Էլեկտրոնային առեւտրի ոլորտում առաջատար ռուսաստանյան ընկերությունները՝ Wildberries-ը, Ozon-ը եւ «Յանդեքս»-ը (որին պատկանում է Yandex.Market-ը), դիմել են Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել երկրի առցանց առեւտրի ոլորտին աջակցելու համար:Առաջարկվող միջոցների թվում են ՏՏ ոլորտի համար հարկային արտոնությունների տարածումը շուկայի խաղացողների վրա եւ ԱՊՀ երկրներում անխափան աշխատանքի ապահովումը։Համապատասխան նամակն անցած շաբաթ ուղարկվել է ՌԴ կառավարություն, «Ինտերֆաքս»-ին հայտնել է փաստաթղթի բովանդակությանը ծանոթ աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել են Yandex.Market-ի մամուլի ծառայությունում։«Ֆինանսատնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում առցանց առեւտուրը բախվում է լուրջ մարտահրավերների՝ գործառնական ծախսերի կտրուկ աճ, լոգիստիկա, գնումներ եւ փոխառու միջոցներին հասանելիության նվազում: Ռուսաստանում էլեկտրոնային առեւտրի ընկերություններն աջակցում են փոքր եւ միջին բիզնեսին, որոնց համար մարկետփլեյսները ամենաարդյունավետ եւ հաճախ միակ վաճառքի կապուղին են»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունում։Էլեկտրոնային առեւտրի ընկերությունների վրա պետք է ամբողջությամբ տարածվեն գործող եւ կառավարության կողմից առաջարկվող աջակցության միջոցները, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի համար «հարկային մանեւրների» այլ արտոնությունները, կարծում է ռիթեյլերը:«Առանց լրացուցիչ ներդրումների ՏՏ կառուցվածքում մարկետփլեյսներին այսօր դժվար կլինի պահպանել զարգացման այն բարձր տեմպը, որը ոլորտը ապահովում էր վերջին տասը տարիների ընթացքում: Ավելին, էլեկտրոնային առեւտրի ռուսաստանյան ընկերությունների աշխատանքի ակտիվության կրճատումից կարող են տուժել փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնց համար մարկետփլեյսները վաճառքի ամենաարդյունավետ կապուղին են»,- նշել են Ozon-ի մամուլի ծառայությունում։Նամակի հեղինակներն առաջարկում են ԵԱՏՄ-ում միասնականացնել հարկման կանոնները կամ ՌԴ-ից արտահանման դեպքում մշակել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի հաստատելու մեխանիզմը։ Բացի այդ, առաջարկվում է ԱՊՀ մակարդակում զարգացնել Apple Pay-ի եւ Google Pay-ի ռուսաստանյան նմանօրինակները անհպում վճարումների համար։ Tweet Դիտում՝ 4305