Յելեն․ ԱՄՆ-ի պարտքի խնդիրը կարող է հանգեցնել գլոբալ ֆինանսական ճգնաժամի

21.01.2023 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջանեթ Յելեն #պարտք #գլոբալ ֆինանսական ճգնաժամ
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը CNN-ին տված հարցազրույցում զգուշացրել է «համաշխարհային ֆինանսական ճգնաժամի» վտանգի մասին, եթե Միացյալ Նահանգների պարտքի սահմանաչափի շուրջ որոշում չկայացվի։

Դաշնային կառավարության կողմից վճարումներ չկատարելու հետեւանքները, նրա պնդմամբ, կարող են լինել այնքան լայնածավալ, որքան «համաշխարհային ֆինանսական ճգնաժամը»:

«Եթե հնարավորություն չլինի կատարել պլանավորված վճարումները, անկախ նրանից՝ խոսքը պարտատոմսերի սեփականատերերի, սոցիալական ապահովություն ստացողների, թե մեր զինվորականների մասին է, դա, անկասկած, կհանգեցնի ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի եւ կարող է առաջացնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամ»,- ասել է Յելենը:

Նա համոզված է՝ դա կխաթարի նաեւ դոլարի դերը՝ որպես պահուստային արժույթի, որն օգտագործվում է գործարքներում ամբողջ աշխարհում: «Իսկ շատ ամերիկացիներ կկորցնեն իրենց աշխատանքը, եւ, իհարկե, կաճի իրենց փոխառությունների արժեքը»,- ասել է Յելենը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ջանեթ Յելենը նամակով դիմել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մաքքարթիին՝ զգուշացնելով, որ հունվարի 19-ին Միացյալ Նահանգների պետական պարտքը կարող է հասնել առավելագույն նշագծին, եւ ամերիկյան օրենսդիրները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն այն բարձրացնելու համար, հակառակ դեպքում տնտեսությանն անուղղելի վնաս կհասցվի:



Հունվարի 19-ին Ջանեթ Յելենը նոր նամակ էր հասցեագրել ԱՄՆ Կոնգրեսին՝ տեղեկացնելով, որ Դաշնային կառավարությունը հասել է Կոնգրեսի կողմից սահմանված պետական պարտքի առաստաղին եւ զրկվել լրացուցիչ փոխառություններ ներգրավելու հնարավորությունից։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ստիպված է կիրառել, այսպես կոչված, արտակարգ միջոցներ՝ կառավարության ցանկացած պարտավորությունների դեֆոլտից խուսափելու համար, տեղեկացրել էր Յելենը կոնգրեսականներին։ Նա նշել էր, որ այն օրը, երբ կառավարությունը բավարար միջոցներ չի ունենա բոլոր պարտավորությունները կատարելու համար, կարող է լինել 2023 թվականի հունիսին։
Դիտում՝ 7916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW