Փաշինյանը կարեւորել է էներգետիկ ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունը

20.04.2022 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Միխայիլ Միշուստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը նշել է, որ «Ռուսաստանը համարվում է Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերը եւ մեր առեւտրաշրջանառությունն ու առեւտրատնտեսական կապերը շարունակական աճում են»:

«Էներգետիկայի ոլորտում ունենք համագործակցության հարուստ փորձ եւ ռազմավարական ծրագրեր, որպեսզի զարգացնենք այդ բնագավառը: Իհարկե, տրանսպորտի եւ այլ ոլորտներում մենք ունենք կոնկրետ ծրագրեր եւ երեկ Վլադիմիր Վլադիմիրիի հետ պայմանավորվեցինք, որ միջկառավարական հանձնաժողովը պետք է դառնա հիմնական հարթակը` տնտեսության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար:

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր նախարարությունները բավականին լավ համագործակցում են, միջկառավարական հանձնաժողովը նույնպես ակտիվ գործում է, վերջերս Երեւանում տեղի ունեցավ նիստ: Կարծում եմ, որ ընթացիկ իրավիճակում հայտնվում են ընդհանուր մարտահրավերներ, նաեւ հնարավորություններ, որոնք պետք է գրանցել, փորձել օգտագործել: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն` քննարկելու որոշ կոնկրետ թեմաներ եւ հնարավոր է հաջողվի հանգել կոնկրետ լուծումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:



Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, առեւտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գերատեսչությունների միջոցով սերտորեն աշխատել` դրանք կյանքի կոչելու եւ հայ-ռուսական տնտեսական կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:  

Դիտում՝ 1797

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW