Bloomberg․ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն «լրջորեն դիտարկում» են ՌԴ-ն SWIFT-ից անջատելու հարցը

26.02.2022 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #ՌԴ #SWIFT
ԱՄՆ-ն եվրոպացի գործընկերների հետ «լրջորեն դիտարկում» է Ռուսաստանը SWIFT միջազգային միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները քննարկում են ԵՄ ղեկավարության վրա ճնշում գործադրելու հնարավորությունը՝ Ռուսաստանը վճարային համակարգից համատեղ անջատելու համար։ Համապատասխան ծրագրերը, ըստ նրանց, համաձայնեցվում են Դաշնային պահուստային համակարգի հետ, որն, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հանդես է գալիս որպես ԱՄՆ-ում SWIFT-ի վերահսկող մարմին: Գործակալությունն ընդգծում է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ։

ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները դեռեւս չեն վճռել ռուսաստանյան բանկային եւ ֆինանսական հաստատություններն անջատել SWIFT միջազգային վճարային համակարգից։ Փետրվարի 24-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանեց, որ որոշ երկրներ դեմ են դրան, քանի որ իրենք էլ կարող են տուժել ռուսաստանյան գործընկերների հետ ֆինանսատնտեսական հարաբերությունների խախտման արդյունքում։

Միաժամանակ, նախօրեին նա նշել էր, որ ԱՄՆ-ն չի հրաժարվել Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հարցի քննարկումից՝ այն «կշարունակվի»։



Նշենք, որ Ռուսաստանի SWIFT-ից անջատմանը կսատարի Իտալիան։ Այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել էր իր իտալացի գործընկեր Լուիջի Դի Մայոյի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա հայտարարել էր, որ Հռոմը վետո չի դնի Ռուսաստանը համակարգից անջատելու առաջարկի վրա։

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին կոչ էր արել «անհապաղ միջոցներ ձեռնարկել SWIFT-ի դեմ՝ առավելագույն ցավ պատճառելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նրա ռեժիմին»:



Բացի այդ, փետրվարի 24-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ էր արել անջատել Ռուսաստանը SWIFT համակարգից։ «Եկել է ժամանակը սահմանելու շատ ավելի կոշտ պատժամիջոցներ, քան ի սկզբանե նախատեսված էր։ Այս համատեքստում ես նկատի ունեմ, առաջին հերթին, պատժամիջոցները, այսպես կոչված, SWIFT-ի ոլորտում»,- ասել էր Զեմանը՝ Ռուսաստանը համեմատելով «խելագարի» հետ, եւ կոչ արել պաշտպանվել ոչ միայն խոսքով, այլեւ գործով։
Դիտում՝ 5226
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW