Պեսկով. ԱՄՆ-ը փաստացի տնտեսական պատերազմ է վարում ՌԴ-ի դեմ
09.03.2022 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tass.ru

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ հնարավորություններ ունի Մոսկվան չպարտվելու այս պատերազմում, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհը ներգրավել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշման մեջ, Պեսկովն ասել է, որ պետք է «անել այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը չի հստակեցրել՝ որ ոլորտներում Ռուսաստանը կարող է պատասխան պատժամիջոցներ կիրառել։ «Ձեր հարցը կթողնեմ անպատասխան։ Ոչ, առայժմ չեմ կարող մանրամասնել»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ համաշխարհային էներգետիկ շուկաներում իրավիճակը զարգանում է տուրբուլենտ, եւ հայտնի չէ՝ տուրբուլենտությունն ինչ աստիճանի կհասնի։
Մեկնաբանելով «Հյուսիսային հոսք - 2»-ը «մետաղե կույտ» անվանած Նուլանդի խոսքերը՝ Պեսկովը ցուցիչ է համարել այն, որ «այս մասին խոսում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը»։ Նա նշել է, որ «Հյուսիսային հոսք - 2» գազատարը «մետաղ է, սակայն պատրաստ օգտագործման»։
Ռուսաստանյան էներգակիրներ գնելուց հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը Մոսկվան լրջորեն կքննարկի, սակայն ՌԴ-ն կանի այն, ինչ իրեն ձեռնտու է այս իրավիճակում, ասել է Պեսկովը։
«Իրոք, իրավիճակն արժանի է անչափ խորը վերլուծության. սրանք այն որոշումներն են, որոնք հայտարարվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից»,- ասել է Կրեմլի խոսնակը։
«Ի՞նչ է անելու Ռուսաստանը: Ռուսաստանը կանի այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ինչն իրեն ձեռնտու է այս իրավիճակում»,- ընդգծել է Պեսկովը։ «Մենք պաշտպանում ենք մեր շահերը, ամեն ինչ անելու ենք մեր շահերին խիստ համապատասխան»,- ասել է նա։
«Ռուսաստանը եղել է եւ կլինի համաշխարհային մակարդակի էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավոր, եւ նա գնահատում է այս համբավը։ Այնուամենայնիվ, Արեւմուտքի թշնամական հռետորաբանությունն իրավիճակը շատ է բարդացնում եւ Մոսկվային ստիպում է մտածել դրա մասին»,- ասել է Պեսկովը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը եղել է, կա եւ այսուհետ եւս մնում է ոչ միայն եվրոպական մայրցամաքի, այլեւ համաշխարհային մակարդակի էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավորը»,- ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է շարունակել նավթ եւ գազ մատակարարել այն պետություններին, որոնք աջակցում էին նրա դեմ պատժամիջոցներին:
Կրեմլի խոսնակն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նույնիսկ հիմա Մոսկվան էներգառեսուրսներ է մատակարարում այդ երկրներին։ «Եվ Ռուսաստանը փայփայում է էներգառեսուրսների հուսալի մատակարարի այս համբավը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: