Կառավարությունը «Օնիրա քլաբ»-ի փոխարեն կվճարի շուրջ 4․2 մլրդ դրամի տուրք
07.07.2022 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /


Կառավարության նիստում որոշումը ներկայացնելիս Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրել է, ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության շրջանակում պարետի՝ 2020թ. մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ՝ 1 միլիարդ 375 միլիոն դրամ: Ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է եւ, հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, այն դադարեցվել է: Ընկերությունը վիճարկել է նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել: Ի վերջո, Վարչական դատարանն օգուտ ընկերությանը վճիռ է կայացրել:
«Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020թ․ նոյեմբերի 20-ից մինչեւ վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022թ․ մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում էլ պետք է վերահաշվարկվեն եւ զրոյացվեն:
Արդյունքում՝ խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022թ. երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամ եւ կառավարությունը որոշել է այն վճարել ընկերության փոխարեն», - ասել է փոխնախարարը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստացի «Օնիրա քլաբ»-ի պարտավորությունները զրոյացվում են:
«Այս ամենը ծագել է ՔՈՎԻԴ-ի հետ կապված կայացված որոշումների եւ այն բանի արդյունքում, որ ընկերությունը չաշխատելով, ըստ էության, պիտի վճարեր տուրքեր: Ընկերությունն էլ չի համաձայնվել ձեւակերպման հետ, հետո դատական մարմինները մեծ մասամբ համաձայնել են ընկերության հետ, բայց եթե մենք հիմա այս կետի վրա կանգնենք, նույն պրոցեսի մեջ ենք մտնելու, փակուղին շարունակվելու է: Դատական ակտը մեզ վերադարձրել է այն վիճակին, որից սկսվել է այս ամենը: Սրա համար երկու տարբերակ կա. կամ պետք է այնպես անենք, որ այս պատմությունը նորից զրոյից կրկնվի, կամ պետք է այս պատմությունը զրոյացնենք: Ընտրել ենք երկրորդ տարբերակը: Այս որոշմամբ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի 2022թ․ հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից, մաքուր թերթից սկսելու հնարավորություն ստանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: