«Գազպրոմբանկ»-ի նոր վճարային գործիքը հավակնում է փոխարինել Apple Pay-ը եւ Google Pay-ը

19.03.2022 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Գազպրոմբանկ» #GazpromPay
«Գազպրոմբանկ»-ը մշակել է GazpromPay վճարային համակարգը առցանց խանութներում ապրանքների դիմաց վճարելու համար։ Այն աշխատում է բոլոր ռուսաստանյան բանկերի քարտերով եւ հարմարեցված է բոլոր սարքերի համար, որոնք կարող են ապահովել հասանելիություն համացանցին, հաղորդում է CNews-ը։

Բանկի ներկայացուցիչների խոսքով՝ այս համակարգը թույլ է տալիս օգտատերերին «կապել» դրա հետ ինչպես արդեն գործող բանկային քարտերը, այնպես էլ թողարկել վիրտուալ քարտ ակնթարթային գնումների համար։ Համակարգից օգտվելու համար լրացուցիչ հավելվածներ տեղադրելու կարիք չի լինելու։

GazpromPay-ի լիարժեք գործարկումը նախատեսված է 2022 թվականի մարտի 22-ին: Ցանկացած բանկի քարտապաններ կկարողանան օգտվել նոր համակարգից, այսինքն՝ դրա համար պետք չէ լինել «Գազպրոմբանկ»-ի հաճախորդ: «Գազպրոմբանկ»-ը հայտ է ներկայացրել միանգամից երկու ապրանքային նշանների՝ GazpromPay եւ GPay գրանցման համար։

Առցանց խանութներում GazpromPay-ի միջոցով վճարելու համար անհրաժեշտ կլինի ընտրել այս համակարգը որպես վճարման տարբերակ, որից հետո օգտատերը պետք է անցնի գրանցման ընթացակարգը եւ օգտահաշվին կցի բանկային քարտը՝ ֆիզիկական կամ վիրտուալ: Այս ընթացակարգը կատարվում է մեկ անգամ․ հետագայում վճարելիս անհրաժեշտ կլինի միայն հաստատել գործարքը:

Բանկի ներկայացուցիչները GazpromPay-ն անվանում են «վճարային դրամապանակ»։ Նրանց խոսքով՝ ներկայումս դրան ամրագրված են «Գազպրոմբանկ»-ի գործընկերների ցանկից մի շարք առցանց խանութներ։

Դեռեւս տվյալներ չկան՝ արդյոք GazpromPay-ի մշակողները նախատեսում են ընդլայնել դրա օգտագործման շրջանակը վիրտուալ տարածքից դուրս եւ հասանելի դարձնել իրական կյանքում, որպեսզի օգտատերերը կարողանան վճարել դրանով սրճարաններում եւ սովորական խանութներում: «Առայժմ սա ծառայություն է, որով կարելի է վճարել առցանց խանութներից գնումներ կատարելու համար»,- CNews-ին ասել են «Գազպրոմբանկ»-ի ներկայացուցիչները։


Հատկանշական է, որ «Գազպրոմբանկ»-ը տեղեկացրեց սեփական վճարային համակարգի գործարկման մասին Ռուսաստանում նմանատիպ համակարգերի գործունեության ամբողջական կամ մասնակի դադարեցումից ընդամենը մի քանի օր անց։

Առաջին հերթին դա Apple-ն է, որը դադարեցրեց իր սարքերի վաճառքը եւ Ռուսաստանի տարածքում մի շարք սահմանափակումներ մտցրեց իր Apple Pay վճարային համակարգի աշխատանքում։ Ռուսաստանցիները դրանով օգտվում էին 2016 թվականի հոկտեմբերից։

Այս ամիս Samsung-ը նույնպես դադարեցրեց իր տեխնոլոգիաների մատակարարումները, բայց արդյունքում թողեց վճարային համակարգը՝ ի տարբերություն Google-ի եւ իր Google Pay-ի։ Այս համակարգը հասանելի չէ ռուսաստանցիներին, թեեւ մինչեւ պատժամիջոցներն այն բնականոն աշխատում էր դեռեւս 2017 թվականից սկսած։

Այսպիսով, GazpromPay-ը, տեսականորեն, կարող է փոխարինել iPhone-ի օգտատերերի համար Apple Pay-ը, մինչդեռ Android-ը նախընտրող ռուսաստանցիները կարող են անցնել դրան Google Pay-ից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19505
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW