Fitch․ Հակամարտությունը «հսկայական շոկ է ՌԴ վարկունակության սկզբունքների համար»

03.03.2022 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Ռուսաստան #վարկանիշ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Ռուսաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BBB»-ից մինչեւ «B»։

Ընդ որում, վարկանիշը վերանայման է դրվել դրա իջեցման հնարավորությամբ (RWN), ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ի պատասխան միջազգային խիստ պատժամիջոցները բարձրացրել են ռիսկերը Ռուսաստանի մակրոֆինանսական կայունության համար, հսկայական շոկ են ներկայացնում երկրի վարկունակության հիմնական սկզբունքների համար եւ կարող են խաթարել պետական պարտքը սպասարկելու նրա պատրաստակամությունը, ասված է գործակալության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Finmarket-ը։

Ընթացող իրադարձությունները կթուլացնեն Ռուսաստանի պետական ֆինանսները, լրջորեն կսահմանափակեն նրա ֆինանսական ճկունությունը, զգալիորեն կնվազեցնեն ՀՆԱ-ի աճի միտումը եւ կմեծացնեն ներքին եւ աշխարհաքաղաքական ռիսկերն ու անորոշությունը:

Վարկանիշի տեղադրումը RWN ցուցակում արտացոլում է միջազգային հարաբերությունների անկայունության բարձր աստիճանը, ներառյալ՝ պատժամիջոցների հետագա խստացման հնարավորությունը եւ Ռուսաստանի արձագանքի անորոշությունը, օրինակ՝ պարտքի սպասարկումից հրաժարվելը, ինչպես նաեւ երկրի ներսում տնտեսության նկատմամբ վստահության ավելի կտրուկ կորստի ռիսկը։

ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից հայտարարված պատժամիջոցները, որոնք արգելում են ցանկացած գործարք Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, շատ ավելի մեծ ազդեցություն կունենան Ռուսաստանի վարկունակության հիմնական ցուցանիշների վրա, քան ցանկացած նախկին պատժամիջոցներ, կարծում են վերլուծաբանները:

«Դրանց ամբողջական իրականացումը կարող է Ռուսաստանի միջազգային պահուստների զգալի մասը դարձնել ոչ պիտանի արժութային ինտերվենցիաների համար, իսկ ակտիվների զգալի մասը կարող է սառեցվել։ Ռուսաստանի արժութային պահուստների 32%-ը արտահայտված է եվրոյով, իսկ 16%-ը՝ ԱՄՆ դոլարով, եւ կեսից ավելին գտնվում է պատժամիջոցներին մասնակցող երկրներում (2021թ. հունիսի վերջի դրությամբ)»,- ասված է հաղորդագրությունում։

Գործակալության վերլուծաբանները չեն ակնկալում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության փոփոխություն այնքանով, որքան անհրաժեշտ է խստացող պատժամիջոցներն արագորեն չեղարկելու համար։ «Մենք կարծում ենք, որ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք արգելում են գործարքները ՌԴ ֆինանսների նախարարության հետ, չեն խոչընդոտի Ռուսաստանի սուվերեն պարտքի սպասարկմանը, սակայն դա անհասկանալի է, եւ նման կտրուկ միջոցի ռիսկը նկատելիորեն աճել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Fitch-ն ակնկալում է ռուսաստանյան բանկերի դեմ պատժամիջոցների հետագա խստացում։
Պատժամիջոցների խստացումը կնվազեցնի նաեւ մասնավոր հատվածի՝ արտաքին պարտքը վերաֆինանսավորելու կարողությունը։ Բացի այդ, ՌԴ բյուջեի վրա բացասաբար կանդրադառնա տնտեսական ակտիվության թուլացումը եւ, ավելի քիչ, ուկրաինական հակամարտության վրա կատարվող ուղղակի ֆինանսական ծախսերը։

Fitch-ը կարծում է, որ տնտեսական աճի տեմպերի թուլացումը, հատկապես երկարատեւ հակամարտության դեպքում, կարող է հանգեցնել ներքին քաղաքական անորոշության եւ անկայունության աճի: «Միջազգային հարաբերությունների կոլապսը եւ քաղաքական որոշումների կայացման ավելի մեծ անկանխատեսելիությունը, մեր կարծիքով, նաեւ մեծացնում են աշխարհաքաղաքական ռիսկերը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW