Ինը երկրներից վեցում, որտեղ աշխատում էր ռուսաստանյան «Միր» վճարային համակարգը, բանկերը հրաժարվել են աջակցել վերջինիս՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի ֆոնին։RBC-ի փոխանցմամբ՝ Bloomberg-ի վերլուծաբանները ստեղծված իրավիճակը գնահատել են որպես «փլուզում» եւ «ֆինանսական մեկուսացման» պայմաններում Visa-ին եւ Mastercard-ին սեփական այլընտրանք ստեղծելու Ռուսաստանի փորձերի ձախողում։Մասնավորապես, Bloomberg-ի զրուցակիցները նշել են, որ Ռուսաստանի Բանկը (ԿԲ) զարմացած է բարեկամ երկրների՝ «Միր»-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հանգամանքով։ Ներկայումս, ըստ գործակալության, Կենտրոնական բանկը փնտրում է ուրիշ այլընտրանք այս համակարգին։«Երկրորդային պատժամիջոցների վերաբերյալ մտահոգությունները գերակշռում են միջնորդավճարներից եկամուտ ստանալու շահագրգռվածությանը»,- մեկնաբանել է ստեղծված իրավիճակը Էլեկտրոնային փողերի եւ դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ռուսաստանյան ասոցիացիայի նախագահ Վիկտոր Դոստովը: Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում ռուսաստանցիները ստիպված են արտերկրում օգտագործել «մասնակի լուծումներ», քանի որ ինչպես «Միր», այնպես էլ արտասահմանյան վճարային համակարգերը դարձել են անհասանելի նրանց համար։ 16.09.2022 | 12:19 ԱՄՆ-ը զգուշացնում է ՌԴ տարածքից դուրս «Միր»-ի օգտագործման ռիսկերի մասին Սեպտեմբերի կեսին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը սպառնացել էր արտասահմանյան բանկերին պատժամիջոցներով «Միր» վճարային համակարգի հետ համագործակցության համար։ Այդ ժամանակից ի վեր միանգամից մի քանի երկրում, այդ թվում՝ ԱՊՀ պետություններում, որոշ վարկային հաստատություններ անմիջապես դադարեցրին «Միր»-ի ընդունումը։ Այդ հայտարարությունից հետո թուրքական Isbank-ը եւ Denizbank-ը առաջիններից հրաժարվեցին քարտերի սպասարկումից, ապա նույն որոշումն ընդունեցին ղազախական Halyk Bank-ը, վիետնամական BIDV-ը, ինչպես նաեւ ուզբեկական UZCARD վճարային համակարգը, որի ցանցում աշխատում էին «Միր» քարտերը: Ավելի ուշ՝ սեպտեմբերի վերջին, The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել «Միր» վճարային համակարգի դեմ։ Սա կնշանակի, որ բոլոր ֆինանսական հաստատությունները, որոնք կշարունակեն աշխատել ռուսաստանյան քարտերով, ուղղակիորեն կհայտնվեն սահմանափակումների սպառնալիքի տակ։ Tweet Դիտում՝ 4934