Այսօր տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացումը նշանակալի իրադարձություն է, քանի որ այն կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը եւ այլն:«Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարեւորվում է նաեւ նրանով, որ այն բացվում է Իրանի հետ սահմանագծին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, իրանական կապիտալով ընկերությունների ներգրավմանը՝ ամրապնդելով ներկայումս առկա սերտ համագործակցությունը»,- ասել է Սուրեն Կարայանը:Նրա խոսքով՝ ի տարբերություն ներկայում գործող երկու ազատ տնտեսական գոտիների, այս ազատ տնտեսական գոտին ունենալու է ոլորտային մեծ ընդգրկվածություն՝ ներառելով գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առեւտրի, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտները:Պաշտոնական բացման արարողության ժամանակ կնքվել են մի շարք փաստաթղթեր: «Մեղրի» ԱՏԳ-ն ստեղծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ: Գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու կառուցումը նախատեսված է իրականացնել երկու փուլով:Առաջին փուլով պետք է ստեղծվեին նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ նախապայմաններ ԱՏԳ-ն գործարկելու եւ ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում աշխատանքները կազմակերպելու համար, ինչն արդեն իսկ իրականացվել է: Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների ընդլայնում, տարածքի հավելյալ ավելացում 70 հեկտարով՝ այդպիսով ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես գործունեություն ծավալելու համար:Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն՝ ներառյալ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առեւտրի, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտները։Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ $100-130 մլն-ի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր եւ կարտահանեն շուրջ $250 մլն-ի ապրանքներ եւ ծառայություններ։ Tweet Դիտում՝ 5958