Մեդվեդեւը համոզված է՝ «գալիս է տարածաշրջանային արժույթների դարաշրջանը»

30.03.2022 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Մեդվեդեւ #տարածաշրջան #արժույթ
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը համոզված է, որ համաշխարհային տերությունները ստիպված կլինեն պայմանավորվել նոր ֆինանսական կարգի շուրջ։ Այս կարծիքը նա հայտնել է այսօր իր Telegram ալիքում։

«Որքան էլ ոմանք չցանկանան, մեկ է՝ պետք է պայմանավորվեն ֆինանսական նոր աշխարհակարգի շուրջ»,- Մեդվեդեւի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նրա խոսքով՝ այս դեպքում որոշիչ խոսք կունենան այն երկրները, որոնք ունեն ուժեղ եւ զարգացած տնտեսություն, առողջ պետական ֆինանսներ, հուսալի դրամական համակարգ, «եւ ոչ նրանց, ովքեր անվերջ ավելացնում են իրենց պետական պարտքը՝ շրջանառության մեջ թողարկելով ազգային հարստությամբ չապահովված ամեն անգամ նոր թղթեր, ֆիկտիվ պարտավորություններ, որոնցով ծերացող իշխանությունները ցանկացած պահի կարող են հրաժարվել վճարումից»:

Այսպիսով, Մեդվեդեւի համոզմամբ, «գալիս է տարածաշրջանային արժույթների դարաշրջանը»։ «Աշխարհն արթնանում է, իսկ պահուստային արժույթների նկատմամբ վստահությունը մարում առավոտյան մշուշի պես: Դոլարից եւ եվրոյից որպես համաշխարհային հիմնական պահուստներից հրաժարվելն այդքան էլ ֆանտաստիկ հեռանկար չէ»,- գրել է նա։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը հարցադրում է արել. «Ի՞նչ պահուստների մասին է խոսքը, եթե դրանցով պարտավորությունները սառեցված եւ, փաստացի, դեֆոլտի են հասցված խենթ քաղաքական գործիչների կամքով, ովքեր պատրաստ են իրենց հարկատուների փողերը բերել անհասկանալի հաղթանակի զոհասեղանին «մինչեւ վերջին ուկրաինացի» պատերազմում: Ո՞ւմ են պետք դրանք այս դեպքում»։

«Դրանք նույնիսկ չեն ուզում վերցնել որպես վառելիքի մատակարարման պայմանագրերով վճարման միջոց»,- ընդգծել է Մեդվեդեւը։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում պատժամիջոցների եւ ապադոլարիզացիայի թեմային նվիրված համաժողովի ընթացքում ՌԴ փորձագետներն առաջարկել են բարեկամ երկրների հետ հաշվարկների համար վճարային նոր միավոր ստեղծել:



Մասնավորապես նշվել է, որ ոչ դոլարային հաշվարկային համակարգի ձեւավորմամբ կարող են շահագրգռված լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ, համոզված են փորձագետները։ Ըստ փորձագետների՝ երկրների ընդհանուր օգուտը կլինի պահուստային արժույթներից կախվածության նվազեցումը, որոնք կարող են օգտագործվել դրանք թողարկող երկրների կողմից որպես աշխարհաքաղաքական զենք:

Ռուսաստանի իշխանությունները չեն բացառում բարեկամ երկրների հետ վճարային միավոր ստեղծելու հնարավորությունը, սակայն դա ապագայի խնդիր է, համաժողովի ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, որը նախարարությունում վերահսկում է նաեւ ԵԱՏՄ երկրների հետ ինտեգրումը։

Նրա խոսքով՝ միասնական արժույթը սկզբից կարող է ստեղծվել Եվրասիական միության տարածքում․ վերազգային ֆինանսական կարգավորիչ ստեղծելու խնդիրը դրված է մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրման ռազմավարության մեջ։ Հաշվի առնելով նոր ֆինանսական իրականությունն՝ այս գործընթացն ավելի արագ կարող է ավարտվել, օրինակ՝ մինչեւ 2024 թվականը, հավելել է նա։
Դիտում՝ 3671
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW