Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ամփոփում է 2022 թվականին իրականացված ծրագրերի արդյունքները։ Ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրից մեկը՝ ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա ընկերության համատեղ Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաընկերությունն այս տարվա հուլիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Այս կարճ ժամանակահատվածում ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում 5 ուղղությամբ։ Հաջորդ տարի նախատեսվում է ընդլայնել չվերթների աշխարհագրությունը, այդ թվում` ներառելով եվրոպական ուղղությունը:ԱՆԻՖ-ի եւ արաբական Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Շուտով կավարտվեն կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) աշխատանքները, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ: ԱՆԻՖ-ի դուստր ընկերության`«Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ, ընդհանուր առմամբ, արդեն իրականացվում է յոթ ներդրումային ծրագիր, որից՝ «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հետ համատեղ իրականացվող «Հարդ Ռոք Կաֆե Երեւան» նախագիծը մեկնարկեց այս տարի հուլիսից` ընդունելով առաջին այցելուներին եւ դառնալով հայաստանցիների ու զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը։ ԱՆԻՖ-ից հայտնել են, որ այս տարի կնքվել է եւս երկու նոր նախագծի պայմանագիր գյուղատնտեսության ոլորտում։ «Էկո ֆրեշ մաշռումս» եւ «Քեյ ընդ Ջի» ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում հայկական բարձրորակ սունկը եւ ելակը կընդլայնեն արտահանման շուկաները։ ԱՆԻՖ-ի բոլոր համատեղ ծրագրերը եւ գործընկերները համագործակցությունը սկսելուց մինչեւ 2022 թվականի երրորդ եռամսյակի ավարտը, իրենց գործունեության 3-12 ամիսների համար, ներկայացրել եւ վճարել են ընդհանուր առմամբ մոտ 470 մլն դրամի հարկեր եւ պետական տուրքեր: Բոլոր ծրագրերը միասին նպաստել են 2021-2022 թվականներին շուրջ 800 աշխատատեղի ստեղծմանը եւ պահպանմանը։ ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում, համատեղ ծրագրերի շնորհիվ, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է, ընդհանուր առմամբ, $214 միլիոն, որի 91%-ը՝ գործընկերների, 9%-ը` ԱՆԻՖ-ի կողմից: Նշվում է, որ տարեվերջին գործարկվել է ԱՆԻՖ-ի ԱՌՖԻ (Armenia Financed) քրաուդֆանդինգային հարթակը, որը հնարավորություն կընձեռի ներդրումներ ներգրավել ամբողջ աշխարհից՝ Հայաստանում, մասնավոր բիզնեսներում, նոր ստարտափ նախագծերում։ Գալիք տարվա ընթացքում ծրագրվում է եւս մի քանի նոր նախագծերի մեկնարկ։ Tweet Դիտում՝ 20317