Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ դոլարի դերը համաշխարհային տնտեսությունում

18.06.2022 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջերոմ Փաուել #FRS #դոլար
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) թվային արժույթը կարող է պոտենցիալ օգնել պահպանել ԱՄՆ դոլարի միջազգային կարգավիճակը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել FRS-ի ղեկավար  Ջերոմ Փաուելը համաշխարհային տնտեսությունում ԱՄՆ դոլարի դերին նվիրված համաժողովում, որը կազմակերպվել է Վաշինգտոնում FRS-ի մասնակցությամբ։

«Հաշվի առնելով կրիպտոակտիվների եւ stablecoin-ների անհավանական աճը՝ FRS-ն ուսումնասիրում է, թե արդյոք ԱՄՆ Կենտրոնական բանկի թվային արժույթը՝ CBDC-ը (Central Bank Digital Currency), կնպաստի արդեն իսկ ապահով եւ արդյունավետ ներքին վճարային համակարգի կատարելագործմանը: Ամերիկյան CBDC-ն կարող է նաեւ պոտենցիալ նպաստել դոլարի միջազգային կարգավիճակի պահպանմանը»,- ասել է Փաուելը:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում տարբեր կարծիքներ են հնչում թվային դոլարի ներդրման գաղափարի վերաբերյալ։ Մայիսի վերջին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում՝ FRS-ի ղեկավարի տեղակալ Լեյլ Բրեյնարդն ասել էր, որ գերատեսչության ղեկավարության մեջ կան անդամներ, ովքեր ավելի թերահավատորեն են վերաբերվում երկրում CBDC-ի հայտնվելուն:

Առաջարկի հակառակորդները նշում են, որ դոլարային շատ գործարքներ արդեն իսկ թվայնացվել են, ինչպես նաեւ մտահոգություններ են հայտնում օգտատերերի գաղտնիության վերաբերյալ: FRS-ը հայտարարել էր, որ չի իրականացնի այդ գաղափարն առանց Սպիտակ տան եւ Կոնգրեսի լիակատար աջակցության:

Չինաստանում արդեն հայտնվել է թվային յուանը` Չինաստանի ժողովրդական բանկի կողմից թողարկվող էլեկտրոնային փողը։ Այն ունի նույն արժեքը, ինչ սովորական չինական թղթադրամները: Չինաստանի ԿԲ-ի ծրագրերի համաձայն՝ ժամանակի ընթացքում թվային յուանը պետք է փոխարինի շրջանառության մեջ գտնվող կանխիկ միջոցների մի մասը։

Իսկ Ռուսաստանի Բանկի (ԿԲ) նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան նախօրեին տեղեկացրել էր, որ ԿԲ-ն փորձնական հաճախորդների եւ 12 բանկերի հետ ռուբլու թվայնացման պիլոտային նախագիծ է իրականացնում։

***
Միջոցառման ընթացքում Ջերոմ Փաուելը նաեւ հայտարարել է, որ իր գլխավոր խնդիրներից է ԱՄՆ-ում գնաճի դանդաղեցումը, որը հասել է առավելագույնի 40 տարվա ընթացքում։

«Ես եւ իմ գործընկերները հստակ միտված ենք գնաճը վերադարձնելու 2% մեր թիրախային ցուցանիշին: Գների կայունությունը պահպանելու հանձնառությունն ապահովում է համընդանուր վստահությունը դոլարի նկատմամբ՝ որպես կապիտալի պահպանման միջոցի»,- Փաուելի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։

Փաուելը նաեւ նշել է, որ FRS-ի կարողությունը կատարել իր երկակի խնդիրը՝ նպաստել առավելագույն զբաղվածությանը եւ գների կայունությանը, կախված է ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակից:

Հիշեցնենք, որ օրերս FRS-ը որոշել էր բարձրացնել հիմնական տոկոսադրույքի միջակայքը մինչեւ տարեկան 1,5-1,75%՝ 75 բազիսային կետով (0,75 տոկոսային կետով): Վերջին անգամ տոկոսադրույքն այդքան կտրուկ բարձրացվել էր 1994 թվականի նոյեմբերին, երբ FRS-ի ղեկավարը դեռ Ալան Գրինսպենն էր։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ դոլարն ու եվրոն արժեզրկվում են, դրանց անխուսափելիորեն փոխարինելու կգան իրական ակտիվները։

«Իսկ ինչո՞ւ ապրանքները փոխանակել դոլարով եւ եվրոյով, որոնք կորցնում են իրենց կշիռը։ Եզրահանգումն այն է, որ երեւակայական էությունների տնտեսությանն անխուսափելիորեն կփոխարինի իրական արժեքների եւ ակտիվների տնտեսությունը»,- ասել էր Պուտինը։
Դիտում՝ 4337
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW