Ահաբեկչության դեմ պայքարի եւ ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը (Brian Nelson) Ստամբուլ կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառումը, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։«Մեր բոլորի պարտականությունն է՝ Վաշինգտոնից մինչեւ Ստամբուլ եւ ամբողջ աշխարհի ֆինանսական կենտրոններ, վերացնել ֆինանսական համակարգերում առկա թերությունները, արմատախիլ անել ֆինանսական հանցագործությունները, մաքրել անօրինական սուբյեկտների կողմից օգտագործվող ֆինանսական ստվերները եւ աշխատել ավելի արդար եւ ներառական համաշխարհային տնտեսության ուղղությամբ»,- հայտարարել է Նելսոնը։Նրա խոսքով՝ անշարժ գույքն այն ոլորտներից է, որը շահագործման առումով շարունակում է խոցելի մնալ ապօրինի սուբյեկտների կողմից ինչպես Թուրքիայում, այնպես էլ ԱՄՆ-ում:«Միացյալ Նահանգներում մենք ներդնում ենք բոլոր ջանքերը՝ գնահատելու անշարժ գույքի ոլորտից բխող ապօրինի ֆինանսավորման սպառնալիքները: Մենք ձգտում ենք քայլեր ձեռնարկել թափանցիկությունը բարձրացնելու համար, որպեսզի անշարժ գույքի ոչ թափանցիկ գնումները չդառնան փողերի լվացման մեթոդ:Մասնավոր հատվածը վճռական դեր է խաղում այս ռիսկերը վերացնելու գործում, այդ թվում՝ անշարժ գույքի հետ կապված գործարքների լրացուցիչ ստուգման միջոցով, որպեսզի կանխվի տեղական եւ օտարերկրյա հանցագործների կողմից շքեղ անշարժ գույքի եւ այլ արժեքավոր ակտիվների միջոցով փող լվանալու հնարավորությունը»,- ընդգծել է Նելսոնը:Նրա խոսքով՝ ապօրինի ֆինանսավորման մեկ այլ համակարգային խնդիր, որի վրա ԱՄՆ-ը կենտրոնանում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում, ընկերությունների սեփականության տնօրինումն է եւ շահառու սեփականատերերին բացահայտելու շարունակվող խնդիրը, այսինքն՝ իրական մարդկանց, ովքեր տնօրինում եւ վերահսկում են կորպորատիվ կառույցները:«Շահառուական տնօրինումն ու անշարժ գույքն ընդամենը երկու ոլորտն են, որտեղ մեր երկու երկրները պետք է աշխատեն ապօրինի ֆինանսավորման ռիսկերը նվազեցնելու համար, բայց կան նաեւ այլ ոլորտներ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:Նա նշել է, որ ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից էներգակիրների ներմուծման եւ գյուղատնտեսական ապրանքների առեւտրի հարցում եւ շարունակում է աշխատել այդ տնտեսական գործունեության վրա բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ։«Սակայն վերջին տարվա ընթացքում թուրքական ոչ հիմնական արտահանման կամ վերաարտահանման զգալի աճը դեպի Ռուսաստան թուրքական մասնավոր հատվածին դարձնում է հատկապես խոցելի հեղինակության եւ պատժամիջոցների ռիսկերի նկատմամբ: Սա թելադրվում է Մոսկվայի կողմից»,- ասել է Նելսոնը։Այնուամենայնիվ, նա նշել է, որ թուրքական ձեռնարկություններն ու բանկերը նույնպես պետք է լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն՝ խուսափելու երկակի նշանակության տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման հետ կապված գործարքներից, որոնք կարող են օգտագործվել ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի կողմից:Բացի այդ, ըստ նրա, ռուսաստանցի օլիգարխները եւ պետական պաշտոնյաները շարունակում են անշարժ գույք գնել, զբոսանավեր կայանել, բիզնես վարել եւ ծառայություններ ստանալ Թուրքիայում իրենց սեփականության համար:Այս պատժամիջոցների ռիսկերը նվազեցնելու համար նա ֆինանսական հաստատություններին կոչ է