Ինը կարեւոր միտք ապագայի փողի վերաբերյալ Doing Digital Forum 2025-ից
11.04.2025 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Doing Digital Forum 2025








«Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով DDF 25-ը դարձել է արժեքավոր մտքերի եւ դինամիկ քննարկումների հարթակ պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձագետների ու կազմակերպությունների համար:
Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, DDF 25-ի Տեխնոլոգիական գործընկերը՝ Amazon Web Services-ը։
Doing Digital Forum-ի հիմնադիր եւ SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը կարեւորել է վերափոխումների ժամանակաշրջանում առաջնորդության ստանձնումը. «Մենք ապրում ենք աննախադեպ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում․ ես կասեի՝ տեխնոլոգիական ցունամիի ժամանակներում` լի նոր հնարավորություններով եւ համարձակ գաղափարներով: Նրանք, ովքեր ոչ թե պարզապես հետեւում, այլ առաջնորդում են այս գործընթացները, ձեւավորում են ապագայի տնտեսության տեսլականն ու դառնում նոր խաղի կանոններ սահմանողները: Ապագան չի սպասում, եկեք առաջնորդենք փոփոխությունները»:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ֆորումի բացման իր ելույթում անդրադարձել է փողի անցած ճանապարհին` փոխանակման համակարգերից` բարտերից մինչեւ ժամանակակից թվային արժույթներ` կրիպտոակտիվներ:
«Որպեսզի հասկանանք, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները ձեւավորում փողի ապագան, պետք է վերանայենք մի քանի հիմնարար հարց՝ որն է փողի դերը, ի՞նչն է արժույթը դարձնում վստահելի եւ լայնորեն կիրառելի»,- ասել է Մարտին Գալստյանը` հավելելով, որ վստահության եւ արժանահավատության հարցն առավել հրատապ է դառնում թվային արժույթների տարածմանը զուգընթաց:
Ֆորումի գլխավոր խոսնակ աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն իր ելույթը սկսել էր հետեւյալ մտքով. «Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ գրեթե ամեն բան կայուն ձեւով փոխվում է: Այն, ինչ իրականություն էր մեկ տասնամյակ առաջ, այսօր հարցականի տակ է դրվում եւ, որպեսզի ավելի լավ հասկանանք ապագան, պետք է պատրաստվենք դրան այսօր»:
Նրա խոսքով` մարդկությունը կանգնած է մի խաչմերուկում, որտեղ հին համակարգերը քանդվում են, բայց նորերը դեռ ձեւավորման փուլում են: Լեոնհարդն առանձնացրել է չորս հեղափոխություն, որոնք մեծ ազդեցություն ունեն բանկային ոլորտի, ֆինանսական ծառայությունների ու բուն փողի հայեցակարգի վրա: Դրանք աշխարհաքաղաքական փոփոխություններն են, թվային հեղափոխությունն ու արհեստական բանականության լայն տարածումը, կայուն զարգացման հրամայականը եւ կյանքի իմաստի ու արժեքների վերափոխումը: «Այս չորս միտումները ստեղծում են նոր աշխարհ` լի անորոշությամբ, բայց նաեւ հնարավորություններով ու բացահայտումներով: Նոր իրականությունում ինչ դեր կունենան տեխնոլոգիաները, մասնավորապես, արհեստական բանականությունը, որոշում ենք մենք: Այն, ինչ կարող է անել մարդը, մեքենան չի կարող անել: Մենք ապագայի կառուցողներն ենք, ոչ թե դրա զոհը: Եկեք միասին ստեղծենք ապագան»,-նշել է ֆուտուրիստը:
Համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանի խոսքով` թվային արժույթներն ամբողջությամբ ֆիզիկական փողին չեն փոխարինելու, բայց ապագան կրիպտոարժույթներինն է:
«Թվային արժույթների բնագավառի զարգացումը յուրօրինակ հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ հայերը ճկուն են, ողջունում են նոր տեխնոլոգիաները եւ հնարավորություն ունեն օգտվել այս փոփոխություններից: Կարծում եմ` այս շրջանն ամենահետաքրքիր ժամանակն է ֆինանսների եւ ընդհանրապես փողի պատմության մեջ»,-ասել է Հենրի Արսլանյանը:
«Բարտերից մինչեւ կրիպտո. փողի էվոլյուցիան» թեմայով պանելային քննարկման առանցքում կրիպտոարժույթներն էին, բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաները, ինչպես նաեւ դրանց կարգավորման դաշտի առանձնահատկությունները:
Fastex ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն էլ նշել է, որ ռազմավարական աճի ապահովման տեսանկյունից կարեւոր է կարգավորման դաշտի հստակությունը.
«Բիզնեսի տեսանկյունից որքան ավելի կարգավորված է միջավայրը, ընդդեմ չկարգավորվածի, այնքան մեծ է ռազմավարական եւ երկարաժամկետ պլանավորման հնարավորությունը»: Համաշխարհային կրիպտո տիրույթում Հայաստանի դերակատարմանն անդրադառնալով` Աբրահամյանը նշել է. «Մենք չենք ուզում, որ Հայաստանի կրիպտո գործունեությունն ասոցացվի ինչ-որ բանից խուսափելու հետ, այն պետք է ասոցացվի նոր բան ստեղծելու հետ»:
Հայաստանի Ազգային վճարային համակարգ Arca-ի խորհրդի անդամ Արա Աբրահամյանն էլ մատնանշել է Հայաստանի մրցակցային առավելությունները երկու հիմնական ոլորտում.
«Ֆինանսական ծառայություններն ու տեղեկատվական տեխնոլոգիաները երկու առաջադեմ ու զարգացող ոլորտներ են Հայաստանում: Կարծում եմ` այս երկուսի միավորումը պարարտ հող է ստեղծում Հայաստանում տեխնոլոգիական զարգացման համար»:
Երկրորդ պանելային քննարկումը վարել է Ֆասթ Բանկի տնօրենների խորհրդի անդամ Վահան Վարդանյանը՝ անդրադառնալով տնտեսական աճի վրա թվային արժույթների ազդեցությանը: Քննարկվել են հարցեր, թե ինչպես են արհեստական բանականությունն ու ամպային տեխնոլոգիաները վերափոխում կապիտալի շուկաները, մարդասիրական օգնությունն ու տնտեսական զարգացումը, հատկապես Հայաստանի ֆինթեք ոլորտում:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուն ընդգծել է ֆինանսական կրթության անհրաժեշտությունը. «Մենք պետք է միասին աշխատենք ավելի լավ լուծումներ ստեղծելու ուղղությամբ, բայց մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը, եւ ես հղում եմ կատարում սոցիալական վարքագծային գիտությանը, այն է, որ մարդիկ չգիտեն` ինչպես պլանավորել գումարը: Այնպես որ կարեւոր չէ, թե օգնությունը գումարի, սննդի կամ կրիպտոարժույթների տեսքով է, մարդիկ դեռ պետք է սովորեն՝ ինչպես այն կառավարել»:
Apricot Capital DIFC Limited ընկերության ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանն էլ կարեւորել է նորարարության հանդեպ աճող պահանջարկի միտումները. «Անցել են այն ժամանակները, երբ միայն երիտասարդներն էին հետաքրքրված նոր տեխնոլոգիաներով: Այժմ բոլորը կարծում են, որ սա անհրաժեշտություն է, եւ շքեղություն չէ ունենալ հավելվածներ, որոնք իրենց կարիքներին հարմարեցված պրոդուկտ են առաջարկում»:
Amazon Web Services-ի Ձեռնարկությունների տեխնոլոգիական փորձագետ Մատիաս Ունդուրրագա Բրեյթլինգն էլ շեշտել է, որ գեներատիվ արհեստական բանականությունը փոխակերպում է հաճախորդների փորձառությունը, իսկ հավատարմությունը, որն առաջանում է հաջողված փորձի միջոցով, երկարաժամկետ աճի բանալին է:
Ֆորումի բանախոսների շարքում էին նաեւ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Ազգային վճարային համակարգ (Arca)-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալության Կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասարջյանը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սամի Զաֆարը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային, ռազմավարության եւ PxD պրակտիկայի ղեկավար Էնդրյու Թրուոնգը եւ այլք:
Ֆորումին հաջորդել է Doing Digital Awards մրցանակաբաշխությունը, որը մեկնարկել է նախորդ տարի ու դարձել ֆորումի անբաժանելի մասը: Թվային ֆինանսների ոլորտում նորարարությունն ու առաջնորդությունը գնահատելու եւ խթանելու նպատակով մրցանակներ են հանձնվել համաշխարհային մտքի առաջնորդներին եւ առաջադեմ ընկերություններին էթիկական նորարարությունը, անվտանգ վճարումները, ապակենտրոնացված ֆինանսները ու թվային ներառումն ապահովելու համար:
2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի եւ 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Հոնկոնգից, Դանիայից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։
Արդեն երրորդ տարին անընդմեջ Doing Digital ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն էր, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել էր ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն էր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: