Իտալական Eni ընկերություն. ինչո՞ւ մենք պետք է գազ ստանանք Թուրքիայից

31.10.2022 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Eni #Կլաուդիո Դեսկալցի
Թուրքական հանգույցի միջոցով դեպի Եվրոպա գազ մատակարարելու համար Թուրքիայում անհրաժեշտ կլինի ստեղծել ենթակառուցվածք, ինչը կարող է հանգեցնել գազի գնի բարձրացման, հայտարարել է իտալական Eni խոշորագույն նավթագազային ընկերության ղեկավար Կլաուդիո Դեսկալցին։

«Կարծում եմ՝ հեշտ չի լինելու, քանի որ դրա համար պետք է կառուցել ամբողջ ենթակառուցվածքը, ինչն ավելացնում է գազի գինը»,- ասել է նա։ «Մենք Ռուսաստանի հետ կապված ենք Ուկրաինայի միջոցով եւ գազ ենք ստանում։ Ուրեմն ինչո՞ւ մենք պետք է գազ ստանանք Թուրքիայից»,- Դեսկալցիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նրա խոսքով՝ Եվրոպան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքը գազի ընդունման եւ տարանցման համար, որը Ռուսաստանն ավանդաբար մատակարարում է խողովակաշարերով։ «Երբ մտածում եք գազի մասին էներգետիկ անվտանգության տեսանկյունից, խոսքը միայն գազի մասին չէ: Պետք է մտածեք գազի եւ ենթակառուցվածքի մասին։ Այս երկու գործոնները փոխկապակցված են»,- ընդգծել է Դեսկալցին։

Eni-ի ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ ընկերությունը չի մտքափոխվել եւ նախատեսում է վաճառել իր մասնաբաժինը «Գազպրոմ»-ի հետ համատեղ կառուցված «Երկնագույն հոսք» գազատարում։

Հատկանշական է, որ Ֆրանսիան եւս անիմաստ է համարում Եվրոպային ռուսաստանյան գազով ապահովելու համար նոր ենթակառուցվածքների ստեղծումը, օրինակ՝ Թուրքիայում գազի հանգույցի հիմնումը:

«Անիմաստ ենք համարում նոր ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք թույլ կտան ավելի շատ ռուսաստանյան գազ ներկրել»,- հոկտեմբերի կեսին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահի վարչակազմի անանուն պաշտոնյան։ Նրա խոսքով՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Եվրոպան ձգտում է ազատվել ռուսաստանյան գազից կախվածությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Թուրքիայում ստեղծել «գազի խոշորագույն հանգույց»: Նման քայլը, նրա խոսքով, տնտեսապես շահավետ կլինի, իսկ այդ երթուղու անվտանգությունը, «դատելով վերջին իրադարձություններից, իհարկե, շատ ավելի բարձր է»։

Մեկ օր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական էր գնահատել իր ռուս պաշտոնակցի գաղափարը: Երկու երկրների ղեկավարները հանձնարարել են մանրամասն եւ օպերատիվ կերպով մշակել այս առաջարկը։

Ըստ ՌԴ նախագահի՝ Թուրքիայում գազի հանգույցը կարող է հարթակ դառնալ ոչ միայն մատակարարումների, այլեւ գազի գինը «նորմալ շուկայական մակարդակով» որոշելու համար։
Դիտում՝ 7202
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW