Այսօր Պեկինում մեկնարկում են XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը։ RBC-ն ներկայացրել է առաջիկա խաղերի հիմնական տնտեսական ցուցանիշները՝ կապված կազմակերպիչների ծախսերի եւ եկամուտների հետ:$3,9 միլիարդ. այսքան է կազմում Պեկինի Օլիմպիադայի պաշտոնական բյուջեն: Սա շատ անգամ ավելի քիչ է, քան նույն Պեկինի 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերի արժեքը՝ այն ժամանակվա գներով $43 միլիարդ, կամ այսօրվա գներով մոտ $53 միլիարդ (ներառյալ` խաղերի համար մարզադաշտերի եւ քաղաքային ենթակառուցվածքների կառուցումը): Օլիմպիական խաղերի արժեքի ռեկորդը պատկանում է Սոչի քաղաքին (2014թ.)՝ գրեթե $60 միլիարդ այսօրվա գներով (հաշվի առնելով խաղերի համար ենթակառուցվածքների կառուցումը, որոնք անմիջականորեն կապված չեն սպորտի հետ):$880 միլիոն. այսքան գումար Պեկինին կտա Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որն ավանդաբար ֆինանսավորում է խաղերի կազմակերպչական ծախսերի մի մասը։ ՄՕԿ-ը 2022 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին հատկացրել է $880 միլիոն, որը $3,9 միլիարդ պաշտոնական բյուջեի մի մասն է: Մոտավորապես նույնքան գումար է հատկացվել հարավկորեական Փհենչհանին 2018 թվականին։$118 միլիոն. այսքան գումար էր ակնկալում ստանալ կազմկոմիտեն տոմսերի վաճառքից մինչեւ համավարակը։ Դեռեւս 2021 թվականի սեպտեմբերին Պեկինի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարեցին, որ կորոնավիրուսային վարակը կանխելու նպատակով օտարերկրյա զբոսաշրջիկներին թույլ չեն տա մասնակցել մրցումներին։ 2022 թվականի հունվարին նրանք ավելի հեռուն գնացին՝ որոշելով դադարեցնել տոմսերի վաճառքը նաեւ Չինաստանի բնակիչներին։ Խաղերի համար անցագրերը կտրամադրվեն միայն Չինաստանի քաղաքացիների որոշակի խմբերին, օրինակ՝ կուսակցական գործիչներին եւ պետական ընկերությունների աշխատակիցներին։ ՄՕԿ-ի տվյալներով՝ տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ են ստացել 2010 թվականին Վանկուվերում անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները՝ 1,5 միլիոն վաճառված տոմս, որոնց արժեքը կազմել է $250 մլն:$9 միլիարդ. այսքան են Չինաստանի իշխանությունները հատկացրել Օլիմպիական խաղերին նախապատրաստվելիս արագընթաց երկաթուղու կառուցման համար։ Դեռեւս 2009 թվականին էր Չինաստանը նախատեսում սկսել արագընթաց (350 կմ/ժ) երկաթուղու կառուցումը Պեկինից դեպի Չժանցզյակու քաղաք։ Աշխատանքները մեկնարկեցին 2014 թվականին՝ նախքան Պեկինը ձեռք բերեց ձմեռային խաղերը հյուրընկալելու իրավունքը (այսինքն, այս նախագիծը, ամենայն հավանականությամբ, կիրականացվեր առանց Օլիմպիական խաղերի): Այնուամենայնիվ, Օլիմպիադան դարձավ այս երկաթուղու նախագծի իրականացման վրա ազդող կարեւոր գործոն։ Երկաթուղին բացվեց 2019 թվականի վերջին եւ դարձավ աշխարհում առաջինը ավտոպիլոտի գործառույթով։45 տեղական հովանավոր. նրանցից ստացված եկամուտները կազմկոմիտեն պահում է իր մոտ։ Այստեղ հաշվի առնված չեն Օլիմպիական շարժման 14 միջազգային հովանավորները (Coca-Cola, Intel, Alibaba, Toyota, Panasonic եւ այլն), որոնք ֆինանսապես աջակցում են ՄՕԿ-ին։ Ամերիկյան ընկերությունները շարունակում են հովանավորել Պեկինի Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ի միջոցով՝ չնայած Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների պատճառով ԱՄՆ կառավարության կողմից խաղերի դիվանագիտական բոյկոտին:Օլիմպիական խաղերի 45 տեղական հովանավորների թվում են չինական նավթագազային Sinopec եւ CNPC կորպորացիաները, էներգետիկ State Grid Corporation of China-ն եւ China Three Gorges Corporation-ը, Yum China արագ սննդի ռեստորանների ցանցը, ինչպես նաեւ երկու արեւմտյան բրենդներ. Snickers շոկոլադե սալիկներ (պատկանում է ամերիկյան Mars կորպորացիային) եւ PwC աուդիտորական ընկերություն: Պեկինի կազմկոմիտեն չի բացահայտել՝ որքան գումար է ստացել տեղական հովանավորներից։1,2 մլն խ.մ. այսքան արհեստական ձյուն կարտադրվի Պեկինի Օլիմպիադայի համար՝ դառնալով պատմության մեջ առաջինը, որը գրեթե ամբողջությամբ ապավինում է արհեստական ձյան վրա, քանի որ տարածաշրջանում բնական ձյունը շատ քիչ է: Համեմատության համար՝ 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերը 80%-ով հիմնվել են արհեստական ձյան վրա: Ձյան արտադրության համար Պեկինը սարքավորում է գնել իտալական TechnoAlpin ընկերությունից, որը գործարկվել է 2021 թվականի նոյեմբերին։ Tweet Դիտում՝ 4767