Բորելն առաջարկել է ՌԴ-ի սառեցված պահուստներն առգրավել հօգուտ Ուկրաինայի

09.05.2022 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ժոզեպ Բորել #ՌԴ պահուստներ #առգրավում
Եվրամիության (ԵՄ) երկրներին անհրաժեշտ է դիտարկել Ռուսաստանի սառեցված արտարժութային պահուստների առգրավման հարցը՝ օգնելու վճարել հակամարտությունից հետո Ուկրաինայի վերականգնման ծախսերը:

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա օրինակ է բերել ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի Կենտրոնական բանկից առգրավված «միլիարդավոր դոլարների» ակտիվները, որոնք, նրա խոսքով, հետագայում կօգտագործվեն ահաբեկչությունից տուժածներին փոխհատուցելու եւ երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Դիվանագետը նշել է, որ «տրամաբանական կլինի» դիտարկել նմանատիպ քայլեր նաեւ Ռուսաստանի սառեցված պահուստների հետ կապված։

«Ես կողմ կլինեի, քանի որ այս նախաձեռնությունը շատ տրամաբանական է։ Բացատրեք, խնդրեմ՝ ինչու պահուստների առգրավումը լավ է աֆղանական փողերի եւ վատ՝ ռուսաստանյան փողերի համար»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նրա կարծիքով, հարցը՝ ինչպես վճարել Ուկրաինայի վերականգնման համար, ԵՄ-ի համար առանցքային քաղաքական հարցերից մեկն է՝ հաշվի առնելով այն «անհավանական գումարը», որն անհրաժեշտ է։ Նա նաեւ հույս է հայտնել, որ «ռազմական փոխհատուցման» մասին քննարկումը կսկսի Ռուսաստանը։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմն ուսումնասիրում է ԱՄՆ-ում Ռուսաստանի Բանկի (ԿԲ) սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։

Իսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել օրենսդրական նախաձեռնությանը, որը ենթադրում է ԱՄՆ իշխանությունների կողմից Ռուսաստանի հետ կապված որոշ ակտիվների առգրավում՝ դրանք վաճառելու եւ Կիեւին լրացուցիչ օգնություն տրամադրելու նպատակով, այդ թվում՝ ռազմական։ Փաստաթղթում պարզաբանվում էր, որ այդ միջոցները պետք է կիրառվեն $2 միլիոն եւ ավել արժեք ունեցող ակտիվների, այդ թվում՝ ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատկանող ակտիվների նկատմամբ։



Անդրադառնալով Արեւմուտքի կողմից շուրջ $300 միլիարդ ծավալով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների սառեցմանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն «անամոթ կողոպուտ» էր որակել այս քայլը։

«Երբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մեր արեւմտյան «ընկերները» մեզանից գողացան ավելի քան $300 միլիարդ, փաստացի նրանք գողացան այն, ինչ իրենք իսկ վճարել էին գազի համար։ Այսինքն՝ այս տարիների ընթացքում մեր գազը նրանք անվճար էին օգտագործում»,- նշել էր Սերգեյ Լավրովը։
Դիտում՝ 6330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW