«Դոլարն ու եվրոն արժեզրկվում են, դրանց պարտադիր կփոխարինեն իրական ակտիվները»

17.06.2022 | 22:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Պուտին #Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով
Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները հիմնարար բնույթ են կրում, նախկինի պես այլեւս չեն լինելու, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:

«Սխալ է կարծել, որ բուռն փոփոխությունների ժամանակները կարող են թուլանալ, սպասել, որ իբր ամեն ինչ կվերադառնա իր հուն, ամեն ինչ կլինի նախկինի պես։ Չի լինի»,- Պուտինի խոսքերն է մեջբերում RBC-ն։

Նրա խոսքով՝ փոփոխությունները կրում են հիմնարար, «շրջադարձային եւ անողոք» բնույթ։

Սակայն, պետության ղեկավարի խոսքով, արեւմտյան երկրների իշխող էլիտաներն այս պատրանքների մեջ են, չեն ցանկանում նկատել ակնհայտ բաներ եւ «կառչում են անցյալի ստվերից»։

«Օրինակ, նրանք կարծում են, որ Արեւմուտքի գերակայությունը համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ անփոփոխ, հավերժական մեծություն է»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ «ոչինչ հավերժ չէ»։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի գործընկերները հերքում են իրականությունը եւ փորձում են հակազդել պատմության ընթացքին։

Իր ելույթի ընթացքում Պուտինը նաեւ հայտարարել է, որ դոլարն ու եվրոն արժեզրկվում են, դրանց անխուսափելիորեն փոխարինելու կգան իրական ակտիվները։

«Իսկ ինչո՞ւ ապրանքները փոխանակել դոլարով եւ եվրոյով, որոնք կորցնում են իրենց կշիռը։ Եզրահանգումն այն է, որ երեւակայական էությունների տնտեսությանն անխուսափելիորեն կփոխարինի իրական արժեքների եւ ակտիվների տնտեսությունը»,- ասել է Պուտինը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հավելել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ գլոբալ արժութային պահուստներում գտնվում է $7,1 տրիլիոն եւ €2,5 տրիլիոն։ «Եվ այս փողերն արժեզրկվում են տարեկան մոտ 8%-ով։ Բացի այդ, ցանկացած պահի դրանք կարող են առգրավվել կամ գողացվել, եթե ԱՄՆ-ին ինչ-որ բան դուր չգա որեւիցե երկրի քաղաքականության մեջ»,- ընդգծել է Պուտինը։

Նրա կարծիքով՝ նման իրավիճակը պարտադիր կհանգեցնի նրան, որ աշխարհի երկրներն առաջիկա տարիներին անխուսափելիորեն կսկսեն արժութային պահուստները փոխարկել իրական ակտիվների։

«Փորձագետների գնահատմամբ՝ առաջիկա տարիներին կսկսվի համաշխարհային պահուստների փոխարկման գործընթացը»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ երկրներն արժեզրկվող արժույթները կփոխարկեն իրական ռեսուրսների, ինչպիսիք են պարենը, էներգակիրներն ու այլ հումքը: «Ակնհայտ է, որ այս գործընթացն էլ ավելի կխթանի դոլարային գլոբալ գնաճը»,- հավելել է նա։

Միաժամանակ, Եվրոպայում, ըստ Պուտինի, գների առումով լրացուցիչ բացասական ազդեցություն է ունեցել նաեւ ձախողված էներգետիկ քաղաքականությունը։ «Կույր խաղադրույքներ վերականգնվող աղբյուրների եւ բնական գազի սփոթային մատակարարումների վրա: Դա հանգեցրել է էներգիայի ինքնարժեքի կտրուկ աճի, որը նկատվում է նախորդ տարվա երրորդ եռամսյակից։ Դոնբասում մեր գործողությունների մեկնարկից շատ առաջ։ Մենք բացարձակապես կապ չունենք դրա հետ»,- ընդգծել է Պուտինը։
Դիտում՝ 8094
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW