Երեւան /Մեդիամաքս/. Պետության մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում հայտնաբերված ֆինանսական խախտումների ծավալը 2008 թվականին կազմել է 800 մլն դրամ, որից վերականգնվել է միայն 30 մլն-ը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, այն առեւտրային կազմակերպությունների թիվը, որոնցում պետական մասնակցությունը կազմում է 50% եւ ավել, ներկայումս հասնում է 493-ի: Վերահսկիչ հանձնաժողովներ են գործում դրանցից միայն 327-ում, որից 125-ում հանձնաժողովներն աշխատում են վճարովի հիմունքներով: Նախարարը նշել է, որ չնայած վերահսկիչ հանձնաժողովների աշխատանքում դրական առաջխաղացմանը, դրանց մեծ մասը ձեւական բնույթ է կրում, իսկ խախտումների բացարձակ մեծամասնությունը բացահայտվել է վճարովի հիմունքներով գործող հանձնաժողովների կողմից: Տիգրան Դավթյանի խոսքերով, այս ոլորտում իրավիճակը կբարելավի նման ձեռնարկությունների ներառումը պարտադիր աուդիտի ոլորտ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրել է, որ պետությունը դեռեւս չի կարող արդյունավետ կերպով կյանքի կոչել սեփականության իր իրավունքը իր իսկ մասնակցությամբ ընկերություններում: “Թերություններ են հայտնաբերվել պետական մասնակցությամբ գրեթե բոլոր ձեռնարկություններում, իսկ դրանց նկատմամբ վերահսկողությունը պետք է դառնա նախարարների անձնական պատասխանատվության առարկան, քանի որ վերահսկիչ հանձնաժողովները հաշվետու են հենց նրանց”,- ասել է Տիգրան Դավթյանը: Նա նշել է, որ եթե նախարարությունները չեն հետաքրքրվում այս կամ այն ձեռնարկությամբ, այն պետք է մասնավորեցնել: Tweet Դիտում՝ 12782