Երեւանում կայացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2015թ. մրցանակաբաշխությունը:«Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթել են Ալին Մասրլյանը (Երեւան, «Շառոյան-Սարյան» ՍՊԸ) եւ Զեփյուռ Ղլեջյանը (Չարենցավան, «Լաքի տրիո» ՍՊԸ), «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝ Օքսանա Լոբախինան (Երեւան, «Քեյ. Ար. Ջի. Ինվեստ» ՍՊԸ) եւ Իրինա Ղամբարյանը (Վանաձոր, «Աղեղնակ» ՍՊԸ): «Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում հաղթող են դարձել Քրիստինա Նալբանդյանը (Երեւան, «Տուր Դելիս» ՍՊԸ) եւ Իրինա Իսրայելյանը (Ալավերդի, Հյուրատուն ԻՐԻՍ): «Լավագույն երիտասարդ կին գործարարներ» են դարձել Ֆաինա Հարությունյանը (Երեւան, «Ֆաինա դիզայն» ՍՊԸ) եւ Հռիփսիմե Բարսեղյանը (Արագածոտն, Կոսմետիկ պարագաների արտադրություն), «Լավագույն սկսնակ կին գործարարներ»՝ Անահիտ Հարությունյանը (Երեւան, նրբաթելային գործվածքներից տեքստիլ արտադրություն) եւ Հասմիկ Հովհաննիսյանը (Գյումրի, թխվածքների արտադրություն): «ՀՀ կառավարությունը մշտապես իրականացնում է ծրագրեր՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում կանանց դերի բարձրացման, գնահատման եւ խրախուսման ուղղությամբ: 2012թ. ի վեր, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատվում են այս մրցանակաբաշխության միջոցով, ինչն իր հերթին խրախուսում է, որ կանայք ավելի մեծ ներգրավվածություն ունենան երկրի տնտեսության զարգացման գործում»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:«Ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է կին գործարարներին: Կանանց մասնակցությունը տնտեսության զարգացման գործընթացին Հայաստանի կայունության եւ բարեկեցության նախապայմանն է: Ես ուրախ եմ, որ այստեղ ներկա կանայք, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, հասել են իրենց նպատակին»,- ասել է USAID հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը: «Լավագույն ապրանքանիշ» անվանակարգի հաղթող Իրինա Իսրայելյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում առհասարակ բարդ է բիզնես սկսելը:«Խնդիրը լուծելու համար պետք է որեւէ կազմակերպության անդամ դառնալ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի տրամադրած երկու նվիրատվությունների շնորհիվ կարողացա սկսել եւ զարգացնել իմ բիզնեսը: Որոշակի օգնություն է տրամադրում նաեւ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ): Այնպես որ բիզնեսում իմ հաջողությունները կապում եմ այն կազմակերպությունների հետ, որոնց հետ աշխատում եմ»,- ընդգծել է նա:ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Ասիական զարգացման բանկը (ADB), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO), Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHRC), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (AYWA), իրենց հերթին, խրախուսական մրցանակներ են հանձնել մի շարք կին գործարարների: Նշենք, որ AYWA-ի խրախուսական մրցանակին է արժանացել «Ակադեմիքս Թիմ» բիզնես-խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Լիլիթ Ճուղուրյանը: Tweet Դիտում՝ 48866