբերում չի վաճառում՝ տեղացիների գործին չվնասելու համար: Ավելին՝ երիտասարդ գործարարն անգամ մշակել է սեփական տարբերանշանը, եւ այսօր արդեն նրա աճեցրած բանջարեղենը շուկա է դուրս գալիս «Բերքաբեր» մակնշմամբ: «Մի անգամ նկատեցինք, որ խանութներում մեր հանձնած արկղերի վրա գրել էին՝ «Լոլիկ Բերքաբերի», դրանից հետո միտք առաջացավ փաթեթավորել ապրանքը պլաստմասե արկղերում՝ «Բերքաբեր» լոգոյով»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է Հակոբը: Իր պահանջներում Հակոբը զուսպ է. որպես սահմանամերձ գոտի Բերքաբերում փոքր ու միջին բիզնեսն ազատված է հարկերից, «իսկ դա արդեն աջակցություն է»: Երբ խոսք է գնում սահմանամերձ գյուղում բիզնեսի դժվարությունների ու ռիսկերի մասին, զարմացած ինքն է հարց տալիս. «Մեր գյուղն էնպիսի դիրք ունի, որ ցանկացած մարդ, ցանկացած շինություն թիրախավորված է, բայց ձեռքերը ծալած նստել էլ չի կարելի: Կամ պիտի դուրս գաս, ուրիշ տեղ գնաս, կամ տեղում քո բիզնեսը դնես, ինչ-որ բանով զբաղվես»:Ինքն էլ ձեռքերը ծալած չի նստել. երկրորդ տարբերակն ավելի գրավիչ է: Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 23295