Արեւմտյան պատժամիջոցները, որոնք կտրեցին Ռուսաստանը կապիտալի համաշխարհային շուկաներից եւ դժվարացրին ռուբլու փոխակերպումը արտաքին առեւտրի համար, ինչպես նաեւ Ռուսաստանի պատասխան մտադրությունը՝ Եվրոպա գազի արտահանման դիմաց վճարումները ստանալ ռուբլով, օրակարգ բերեցին բարեկամ երկրների հետ հաշվարկների համար վճարային նոր միավոր ստեղծելու հարցը: Նման կարծիք են հայտնել միանգամից մի քանի տնտեսագետներ՝ Մակրոտնտեսական վերլուծության եւ կարճաժամկետ կանխատեսումների կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) ու ՌԴ գիտությունների ակադեմիայի Ժողտնտեսական կանխատեսումների ինստիտուտի (այսուհետ՝ Ինստիտուտ) փորձագետները, հաղորդում է RBC-ն։Ոչ դոլարային հաշվարկային համակարգի ձեւավորմամբ կարող են շահագրգռված լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ, համոզված են փորձագետները։ Երկրների ընդհանուր օգուտը կլինի պահուստային արժույթներից կախվածության նվազեցումը, որոնք կարող են օգտագործվել դրանք թողարկող երկրների կողմից որպես աշխարհաքաղաքական զենք:Վճարային նոր միավորՓետրվարի վերջից կոշտ պատժամիջոցների ներդրումից հետո, Ռուսաստանի առջեւ ծառացած մարտահրավերներից մեկը արտաքին առեւտրային գործարքների մասով հաշվարկներ կատարելու դժվարությունն էր, գրում են Կենտրոնի փորձագետները «Տնտեսական քաղաքականության ոլորտում ոչ բարեկամ երկրների գործողություններին արձագանքելու ուղիների մասին» վերլուծական գրության մեջ։ Դա վերաբերում է եւ՛ ներմուծմանը, եւ՛ արտահանմանը, որոնց վճարումն անհնար է դարձել պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանյան բանկերի արտասահմանյան սառեցված հաշիվների միջոցով։Երկարաժամկետ ապագայում հնարավոր է հեռանալ միջազգային հաշվարկների դոլարային համակարգից՝ ստեղծելով վճարային նոր միավոր Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի, Հարավարեւելյան Ասիայի, Իրանի, Թուրքիայի եւ այլ շահագրգիռ երկրների միջեւ, առաջարկում են Կենտրոնի փորձագետները։ Նրանց կարծիքով՝ այս միավորի ներքին արժեքը պետք է ապահովվի մասնակից երկրների մոտ եղած ռեսուրսներով, այն է՝ ոսկով եւ թանկարժեք մետաղներով։ Այդ ռեսուրսները կարող են լինել ինչպես կանխիկ (մոնետար ոսկի՝ պահոցներում), այնպես էլ կարճ ժամկետում դրանք մատակարարելու անվերապահ պարտավորության տեսքով։Այդ միավորի փոխարժեքը կախված կլինի համաշխարհային շուկայում ռեսուրսների միջին կշռված գնից, իսկ արտաքին առեւտրային գործարքներ իրականացնելու պահին ազգային արժույթների փոխարկումը վճարային միավորի կիրականացնի համակարգի քլիրինգային կենտրոնը: «Հետագայում այդ միավորի համար ենթադրվում է ստեղծել երկրորդային շուկա՝ հնարավորություն տալով այլ երկրներին օգտագործել այն որպես պահուստային արժույթ»,- առաջարկում են գրության հեղինակները։Ռուսաստանի բանկի (ԿԲ) տվյալներով՝ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում ռուսաստանյան ընկերությունների արտահանման եկամուտների 55%-ը արտահայտված է եղել ԱՄՆ դոլարով, եւս 29%-ը՝ եվրոյով։ Արտահանման դիմաց դոլարով եւ եվրոյով վճարումներ ստանալը Ռուսաստանի համար դարձել է «ճամպրուկ առանց բռնակի», քանի որ դրանցով ներկրման համար վճարելը գրեթե անհնար է, ասել է Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Շիրովը նախօրեին պատժամիջոցների եւ ապադոլարիզացիայի թեմային նվիրված համաժողովի ընթացքում։ Ըստ նրա՝ ոչ բարեկամական երկրների համար ռուսաստանյան գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու մասին մարտի 23-ին նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած որոշումը կոչված է «բռնակը ճամպրուկին վերադարձնելուն»։ Պետք է մտածել համաշխարհային տնտեսության երկրորդ ուրվագիծը կազմող երկրների համար միասնական հաշվարկային միավոր ստեղծելու մասին, կարծում է տնտեսագետը։ Նրա խոսքով՝ նման պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի համար ակնհայտ է դառնում, որ քաղաքական եւ տնտեսական բնույթի ցանկացած հակամարտություն կարող է հանգեցնել դոլարով եւ եվրոյով պահուստների արժեքի նվազմանը։ «Էքյուի նման վճարային միավորի օգտագործումը կլուծեր խնդիրը»,- կարծում է նա (Էքյուն արժութային միավոր է, որն օգտագործվում էր Եվրոպական տնտեսական համայնքում 1979-1998 թվականներին):Հաշվարկների այլընտրանքային համակարգի հեռանկարներըՌուսաստանի իշխանությունները չեն բացառում բարեկամ երկրների հետ վճարային միավոր ստեղծելու հնարավորությունը, սակայն դա ապագայի խնդիր է, համաժողովի ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, որը նախարարությունում վերահսկում է նաեւ ԵԱՏՄ երկրների հետ ինտեգրումը։Նրա խոսքով, միասնական արժույթը սկզբից կարող է ստեղծվել Եվրասիական միության տարածքում․ վերազգային ֆինանսական կարգավորիչ ստեղծելու խնդիրը դրված է մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրման ռազմավարության մեջ։ Հաշվի առնելով նոր ֆինանսական իրականությունն՝ այս գործընթացն ավելի արագ կարող է ավարտվել, օրինակ՝ մինչեւ 2024 թվականը, հավելել է նա։ Վոլվաչի գնահատմամբ՝ արժութային միության ստեղծումը երկարաժամկետ հեռանկարում կբերի ընդհանուր ՀՆԱ-ի մոտ 1%-ը։Սակայն առաջին հերթին Ռուսաստանը պետք է առավելագույն օգուտ քաղի գործընկեր պետությունների հետ ազգային արժույթներով հաշվարկներից, կարծում են Տնտեսական զարգացման նախարարությունում. պատժամիջոցների պայմաններում ի հայտ եկած այս հնարավորությունները դեռ ամբողջությամբ չեն գնահատվել։ «Մենք պետք է առավելագույնի հասցնենք ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացման դրական ազդեցությունը, այնքանով, որքանով դա թույլ կտան մեր տնտեսությունները եւ մեր արտաքին ու ներքին առեւտրային հաշվեկշիռը: Սա աշխատանք է առնվազն առաջիկա երկու տարիների համար, այդ թվում՝ ֆինանսական հատվածում»,- ասել է Վոլվաչը։Եթե շարունակվի դեպի արժութային միության ստեղծման եւ երկրների միջեւ տնտեսական ինտեգրման խորացման շարժումն, ապա տարածաշրջանային հաշվարկային միավորի ձեւավորումը իմաստ կունենա, կարծում է АКРА-ի սուվերեն եւ տարածաշրջանային վարկանիշների խմբի տնօրեն Դմիտրի Կուլիկովը։ «Մնացած դեպքերում նոր արժույթը կտուժի վստահության պակասից. ֆիզիկական ակտիվներով ապահովված արժույթների ժամանակներն անցել են: Ներկայումս արժույթների ներքին արժեքը հաստատվում է այն համոզմունքով, որ ապագայում դրամական միավորը կօգտագործվի հարկերի, միջսահմանային կամ ներքին վճարումների եւ հաշվարկների համար»,- պարզաբանել է Կուլիկովը:Տեսականորեն, մոնետար ինտեգրումը երկար կյանքի հնարավորություն ունի, բայց այստեղ կարեւոր է երկարաժամկետ ռիսկի կանխատեսումը. պետք է հասկանալ՝ կառաջանան արդյոք հզոր կենտրոնախույս ուժեր, որոնք 10-20 տարի հետո անօգուտ կդարձնեն ինտեգրացիոն բոլոր ջանքերը, եզրափակել է նա: Tweet Դիտում՝ 5404