ՌԴ թիվ մեկ միլիարդատերը՝ կառավարության չմտածված կարգավորման մասին

06.04.2022 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Լիսին #NLMK
Ռուսաստանյան տնտեսությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից եւ պատժամիջոցների սահմանումից հետո հայտնվել է նոր իրականության մեջ, եւ ռուսաստանցի խոշոր գործարարներից քչերն են համարձակվում մեկնաբանել դրա վիճակը։

«Նովոլիպեցկի մետալուրգիական գործարանի» (NLMK) Տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը, ում դիրքորոշման հետ ծանոթացել է «Կոմերսանտ»-ը, իրավիճակը համարում է շատ բարդ եւ կոչ անում կառավարությանը չվատթարացնել այն չմտածված կարգավորմամբ։

Մասնավորապես, Լիսինի կարծիքով, Ռուսաստանում կարգավորող որոշ նախաձեռնություններ մտահոգիչ են. «Ակնհայտ է, որ այժմ շատ միջոցներ ընդունվում են սրընթաց, դրանց հետեւանքներն ամբողջությամբ վերլուծված չեն: Ինձ թվում է, որ արագությունը պետք է իր տեղը զիջի ճշգրտությանը, համարժեքությանը, որպեսզի հետեւանքները կործանարար չլինեն հայրենական արդյունաբերության համար, որտեղ աշխատում են միլիոնավոր մարդիկ»։

Նման նախաձեռնությունների թվում նա նշում է արտահանվող ապրանքների ցանկի ընդլայնումը, որոնք, ենթադրաբար, պետք է վաճառվեն ռուբլով։ Մարտի 31-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ոչ բարեկամական երկրներ խողովակաշարային գազի մատակարարման համար ռուբլով վճարելու անհրաժեշտության մասին։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ռուբլով վաճառել նաեւ այլ ապրանքներ, այդ թվում՝ մետաղները։

«Գաղափարը կայանում է նրանում, որ կարելի է սկսել ռուբլով վաճառել պարարտանյութեր, հացահատիկ, նավթ, մետաղներ, փայտանյութ եւ այլն: Չգիտեմ, միգուցե գազի հետ ինչ-որ բան ստացվի, իսկ մնացա՞ծը։ Մենք տասնամյակներ շարունակ պայքարում ենք արտահանման շուկաների համար, որտեղ մեզ ոչ ոք չի սպասում։ Ստեղծել ենք հարաբերություններ հազարավոր հաճախորդների հետ 70 երկրում: Դժվար է պատկերացնել՝ ինչը կարող է համոզել մեր գնորդներին անցնել ռուբլով հաշվարկների եւ կրել արժութային ռիսկեր։ Լոգիստիկ խնդիրներն արդեն իսկ բարդացրել են ապրանքների առաքումը սպառողին։ Ռուբլով վճարումներին անցումը մեզ պարզապես դուրս կշպրտի միջազգային շուկաներից»,- ընդգծել է Վլադիմիր Լիսինը։

Նրա կարծիքով՝ մեկ այլ վատ գաղափարը՝ ռուսաստանյան ընկերությունների դեպոզիտար ստացականների արտասահմանյան բորսաներից ապացուցակման մասին նախագիծն է. «Ինչպե՞ս դա կարող է օգնել կայունացնել տնտեսությունը: Տնտեսական զարգացման նախարարությունը կարծում է, որ դա կնվազեցնի բաժնետոմսերը ցածր գներով գնելիս վերահսկողությունը կորցնելու ռիսկը։ Դե, եթե հիմա ռուսաստանյան թողարկողներից որեւէ մեկին դա անհանգստացնում է, իրենք իրավունք ունեն ինքնուրույն որոշում ընդունել ապացուցակման մասին, ոչ ոք չի խանգարում։ Առաջարկվող օրինագիծը ոչ թե նվազեցնում, այլ  ավելացնում է ռիսկերը։ Խախտվում են այն բաժնետերերի իրավունքները, ովքեր հավատացել են Ռուսաստանին եւ երկար տարիներ ներդրումներ են կատարել ռուսաստանյան շուկայում, օրինակ նրանց, ովքեր չեն կարող ուղղակիորեն տնօրինել ռուսաստանյան բաժնետոմսերը: Նրանք քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն, եւ գոյություն ունի սեփականության իրավունքներից զրկվելու ռիսկը»։

Այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակում գլխավոր բաղադրատոմսը, նրա կարծիքով, մեծ ու փոքր բիզնեսին, մարդկանց նոր պայմաններին հարմարվելու հնարավորություն տալն է. «Պետք չէ փորձել ամեն ինչ մինչեւ վերջ վարչարարել, դա միայն վնասում է բիզնեսին։ Ներկայիս իրավիճակն ավելին է, քան հերթական տնտեսական ճգնաժամը, որոնց հետ մենք բախվել ենք նախկինում։ Այս իրավիճակը պահանջում է շատ ավելի լուրջ մոտեցում եւ որակյալ, հավասարակշռված որոշումներ»։

***

Նախօրեին Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել էր դոլարային միլիարդատերերի 36-րդ գլոբալ վարկանիշը, որի ռուսաստանյան մասը գլխավորել է NLMK-ի հիմնական բաժնետեր Վլադիմիր Լիսինը։

Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է $18,4 միլիարդ: Նշվում է, որ մեկ տարում Լիսինը կորցրել է $7,8 միլիարդ, սակայն վարկանիշի շատ այլ մասնակիցների եկամուտների անկումն ավելի մեծ է եղել։ Դա, այդ թվում, պայմանավորված է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո արեւմտյան երկրների պատժամիջոցներով։ Ոչ Վլադիմիր Լիսինը, ոչ էլ նրա ընկերությունն այդ պատժամիջոցների տակ չեն հայտնվել։
Դիտում՝ 4862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW