Վաշինգտոնի վարչակազմն ուսումնասիրում է ԱՄՆ-ում Ռուսաստանի Բանկի (ԿԲ) սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։«Երբ գործը վերաբերում է բռնագրավմանը, հարցն այն է՝ արդյոք մենք ունե՞նք համապատասխան [օրենսդրական] դրույթներ, քաղաքացիական եւ քրեական օրենսդրական իրավասություններ՝ բռնագրավումների հետ կապված: ԱՄՆ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է այս հարցը: Գիտեմ, որ կան մի շարք գաղափարներ, որոնք ես ծանրակշիռ եմ համարում եւ որոնք վերաբերում են Ուկրաինային աջակցելու համար այդ ակտիվներն օգտագործելու ուղիներ գտնելուն: ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատակիցները քննարկում են այս ամենը»,- Էնթոնի Բլինկենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:Կոնգրեսի Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ նա մեկնաբանել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների եւ ռուսաստանցի խոշոր գործարարների միջոցների փաստացի բռնագրավման հնարավորությունը։«Մենք շատ սերտորեն աշխատում ենք ԱՄՆ ֆինանսների եւ արդարադատության նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող ենք արդյունավետորեն սառեցնել եւ բռնագրավել ակտիվները: Եվ մեզ մոտ, ինչպես գիտեք, սահմանվել են արգելափակող պատժամիջոցներ մի շարք ֆիզիկական անձանց եւ ինստիտուտների նկատմամբ՝ փաստացի սառեցնելով նրանց սեփականությունն ԱՄՆ-ում»,- ասել է Բլինկենը:Այս թեմայով իրեն հարց տվող սենատոր Պատրիկ Լիհին (դեմոկրատ Վերմոնտ նահանգից), պնդել է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում (կատարում է ԿԲ գործառույթները) սառեցվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի գրեթե $100 միլիարդ։ Tweet Դիտում՝ 4797