«Այգ-1» ֆոտովոլտային կայան կառուցելու համար իրականացվել են ՇՄԱԳ լսումներ

21.12.2022 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #«Այգ-1» #ֆոտովոլտային կայան
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ ծրագրի` «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման հետ կապված դեկտեմբերի 20-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Աշնակ, Դաշտադեմ եւ Թալին համայնքներում իրականացվել են կայանի կառուցման Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) վերաբերյալ թվով երրորդ հանրային լսումները:

ԱՆԻՖ-ից հայտնել են, որ ՇՄԱԳ աշխատանքները համակարգող «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» կազմակերպության ներկայացուցիչ Միքայել Թեւոսյանը համայնքների բնակիչներին մանրամասն ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները:
 
Կազմակերպության կողմից ներգրավվել են տեղական եւ միջազգային փորձագետներ, որոնց հետ համատեղ իրականացվել են տարածքի պատմահնագիտական եւ կենսաբազմազանության դաշտային ուսումնասիրություններ, ինչպես նաեւ սոցիալական ազդեցության գնահատման համար անհրաժեշտ դաշտային աշխատանքներ։  

Միքայել Թեւոսյանի խոսքով՝ հայցվող տարածքում եւ մերձակա տարածքներում առանձնահատուկ պահպանության կարիք ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող եւ ՀՀ Կարմիր գրքում կամ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) կարմիր ցուցակում գրանցված բուսատեսակներ եւ կենդանատեսակներ չեն հայտնաբերվել: Չկան նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներ, եւ արեւային կայանի կառուցումը շոշափելի վնաս չի հասցնի այստեղ ապրող ողնաշարավորներին։
ՇՄԱԳ-ի ներկայացմանը հաջորդել է հարց ու պատասխանը, որի ընթացքում բնակիչները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը: Մասնավորապես, չորս համայնքի բնակիչներին հիմնականում հետաքրքրում էր իրականացվելիք սոցիալական աջակցության ծրագրերը:

Մասդար ընկերության կողմից Թալին եւ Դաշտադեմ համայնքների սոցիալական աջակցության ծրագրերի համար որպես նվիրատվություն տրամադրվել է 320 մլն դրամ: Կաթնաղբյուր եւ Աշնակ գյուղերի համար նախատեսվում է օժանդակության փոքր ծրագրեր (այդ թվում` տարբեր դասընթացներ), քանի որ այդ գյուղերի հողատարածքները չեն մտնում ծրագրի մեջ, այլ միայն անասունների համար հանդիսանում են արտովայրեր:

ԱՆԻՖ-ից հիշեցրել են, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Մասդար ընկերության միջեւ 200 մՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակում ստորագրվել է  կառավարության աջակցության համաձայնագիր։

Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը $174 միլիոն է, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` $0,0290՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85%-ը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15%-ը՝ ԱՆԻՖ-ին:

Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:
Դիտում՝ 11311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW