ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ հանրապետական Քեւին Մաքքարթին տեղեկացրել է, որ մտադիր է փետրվարի 1-ին երկրի նախագահ դեմոկրատ Ջո Բայդենի հետ քննարկել պետական պարտքի առաստաղի բարձրացման եւ պետական ծախսերի կրճատման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Նախագահն ասել է, որ չի ցանկանում որեւէ քննարկում, բայց ես կարծում եմ՝ շատ կարեւոր է, որպեսզի մեր ամբողջ կառավարությունը վճռական լինի փոխզիջում փնտրելու հարցում: Ես ուզում եմ գտնել խելացի եւ պատասխանատու միջոց՝ բարձրացնելու պարտքի առաստաղը եւ վերահսկողության տակ առնել այս անսանձելի [պետական] ծախսերը»,- նշել է Մաքքարթին CBS հեռուստաալիքի եթերում:«Չեմ կարծում, որ Ամերիկայում կգտնվի որեւէ մեկը, ով համաձայն չէ՝ Վաշինգտոնը որոշակի շռայլ ծախսեր է կատարում, որոնցից մենք կարող ենք ազատվել: Ուստի ուզում եմ միասին նստել եւ համաձայնագիր մշակել, որը մեզ կդնի հավասարակշռության ուղու վրա՝ միաժամանակ, չվտանգելով մեր պարտքային պարտավորություններից որեւէ մեկը: Ես գիտեմ, որ նրա աշխատակիցները փորձում են այլ կերպ խոսել, բայց, կարծում եմ, նախագահը պատրաստ կլինի միասին համաձայնագիր կնքել»,- հավելել է նա։Մաքքարթին հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ԱՄՆ-ը ստիպված չի լինի դեֆոլտ հայտարարել։ «Դեֆոլտ չի լինի, բայց իսկապես անպատասխանատու է այն, ինչ հիմա անում են դեմոկրատները՝ կոչ անելով պարզապես բարձրացնել [պետական պարտքի] սահմանաչափը»,- ասել է նա: Միաժամանակ, Մաքքարթին չի պատասխանել հարցին՝ կաջակցի՞ արդյոք պետական պարտքի առաստաղի երկարաձգմանը մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ որպես ժամանակավոր միջոց։Հիշեցնենք, որ հունվարի կեսին ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նամակով դիմել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քեւին Մաքքարթիին՝ զգուշացնելով, որ հունվարի 19-ին Միացյալ Նահանգների պետական պարտքը կարող է հասնել առավելագույն նշագծին, եւ ամերիկյան օրենսդիրները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն այն բարձրացնելու համար, հակառակ դեպքում տնտեսությանն անուղղելի վնաս կհասցվի:Հունվարի 19-ին Յելենը նոր նամակ էր հասցեագրել ԱՄՆ Կոնգրեսին՝ տեղեկացնելով, որ Դաշնային կառավարությունը հասել է Կոնգրեսի կողմից սահմանված պետական պարտքի առաստաղին եւ զրկվել լրացուցիչ փոխառություններ ներգրավելու հնարավորությունից։ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ստիպված է կիրառել, այսպես կոչված, արտակարգ միջոցներ՝ կառավարության ցանկացած պարտավորությունների դեֆոլտից խուսափելու համար, տեղեկացրել էր Յելենը կոնգրեսականներին։ Նա նշել էր, որ այն օրը, երբ կառավարությունը բավարար միջոցներ չի ունենա բոլոր պարտավորությունները կատարելու համար, կարող է լինել 2023 թվականի հունիսին։ 21.01.2023 | 17:29 Յելեն․ ԱՄՆ-ի պարտքի խնդիրը կարող է հանգեցնել գլոբալ ֆինանսական ճգնաժամի Միաժամանակ, CNN-ին տված հարցազրույցում Ջանեթ Յելենը զգուշացրել էր «համաշխարհային ֆինանսական ճգնաժամի» վտանգի մասին, եթե Միացյալ Նահանգների պարտքի սահմանաչափի շուրջ որոշում չկայացվի։ «Եթե հնարավորություն չլինի կատարել պլանավորված վճարումները, անկախ նրանից՝ խոսքը պարտատոմսերի սեփականատերերի, սոցիալական ապահովություն ստացողների, թե մեր զինվորականների մասին է, դա, անկասկած, կհանգեցնի ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի եւ կարող է առաջացնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամ»,- ասել էր նա:Յելենը համոզված է՝ դա կխաթարի նաեւ դոլարի դերը՝ որպես պահուստային արժույթի, որն օգտագործվում է գործարքներում ամբողջ աշխարհում: «Իսկ շատ ամերիկացիներ կկորցնեն իրենց աշխատանքը, եւ, իհարկե, կաճի իրենց փոխառությունների արժեքը»,- նշել էր ԱՄՆ Ֆինանսների նախարարը: Tweet Դիտում՝ 7380