ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Federal Reserve System, FRS) Բաց շուկայի դաշնային կոմիտեն (Federal Open Market Committee, FOMC) որոշել է բարձրացնել հիմնական տոկոսադրույքի միջակայքը մինչեւ տարեկան 1,5-1,75%՝ 75 բազիսային կետով (0,75 տոկոսային կետով):Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ վերջին անգամ տոկոսադրույքն այդքան կտրուկ բարձրացվել էր 1994 թվականի նոյեմբերին, երբ FRS-ի ղեկավարը դեռ Ալան Գրինսպենն էր։ Տոկոսադրույքը 1,5-1,75% մակարդակում էր, երբ սկսվեց համավարակը, եւ FRS-ը ստիպված էր արագ իջեցնել այն մինչեւ զրոյականին մոտ ցուցանիշների՝ տնտեսությունը խթանելու համար:FRS-ն «ակնկալում է, որ տոկոսադրույքի հետագա բարձրացումը տեղին կլինի», ասված է կարգավորիչի հայտարարության մեջ: «Քանակական խստացման» քաղաքականությունը կշարունակվի շուկայից «ավելորդ» իրացվելիությունը դուրս բերելու եւ դրանով իսկ գնաճի դանդաղեցմանը նպաստելու համար։ Հունիսից FRS-ն իր հաշվեկշռից սկսել է վաճառել հիփոթեքային եւ գանձապետական պարտատոմսերը՝ համապատասխանաբար ամսական $17,5 միլիարդի եւ $30 միլիարդի: Երեք ամսից վաճառքը նախատեսվում է ավելացնել մինչեւ ամսական $35 միլիարդ եւ $60 միլիարդ։Կոմիտեի որոշումը միաձայն չի եղել. դեմ է քվեարկել Կանզաս Սիթիի Դաշնային պահուստային բանկի նախագահ Էսթեր Ջորջը, ով հանդես է եկել 50 բազիսային կետով բարձրացման օգտին։ Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսական ակտիվությունն աճել է՝ առաջին եռամսյակում անկումից հետո, ինչպես նաեւ ընդգծվում է ուժեղ կոնյունկտուրան աշխատաշուկայում։ Գնաճի ավելացումը բացատրվում է «համավարակի հետ կապված առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռությամբ», էներգակիրների բարձր գներով, ինչպես նաեւ Ուկրաինայում իրադարձությունների հետեւանքներով։FRS-ը նաեւ հրապարակել է նոր մակրոտնտեսական կանխատեսումը։ Մարտի կանխատեսման համեմատ՝ կարգավորիչը կտրուկ վատթարացրել է տնտեսական աճի ակնկալիքները (տարվա արդյունքներով՝ 1,7%՝ 2,8%-ի փոխարեն)։ Գնաճի մակարդակը (PCE) սպասվում է 5,2% սահմանում (մարտին ակնկալվում էր 4,3%): Ըստ կանխատեսման՝ տարվա արդյունքներով տոկոսադրույքը կարող է աճել մինչեւ 3,25-3,5%, այսինքն՝ կլինի 2008 թվականի մակարդակում։ Tweet Դիտում՝ 5071