Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչներին

17.03.2023 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Ամերիկայի առեւտրի պալատ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի եւ պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանում նախորդ եւ ընթացիկ տարվա մակրոտնտեսական ու հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները:

Նիստի ընթացքում ներկաները քննարկել են Պալատի անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին եւ դրանցով պայմանավորված խնդիրներին, Հայաստանում օտարերկրյա ներդրումներին, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր:

«Փոխվարչապետ Խաչատրյանը հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ Ամերիկայի առեւտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, օտարերկրյա ներդրողների հետ կապերի ամրապնդմանը եւ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:



Ավելի վաղ Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ն, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Հայ-բրիտանական ձեռներեցության պալատը եւ ՓՄՁ համագործակցության ասոցիացիան հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը:
Դիտում՝ 2741

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW