Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը:Այս մասին ասված է Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Հայ-բրիտանական ձեռներեցության պալատի եւ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հայտարարությունում:Փաստաթղթի վերաբերյալ գործարար միությունների կարծիքը ներկայացնում ենք ստորեւ.• ՀՀ առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետ ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն եւ ապահովել հասարակության բոլոր անդամների իրավունքների ու պարտականությունների ներդաշնակ իրականացումը:• Չնայած ՀՀ կառավարության կողմից հայտարարված հարկային բեռի օպտիմիզացման քաղաքականության՝ փաստացի տեղի է ունենում հարկային բեռի ավելացում քաղաքացիների եւ բիզնեսի վրա։ Ինչը գործարարների շրջանում ավելացնում է անորոշությունը եւ անկանխատեսելիությունը:• Ըստ էության նոր հարկատեսակի ներդրումը ռիսկեր է պարունակում նաեւ ստվերային տնտեսության ավելացման մասով՝ իր բոլոր բացասական հետեւանքներով։• Հայեցակարգի «Առողջության համապարփակ ապահովագրություն» անվանումը չի համապատասխանում էությանը, քանի որ ներկայացված հայեցակարգում իրականում սոցիալական ապահովության համակարգ է նկարագրված: ՀՀ օրենսդրության համաձայն, ապահովագրական գործունեությունը ենթակա է լիցենզավորման, ինչպես նաեւ համապատասխան վերահսկման՝ ՀՀ ԿԲ կողմից։• ԱՀԱ միջոցների հավաքագրումը, վճարների չափերի սահմանումն ու ծախսումն իրականացվելու է մեկ մարմնի՝ Հիմնադրամի կողմից, որի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարն է։ Այսինքն, փաստացի առողջապահության նախարարի ձեռքում են կենտրոնանալու քաղաքականությունը եւ բոլոր գործառույթների իրականացումը։ Դա ավելի է խորացնում կոռուպցիոն ռիսկերը՝ հատկապես հաշվի առնելով շահերի բախումը։• Անգամ Հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունների ձեւերը սահմանվելու են նույն կառավարման խորհրդի կողմից։• Հիմնադրամի բյուջեն դուրս է մնում ՀՀ ֆինանսների նախարարության հսկողությունից, քանի որ առաջարկվում է պետական բյուջեում արտացոլել միայն հիմնական ֆինանսական ցուցանիշները (պլանավորված եկամուտներն ու ծախսերը, նախատեսվող դեֆիցիտը/ավելցուկը, վարչական ծախսերի տեսակարար կշիռը եւ այլն):• Հիմնադրամի գործունեությունը դուրս է մնում նաեւ լիարժեք վերահսկողությունից, քանի որ Հաշվեքննիչ պալատը իրականացնելու է ընդամենը բյուջեի կատարողականի գնահատում, իսկ միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունը՝ ֆինանսական աուդիտ: Այսինքն, չի գնահատվելու ծախսվող միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը։• Հայեցակարգով փաստացի անտեսվում է ապահովագրվող անձի ընտրության իրավունքը՝ լիցենզավորված բուժհաստատություն ընտրելու հնարավորությունը՝ առանց վերջիններիս վրա կիրառվող սահմանափակումների։• Ինստիտուցիոնալ առումով առաջարկվում է կիրառել ԱՊՊԱ համակարգի մոդելը, ինչը պետական-մասնավոր արդյունավետ համագործակցության կայացած օրինակ է։Այսպիսով, հարկ ենք համարում ընդգծել հետեւյալը․- Կարեւոր է բացառել պետության կողմից մասնավոր հատվածի գործառույթների ու ծառայությունների մենաշնորհացումը։- Նկատվում է մտահոգիչ տենդենց, երբ էֆեկտիվ կարգավորում/դաշտ ստեղծելու անվան տակ պետությունը մասնավորից տանում է որեւէ գործառույթ պետական հատված։- Արձանագրում ենք, որ մասնավոր հատվածի հետ քննարկումները կրում են զուտ ձեւական բնույթ՝ անտեսելով գործարար համայնքի արտահայտած կարծիքները եւ հիմնավորումները, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է իր ոչ թափանցիկ գործելաոճը: Tweet Դիտում՝ 5629