Կառավարությունն այսօր հաստատել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Այն պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետեւողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ եւ ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից եւ սոցիալական կարգավիճակից: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2023 թվականին առաջին փուլում կհաստատվի ծառայությունների փաթեթը:«Կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք: Կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափը: 2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, եւ նրանց մատուցվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ չունենանք խառը, մասնատված համակարգ: 2024 թվականին կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ եւ կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակում ներառել նաեւ այլ ցանկացողների: 2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակուռները: 2027 թվականից կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար»,-ասել է նախարարը:Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին կարեւորել է ընդունված որոշումը:«Մի քանի կարեւոր ուղղություն կա. մինչեւ այսօր հիմնականում պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակում որոշակի խումբ մարդկանց համար երաշխավորված, անվճար առողջապահական ծառայություններ ենք մատուցում կամ ապահովում: Մենք այս բարեփոխումների շրջանակում կարեւոր ենք համարում, որ բոլոր շահառու խմբերի համար մատուցվող ծառայությունների շրջանակը լինի միասնական:Մեր նպատակն է, որ բարեփոխումների ավարտին հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասը լինի այս համակարգի շահառու»,-ասել է փոխվարչապետը: Tweet Դիտում՝ 3695