Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում կլինի ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին: «Դեսպան ՄըՔին իր այցով կխթանի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ գործակցությունը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ երկու ժողովուրդների միջեւ երկար տարիների հարաբերությունների վրա: Դեսպան ՄըՔիի հետ միասին Հայաստան կայցելի նաեւ Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ՝ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին»,- ասված է հաղորդագրության մեջ:Այցի օրակարգում ընդգրկված են հանդիպումներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպումների քննարկման շրջանակն ընդգրկում է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը Հայաստանի հետ՝ ժողովրդավարության եւ տնտեսական անվտանգության զարգացման տեսանկյունից։ Նա կհանդիպի նաեւ մամուլի ներկայացուցիչներին ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի շահառուներին, կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությանը։ Իր հանդիպումներում դեսպան ՄըՔին կընդգծի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին շարունակել իր ուղին եւ առաջ գնալ դեպի ժողովրդավարական բարեփոխումներ, աջակցել կոռուպցիայի կանխարգելման ջանքերին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների խթանմանն ու տնտեսական բարգավաճմանը: Tweet Դիտում՝ 9472