2023 թվականին ԱՄՆ-ի տնտեսությունը կբախվի ռեցեսիայի՝ կարծում է Financial Times-ի եւ Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնեսի դպրոցի կողմից հունիսի սկզբին հարցված տնտեսագետների մոտ 70%-ը։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ 49 հարցվածների գրեթե 40%-ը կարծում է, որ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն (NBER), որը որոշում է, թե երբ է սկսվում եւ ավարտվում ռեցեսիան, կհայտարարի այդ մասին 2023 թվականի առաջին կամ երկրորդ եռամսյակում։ Հարցվածների 1/3-ը կարծում է, որ ռեցեսիայի մեկնարկի մասին հայտարարությունը կհետաձգվի մինչեւ հաջորդ տարվա երկրորդ կես։NBER-ը սահմանում է ռեցեսիան որպես «տնտեսական ակտիվության զգալի նվազում, որը տարածվում է ողջ տնտեսության վրա եւ տեւում է մի քանի ամսից ավելի»:Հետազոտությանը մասնակցած միայն մեկ տնտեսագետ է ռեցեսիա ակնկալում արդեն 2022 թվականին: Հարցվածների մեծամասնությունը, սակայն, կանխատեսում է, որ այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում աշխատատեղերի թիվը կաճի միջինում 200 000-ից մինչեւ 300 000: Դեկտեմբեր ամսվա միջին գնահատականով՝ գործազրկության մակարդակը կկայունանա 3,7%-ի սահմանում։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն (FRS) ակնկալում է, որ տոկոսադրույքների բարձրացման դեպքում գործատուները կկրճատեն թափուր աշխատատեղերի թիվը, այլ ոչ թե կազատեն մարդկանց աշխատանքից, ինչը կհանգեցնի աշխատավարձի աճի տեմպերի նվազման:Հարցված տնտեսագետները կարծում են, որ տնտեսական իրավիճակը կստիպի FRS-ին էլ ավելի խստացնել դրամավարկային քաղաքականությունը։ Ինչպես նշել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի տնտեսագետ Տարա Սինքլերը, անհնար է եկամուտները եւ ծախսերը կրճատել այնքան, որ գնաճը վերադառնա թիրախային 2%-ի:Հարցվածների 12%-ն ակնկալում է, որ 2023 թվականի ավարտին գնաճն ԱՄՆ-ում կգերազանցի 3%-ը, մինչդեռ տարվա սկզբին այդպես էր կարծում միայն 4%-ը: Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ աշխարհաքաղաքական լարվածությունը, էներգակիրների գների աճը եւ մատակարարումների երկարատեւ խափանումները տարվա ընթացքում ավելի մեծ ազդեցություն կունենան գնաճի վրա: Տարեվերջին հիմնական գնաճի միջին գնահատականը կազմում է 4,3%:Բացի այդ, տնտեսագետների գրեթե 40%-ը զգուշացրել է, որ FRS-ը չի կարողանա վերահսկել գնաճը, եթե մինչեւ տարեվերջ տոկոսադրույքը պարզապես բարձրացնի մինչեւ 2,8%: Մայիսին հիմնական տոկոսադրույքը սահմանվել էր 0,75-1% միջակայքում՝ ավելանալով 50 բազիսային կետով։ Դա 2000 թվականից ի վեր տոկոսադրույքի ամենալուրջ բարձրացումն էր. FRS-ը սովորաբար բարձրացնում է տոկոսադրույքները 25 բազիսային կետով: Այս շաբաթ կոմիտեն կանցկացնի նոր երկօրյա նիստ եւ սպասվում է, որ կրկին կբարձրացվի տոկոսադրույքը 50 բազիսային կետով, ինչը 1994 թվականից ի վեր կլինի տոկոսադրույքի նման չափի առաջին բարձրացումը՝ նշում է Financial Times-ը: Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Բաումեյսթերը կարծում է, որ հաջորդ տարի FRS-ը կարող է շարունակել բարձրացնել տոկոսադրույքները: Ըստ նրա՝ 2023 թվականին FRS-ը կբարձրացնի տոկոսադրույքը մինչեւ 4%: Tweet Դիտում՝ 5463