Մինչեւ տարեվերջ Դիլիջանում կկառուցվի 50 սոցիալական բնակարան

26.02.2013 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. նոյեմբերին Դիլիջանում շահագործման կհանձնվի 50-52 սոցիալական բնակարան, այսօր ասել է ծրագրի իրագործող Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) տնօրեն Արա Նազինյանը:

Հանդես գալով այսօր Երեւանում թեմայի շուրջ անցկացվող կոնֆերանսին` Արա Նազինյանն ասել է, որ սոցիալական բնակարաններում մատչելի վարձակալությամբ կարող են բնակվել Դիլիջանի ցածր եւ միջին եկամուտներ ունեցող բնակիչները, ինչպես նաեւ նրանք, ովքեր կցանկանան տեղափոխվել Դիլիջան: Ցանկության դեպքում բնակիչները կարող են նաեւ սեփականաշնորհել այդ բնակարանները:

«Եթե մինչ այժմ Հայաստանում կատարվող սոցիալական բնակարանաշինությունը ֆինանսավորվում էր պետբյուջեից կամ դոնորների միջոցներից, հիմա այժմ առաջին անգամ ֆինանսավորվում է մասնավոր ներդրողների կողմից, որի դերում հանդես է եկել հոլանդական DIGH կազմակերպությունը, իսկ ծրագրի ֆինանսավորման երաշխիքները տրամադրվել են հոլանդական բնակարանային կորպորացիայի կողմից»,- ասել է Արա Նազինյանը:

Նրա խոսքով, առաջին փուլի (երկրորդ փուլում Դիլիջանում նախատեսվում է կառուցել եւս 150 բնակարան) ներդրման ընդհանուր ծավալը կկազմի €1,3-1,5 մլն: Գումարը կուղղվի ոչ միայն բուն շինարարությանը, այլեւ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների ստեղծմանը եւ շրջակա տարածքի բարեկարգմանը:

Արա Նազինյանը տեղեկացրել է, որ սոցիալական բնակարանային համալիրների ներդրումային ծրագրերն ու նախագծերն արդեն պատրաստ են իրագործման համար նաեւ Հրազդանում (48 բնակարան) եւ Վանաձորում (80 բնակարան): Աշտարակում (50-150 բնակարան) նախագիծը եւ ներդրումային ծրագիրը մշակման փուլում են:
Եվս 8 համայնքներում պահանջարկի գնահատման նպատակով արդեն իրականացվել է շուկայական վերլուծություն:

«Մատչելի բնակարանային ֆոնդի կարիքը Հայաստանում բավականին մեծ է եւ շարունակում է աճել, սակայն շուկան դեռեւս հանդես չի գալիս համապատասխան առաջարկով, ինչը լուրջ խոչընդոտ է համայնքների զարգացման համար»,- ասել է Արա Նազինյանը:

Կոնֆերանսին մասնակցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ կառավարությունը եւս սկսել է գործնական քայլեր կատարել սոցիալական բնակարանաշինության ուղղությամբ: «Կառավարության առաջին փորձը սոցիալական բնակարանաշինության ոլորտում Մարալիկում կառուցվող շենքն է, որի բնակարանները տրամադրվելու են քաղաքի մանկատան շրջանավարտներին: Մեր նպատակն է, սակայն, ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի սոցիալական բնակարանները հասանելի լինել ոչ միայն առանձին խոցելի խմբերին, այլեւ բոլոր ցանկացողներին, քանի որ պահանջարկն այստեղ շատ մեծ է: Հետեւաբար, մեզ համար խիստ օգտակար է համագործակցությունը ԱՍԲԱ-ի պես մասնագիտացված կառույցի հետ` սոցիալական բնակարանաշինության միջազգային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու համար»,- ասել է նախարարը:

ԱՍԲԱ հիմնադրամը ստեղծվել է 2010 թ-ին հայ-հոլանդական համագործակցության արդյունքում: Հիմնադրամի նպատակն է մատչելի եւ որակյալ բնակարանների տրամադրումը Հայաստանի ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին: Հայաստանում սոցիալական բնակարանների զարգացման ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների ԱԳՆ ֆինանսական աջակցությամբ:

Դիտում՝ 2407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW