Պետպարտատոմսերի շուկայում կպահպանվեն բարձր պահանջարկն ու տոկոսադրույքների նվազման միտումը, կարծում են «Ռենեսա» ընկերությունում

01.09.2009 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հունվար-հուլիս ամիսների բյուջեի կատարողականի ամփոփ ներկայացումը Հայաստանի ֆինանսական շուկայի անցյալ շաբաթվա արժանահիշատակ միակ իրադարձությունն էր:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են «Ռենեսա» ներդրումային ընկերությունում` նշելով, որ նախարարի հայտարարությունը կարող է սպասումների դրական ֆոն ձեւավորել ինչպես ընդհանուր առմամբ տնտեսությունում, այնպես էլ ֆինանսական համակարգում` հաշվի առնելով կառավարության նկատմամբ տնտեսվարողների վստահության գործոնը:

«Ռենեսա»-ում նշեցին, որ պետական պարտատոմսերի թողարկումների սեպտեմբեր ամսվա ծրագրի համաձայն նախատեսվում են 14 մլրդ դրամ ընդհանուր տեղաբաշխման ծավալով պետական պարտատոմսերի թողարկումներ, ինչն իր հերթին ենթադրում է նույնքան ծավալով իրացվելիության ներքաշում տնտեսությունից: «Կարծում ենք, կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում իրականացվող լայնածավալ ֆինանսական ներարկումների շնորհիվ, որոնք  հիմնականում արտաքին աղբյուրներից ստացվող միջոցներն են, անհանգստանալու լուրջ պատճառներ չեն լինի»,- նշում են ընկերությունում` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարի այն հայտարարությունը, որ կառավարությունը ռուսաստանյան վարկից տնտեսություն է ներարկելու 185 մլրդ դրամ, որից 120 մլրդ-ը ներարկելու մասին որոշումները կայացվել են, իսկ 38,6 մլրդ-ն էլ արդեն հասել է հասցեատերերին։

Արդեն այս շաբաթ կկայանան մեկ կարճաժամկետ (13 շաբաթ մարման ժամկետով) եւ մեկ միջին ժամկետայնությամբ (5 տարի մարման ժամկետով) պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներ, որոնց մասով «Ռենեսա»-ն ակնկալում է բարձր պահանջարկ եւ տոկոսադրույքների նվազման միտում` առանց էական անկումների:

Ներդրումային ընկերության գնահատմամբ, կարճաժամկետի դեպքում պահանջարկը մոտ 2.5-3 անգամ կարող է գերազանցել առաջարկին` հասնելով 5-6 մլրդ դրամի, իսկ միջին տոկոսադրույքը կտատանվի 5.2-5.3%-ի սահմաններում: Միջնաժամկետի դեպքում պահանջարկը մոտ 1.5-2 անգամ կարող է գերազանցել առաջարկին՝ հասնելով 3-4 մլրդ դրամի, իսկ միջին տոկոսադրույքը կտատանվի 10.2-10.3%-ի սահմաններում:

 

Դիտում՝ 995
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW