ԱՄՆ կենտրոնական բանկի գործառույթները կատարող Դաշնային պահուստային համակարգը (FRS) դժվար թե կարողանա ազգային տնտեսությունը պաշտպանել հետեւանքներից, եթե Կոնգրեսը չհամաձայնեցնի պետական պարտքի առաստաղը բարձրացնելու հարցը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է FRS-ի նախագահ Ջերոմ Փաուելը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի տնտեսական ակումբում։Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը կարող է կարգավորվել միայն մեկ ճանապարհով՝ «եթե Կոնգրեսը ժամանակին բարձրացնի պարտքի առաստաղը, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա վճարել իր բոլոր հաշիվները»։ «Եթե դա տեղի չունենա, թող ոչ ոք չմտածի, որ FRS-ը կարող է պաշտպանել ֆինանսական շուկաները կամ տնտեսությունն այս հարցում չափազանց դանդաղ շարժվելու հետեւանքներից»,- ասել է Փաուելը:«Սա այն է, ինչ պետք է կարգավորի Կոնգրեսը»,- ավելացրել է նա՝ ի պատասխան պարզաբանող հարցին, թե արդյոք FRS-ն ունի գործողությունների «ինչ-որ պատրաստի ծրագիր», եթե օրենսդիրները չկարողանան ժամանակին համաձայնության գալ պետական պարտքի առաստաղը բարձրացնելու շուրջ:Հիշեցնենք, որ հունվարի կեսին ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նամակով դիմել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քեւին Մաքքարթիին՝ զգուշացնելով, որ հունվարի 19-ին Միացյալ Նահանգների պետական պարտքը կարող է հասնել առավելագույն նշագծին, եւ ամերիկյան օրենսդիրները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն այն բարձրացնելու համար, հակառակ դեպքում տնտեսությանն անուղղելի վնաս կհասցվի:Հունվարի 19-ին Յելենը նոր նամակ էր հասցեագրել ԱՄՆ Կոնգրեսին՝ տեղեկացնելով, որ Դաշնային կառավարությունը հասել է Կոնգրեսի կողմից սահմանված պետական պարտքի առաստաղին եւ զրկվել լրացուցիչ փոխառություններ ներգրավելու հնարավորությունից։ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ստիպված է կիրառել, այսպես կոչված, արտակարգ միջոցներ՝ կառավարության ցանկացած պարտավորությունների դեֆոլտից խուսափելու համար, տեղեկացրել էր Յելենը կոնգրեսականներին։ Նա նշել էր, որ այն օրը, երբ կառավարությունը բավարար միջոցներ չի ունենա բոլոր պարտավորությունները կատարելու համար, կարող է լինել 2023 թվականի հունիսին։Միաժամանակ, CNN-ին տված հարցազրույցում Ջանեթ Յելենը զգուշացրել էր «համաշխարհային ֆինանսական ճգնաժամի» վտանգի մասին, եթե Միացյալ Նահանգների պարտքի սահմանաչափի շուրջ որոշում չկայացվի։ «Եթե հնարավորություն չլինի կատարել պլանավորված վճարումները, անկախ նրանից՝ խոսքը պարտատոմսերի սեփականատերերի, սոցիալական ապահովություն ստացողների, թե մեր զինվորականների մասին է, դա, անկասկած, կհանգեցնի ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի եւ կարող է առաջացնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամ»,- ասել էր նա:Յելենը համոզված է՝ դա կխաթարի նաեւ դոլարի դերը՝ որպես պահուստային արժույթի, որն օգտագործվում է գործարքներում ամբողջ աշխարհում: «Իսկ շատ ամերիկացիներ կկորցնեն իրենց աշխատանքը, եւ, իհարկե, կաճի իրենց փոխառությունների արժեքը»,- նշել էր ԱՄՆ Ֆինանսների նախարարը: 30.01.2023 | 16:22 «ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի, սակայն դեմոկրատների արածն անպատասխանատու է» Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ հանրապետական Քեւին Մաքքարթին մտադիր էր փետրվարի 1-ին երկրի նախագահ դեմոկրատ Ջո Բայդենի հետ քննարկել պետական պարտքի առաստաղի բարձրացման եւ պետական ծախսերի կրճատման հարցը:Մաքքարթին հավաստիացրել էր, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ԱՄՆ-ը ստիպված չի լինի դեֆոլտ հայտարարել։ «Դեֆոլտ չի լինի, բայց իսկապես անպատասխանատու է այն, ինչ հիմա անում են դեմոկրատները՝ կոչ անելով պարզապես բարձրացնել [պետական պարտքի] սահմանաչափը»,- ասել էր նա: Միաժամանակ, Մաքքարթին չէր պատասխանել հարցին՝ կաջակցի՞ արդյոք պետական պարտքի առաստաղի երկարաձգմանը մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ որպես ժամանակավոր միջոց։ Tweet Դիտում՝ 5045