արել ուժեղացված ստուգում անցկացնել ռուսաստանցի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ գործարքների ուղղությամբ:«Ես ընդունում եմ, որ որպես միջազգային առեւտրի կենտրոն, որը գտնվում է հակամարտությունների գոտիներին մոտ, Թուրքիան բախվում է եզակի խնդիրների, որոնք ստեղծում են խոցելիություն, ներառյալ՝ շահագործումն այլ վտարյալ պետությունների, ահաբեկչական խմբերի, կազմակերպված հանցավորության եւ կոռումպացված սուբյեկտների կողմից:Չնայած մենք՝ որպես կառավարություններ, միջազգային համաժողովներում աշխատում ենք այդ սպառնալիքները նվազեցնելու ուղղությամբ, այնուամենայնիվ, ինչպես գիտեք, կան ոլորտներ, որտեղ կառավարությունները, որպես կանոն, այդքան էլ արագ չեն ադապտացվում ապօրինի ֆինանսավորման հետ կապված նոր սպառնալիքներին, ինչպես դա անում է մասնավոր հատվածը: Ուստի խնդրում եմ ձեզ ինքնուրույն քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու թուրքական ֆինանսական համակարգի ամբողջականությունը եւ նվազագույնի հասցնելու ձեր գործարար համբավին սպառնացող ռիսկերը։Մենք ձգտում ենք խորացնել մեր գործընկերությունը ձեզ հետ՝ այս ռիսկերը նվազեցնելու համար»,- հայտարարել է Բրայան Նելսոնը:***Այն փաստարկները, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում՝ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում ճնշում գործադրելու համար, համոզիչ չեն։ Այս մասին նախօրեին գրել է Aydınlık թերթը՝ վկայակոչելով իշխանական կառույցներում աղբյուրը, ով մեկնաբանել է անցած շաբաթ Ստամբուլում կայացած Բրայան Նելսոնի բանակցությունները թուրք ներկայացուցիչների հետ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մեկնաբանելով բանակցությունները՝ աղբյուրը նշել է, որ «հենց ԱՄՆ-ն է մեղավոր ուկրաինական հակամարտության ձգձգման համար, վերջինս խոչընդոտել է դրա կարգավորմանը, երբ խաղաղությունն այդքան մոտ էր»։Այդ կապակցությամբ նա հիշեցրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարություններն անցած տարվա մարտին Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այն ժամանակ ճգնաժամի խաղաղ կարգավորման հույս կար, սակայն հետագայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը Չավուշօղլուն հասկացավ, որ հակամարտությունը կշարունակվի, քանի որ դաշինքի որոշ անդամներ չեն ցանկանում, որ այն ավարտվի։ «Այն պայմաններում, երբ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների փաստարկները համոզիչ չեն»,- ասել է պարբերականի զրուցակիցը։ 30.01.2023 | 13:41 ԱՄՆ պաշտոնյան Թուրքիայում կխոսի ՌԴ-ին օգնելու ռիսկերի մասին Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը կզգուշացնի Թուրքիային, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) եւ Օմանին ամերիկյան շուկային հասանելիությունը կորցնելու ռիսկերի մասին, եթե անտեսվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։Նշվում էր, որ Բրայան Նելսոնի այցն այս երեք երկիր կտեւի հունվարի 29-ից փետրվարի 3-ը։ Ուղեւորության ընթացքում նա կհանդիպի իշխանության, ֆինանսական կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ։Հաղորդվում էր նաեւ, որ այս երկրներում Նելսոնը կքննարկի պատժամիջոցները եւ արտահանման սահմանափակումները շրջանցելու Ռուսաստանի փորձերի դեմ պայքարելու ջանքերը, ինչպես նաեւ տարածաշրջանում Իրանի «ապակայունացնող» գործողությունները եւ անօրինական ֆինանսական գործարքները։ Tweet Դիտում՝ 4463