Երևան /Մեդիամաքս/. Հայաստանում ներդրվում է միկրոապահովագրության մոդել փոքր եկամուտ ունեցող քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին հայտարարել է ՀՀ Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Լեւոն Մամիկոնյանը` այսօր Երեւանում հանդես գալով ծրագրի շնորհանդեսին: Նրա խոսքերով, միկրոապահովագրության մոդելը ներդրվում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների միկրոֆինանսական կենտրոնի (Lեհաստանում գործող ոչ կառավարական կազմակերպություն) եւ Միկրոապահովագրական կենտրոնի (ԱՄՆ-ում գործող ընկերություն) կողմից` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսական օժանդակությամբ: Լեւոն Մամիկոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանում միկրոապահովագրման ներդրմանը համաձայնել են մասնակցել 2 ապահովագրական ընկերություններ` “Նաիրի Ինշուրանսը” եւ “Կասկադ Ինշուրանսը”, որոնք մշակել են դժբախտ պատահարներից առողջության միկրոապահովագրության փաթեթներ, որոնք համապատասխանում են փոքր եկամուտ ունեցող անձանց կարիքներին: Միաժամանակ, միկրոապահովագրական ծառայություններիի մատուցման տարեկան պայմանագրի ստորագրումը նախատեսում է հաճախորդի կողմից ամսեկան 60-ից մինչեւ 2200 դրամ ապահովագրական վճար: Ապահովագրական փոխհատուցումը կազմում է 150 հազարից մինչեւ 1,5 մլրդ դրամ: “Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միկրոապահովագրության ծառայությունները նախատեսվում է մատուցել ՀՀ ողջ տարածքում, ապահովագրողի եւ հաճախորդի կապն իրականացվելու է շրջաններում աշխատանքային փորձ ունեցող միջնորդների շնորհիվ”,- ասել է Լեւոն Մամիկոնյանը` մանրամասնելով, որ “Կասկադ Ինշուրանսի” եւ “Նաիրի Ինշուրանսի” համար միջնորդներ են հանդիսանալու, համապատասխանաբար, “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպությունն ու “Հայփոստ” փոստային օպերատորը: “Կասկադ Ինշուրանսի” գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը տեղեկացրել է, որ միկրոապահովագրության մոդելի փորձնական ծրագիրը մեկնարկելու է այս տարվա մայիսին Կոտայքի մարզում, իսկ հաջող արդյունքի դեպքում այս տարվա հոկտեմբերից միկրոապահովագրությունը ներդրվելու է երկրի ողջ տարածքում: “Նաիրի Ինշուրանսի” խորհրդի նախագահ Վահան Գաբրիելյանը նշել է, որ, քանի որ ապահովագրական փոխհատուցման գումարը խոշոր չի լինելու, ապահովագրողները հաճախորդներից չեն պահանջելու անցնել բժշկական հետազոտություն կամ այլ ընթացակարգեր: “Ապահովագրական խարդախութունից խուսափելու նպատակով փոխհատուցման իրականացումն ուժի մեջ է մտնելու պայմանագրի կնքումից մեկ ամիս անց”,- ասել է Վահան Գաբրիելյանը` հավելելով, որ այդ նախապայմանը չի տարածվելու տարեկան պայմանագիրը երկարաձգող հաճախորդների վրա: Tweet Դիտում՝ 13500