Երեւան: Մեդիամաքս: Ոչ մի հիմք չկա սպասելու Հայաստանում Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ վերացմանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը: Նա նշել է, որ ԱՊՊԱ-ն կարգավորող հայաստանյան օրենսդրությունն ու նորմատիվ բազան լավ են մտածված եւ հիմնված են խորը վերլուծության վրա: Լեւոն Ալթունյանն ասել է, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում ապահովագրության այդ տեսակը ներդրվել էր «տարերայնորեն` կրկնօրինակելով եվրոպական օրինակներն ու առանց հաշվի առնելու տեղական առանձնահատկությունները», ինչը հանգեցրել է խարդախության դեպքերի մեծ թվի եւ երաշխիքային հիմնադրամի սնանկության: «ԻՆԳՈ Արմենիա»-ի գործադիր տնօրենը կարծիք է հայտնել, որ հաջորդ տարվանից ԱՊՊԱ վկայագրերի գինը կարող է բարձրանալ` հաշվի առնելով, որ Հայաստանում ընթացիկ տարվա հունվարի 1-17-ը արձանագրված ՃՏՊ-ների թիվը հավասար է 2010թ. ընթացքում արձանագրված բոլոր ՃՏՊ-ների թվին: Լեւոն Ալթունյանը տեղեկացրել է, որ ԱՊՊԱ ապահովագրավճարները կազմում են «ԻՆԳՈ Արմենիա»-ի պորտֆելի շուրջ 49%-ը կամ 1.8 մլրդ դրամ, իսկ այն ավտոմեքենաների թիվը, որոնց սեփականատերերի պատասխանատվությունն ապահովագրված է «ԻՆԳՈ Արմենիա»-ում, կազմում է շուրջ 62 հազար կամ ՀՀ ավտոպարկի 18%-ը: Ընկերությունում հատուցումների վճարման գործընթացը տեւում է 3-4 օր: Tweet Դիտում՝ 6683