Ջանեթ Յելենը զգուշացրել է ԱՄՆ Կոնգրեսին դեֆոլտի վտանգի մասին

14.01.2023 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ջանեթ Յելեն #պետական պարտք
Հունվարի 19-ին Միացյալ Նահանգների պետական պարտքը կարող է հասնել առավելագույն նշագծին, եւ ամերիկյան օրենսդիրները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն՝ այն բարձրացնելու համար, հակառակ դեպքում տնտեսությանն անուղղելի վնաս կհասցվի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի՝ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մաքքարթիին ուղղված նամակում։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ սկսած 2023 թվականի հունվարի 19-ից Միացյալ Նահանգների չմարված պարտքը կարող է հասնել օրենքով սահմանված նշագծին»,- ասված է փաստաթղթում։

«Ամենայն հարգանքով կոչ եմ անում Կոնգրեսին գործել արագ՝ պաշտպանելու Միացյալ Նահանգների վարկային պարտավորությունների կատարման երաշխիքը»,- ասված է նամակում, որի պատճենը Յելենն ուղարկել է նաեւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովների նախագահներին, դրանցում ներառված դեմոկրատական եւ հանրապետական խմբակցությունների ղեկավարներին։

Յելենի խոսքով՝ պարտքի առաստաղին հասնելուց հետո ֆինանսական գերատեսչությունը ստիպված կլինի «արտակարգ միջոցներ» ձեռնարկել՝ «ԱՄՆ դեֆոլտը կանխելու համար»։

Յելենի համոզմամբ՝ «Կոնգրեսի կողմից պարտքի առաստաղը բարձրացնելու կամ կասեցնելու համար ժամանակին իրականացված գործողությունները կենսական նշանակություն կունենան»: Նրա խոսքով՝ հակառակ դեպքում «անուղղելի վնաս կհասցվի ԱՄՆ տնտեսությանը, բոլոր ամերիկացիներին եւ համաշխարհային ֆինանսական կայունությանը»:

Նախարարը հավաստիացրել է, որ պարտքի առաստաղի բարձրացումը «չի հանգեցնի նոր ծախսերի եւ չի բերի կորուստների հարկատուների համար»։

2022 թվականի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր օրենք, ըստ որի՝ երկրի պարտքի առաստաղը բարձրացվել էր $2,5 տրիլիոնով՝ մինչեւ 31,4 տրիլիոն։ Այսպիսով, կանխվել էր հնարավոր դեֆոլտը: Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Յելենը, եթե օրենքը չհաստատվեր, դաշնային կառավարության աշխատանքը ֆինանսավորելու համար անհրաժեշտ միջոցների պակաս կարող էր լինել:

Ներկայումս ԱՄՆ պետական պարտքը կազմում է $31,31 տրիլիոն։
Դիտում՝ 9046
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW