Financial Times․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կխաթարեն դոլարի նկատմամբ վստահությունը

08.04.2022 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Financial Times #դոլար
Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների պատժամիջոցներն, այդ թվում՝ ՌԴ-ի արտարժութային պահուստների նկատմամբ, կարող են խաթարել վստահությունը դոլարի նկատմամբ եւ մեծապես փոխել միջազգային ֆինանսական լանդշաֆտը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բրիտանական Financial Times (FT) թերթը նախօրեին հայտնել է, որ Վաշինգտոնի գործողությունների արդյունքում, մեծ հավանականությամբ, աշխարհում կսկսի ձեւավորվել այլընտրանքային տնտեսական համակարգ։

Պարբերականը նշել է, որ, չնայած ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հռետորաբանությանը, իրականում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտվել են ոչ թե ողջ աշխարհի, այլ միայն «Արեւմուտքի գլխավորած կոալիցիայի» կողմից, ինչը կարող է «կարեւոր հետեւանքներ ունենալ միջազգային ֆինանսների ապագայի համար»։

Մասնավորապես, այս համատեքստում FT-ն ուշադրություն է հրավիրել Չինաստանի «երկարաժամկետ ծրագրերի» վրա՝ յուանը գլոբալ հաշվարկներում շատ ավելի նշանակալից արժույթ դարձնելու ուղղությամբ, որոնց իրականացումը կարող է արագանալ Ուկրաինայի իրադարձություններին արեւմտյան երկրների արձագանքի ֆոնին: Որպես այս ռազմավարության մաս, Չինաստանը կարող է արագացնել իր CIPS բանկային փոխանցումների համակարգի առաջմղումը, որն արդեն կիրառվում է ավելի քան 100 երկրներում եւ դիտվում է որպես SWIFT-ի այլընտրանք:

Որպես ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ազդեցության հարթեցման օրինակ՝ թերթը մատնանշել է առեւտուրը Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ, որի շրջանակում ուսումնասիրվում է ազգային արժույթներով հաշվարկների մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը։ FT-ն ընդգծել է, որ ընթացիկ իրավիճակը, երբ սկսում է նկատվել համաշխարհային տնտեսության ապադոլարիզացիա, կարող է դառնալ 1956 թվականի Սուեզի ճգնաժամի ֆինանսական նմանօրինակը։ Այդ ժամանակվա ճգնաժամը դարձավ համաշխարհային քաղաքականության վրա բրիտանական ազդեցության անկման խորհրդանիշը։



Հիշեցնենք, որ վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը նույն Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների կողմից կիրառված աննախադեպ պատժամիջոցները սպառնում են աստիճանաբար թուլացնել ԱՄՆ դոլարի գերակայությունը եւ հանգեցնել ավելի ֆրագմենտավորված միջազգային արժութային համակարգի։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները, ներառյալ՝ ՌԴ Կենտրոնական բանկի նկատմամբ սահմանափակումները, կարող են նպաստել փոքր արժութային բլոկների առաջացմանը, որոնց հարաբերությունները հիմնված կլինեն երկրների առանձին խմբերի միջեւ առեւտրի վրա։

«Դոլարը կմնա համաշխարհային հիմնական արժույթը նույնիսկ այս իրավիճակում, սակայն ավելի փոքր մակարդակում ֆրագմենտացիան, անշուշտ, միանգամայն հնարավոր է»,- ասել էր Գոպինաթը: Այդ գործընթացն արդեն ընթանում է, նշել էր նա, «որոշ երկրներ վերանայում են այն արժույթը, որով իրենց վճարում են առեւտրի համար»:



Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը համոզված է, որ համաշխարհային տերությունները ստիպված կլինեն պայմանավորվել նոր ֆինանսական կարգի շուրջ։

Նրա խոսքով՝ այս դեպքում որոշիչ խոսք կունենան այն երկրները, որոնք ունեն ուժեղ եւ զարգացած տնտեսություն, առողջ պետական ֆինանսներ, հուսալի դրամական համակարգ, «եւ ոչ նրանք, ովքեր անվերջ ավելացնում են իրենց պետական պարտքը՝ շրջանառության մեջ թողարկելով ազգային հարստությամբ չապահովված ամեն անգամ նոր թղթեր, ֆիկտիվ պարտավորություններ, որոնցով ծերացող իշխանությունները ցանկացած պահի կարող են հրաժարվել վճարումից»:

Այսպիսով, Մեդվեդեւի համոզմամբ, «գալիս է տարածաշրջանային արժույթների դարաշրջանը»։ «Աշխարհն արթնանում է, իսկ պահուստային արժույթների նկատմամբ վստահությունը մարում առավոտյան մշուշի պես: Դոլարից եւ եվրոյից որպես համաշխարհային հիմնական պահուստներից հրաժարվելն այդքան էլ ֆանտաստիկ հեռանկար չէ»,- նշել էր նա։
Դիտում՝ 5711
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW